Կառավարությունը կգնի՞ ՀԷՑ-ը, թե՝ ոչ, կախված է գնից, պետական բյուջեի միջոցներից. Նիկոլ Փաշինյան

Վարչապետը, որ ամիսներ առաջ ՀԷՑ-ի պետականացմանն այլընտրանք չէր տեսնում, այսօր դժվարացավ հստակ ասել՝ եթե ընկերության լիցենզիան դադարեցվի, կառավարությունն ունի՞ ֆինանսական անհրաժեշտ միջոցներ, որպեսզի «Տաշիր» գրուպից գնի էլեկտրական ցանցերը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ամեն ինչ կախված է հենց գնից:

«Իսկ գինը պետք է որոշվի համակողմանի վերլուծության արդյունքում։ Եթե դա կլինի տրամաբանական գին, շատ լրջորեն կքննարկվի, եթե շատ մեծ լինի գինը և ակնհայտ կլինի, որ պետական բյուջեի միջոցներով մենք չենք կարող այդ ձեռքբերումն իրականացնել, կգնանք երկրորդ սցենարով», - այսօր հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Այս դեպքում, ըստ վարչապետի, ՀԷՑ-ը որևէ սցենարով անցնում է միջազգային մասնավոր ընկերության՝ պայմանով, որ կառավարությունն այնտեղ ունենա որևէ տեսակի ներկայացվածություն: ՀԷՑ-ի սեփականատերերին վճարողն էլ այդ ընկերությունը կլինի: Թե ի՞նչ ընկերության մասին է խոսքը, որևէ միջազգային ընկերություն առհասարակ հետաքրքրված է ՀԷՑ-ով, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանն այսօր չմանրամասնեց: Այս փուլում ասաց՝ պետք է սպասեն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմանը:

«Այդ որոշումն ինչ-որ մի բովանդակություն է ունենալու, որը կա՛մ հնարավոր է դարձնելու, կա՛մ անհնար է դարձնելու մեր մտածած սցենարները կամ մեր մտածած սցենարների վրա որոշակի ազդեցություն է ունենալու։ Նախ կսպասենք, կտեսնենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ինչ է որոշելու, դրանից հետո կկոնկրետացնենք», - ասաց Փաշինյանը։

Մինչդեռ, մոտ մեկուսկես ամիս առաջ վարչապետն առանց այդ որոշմանը սպասելու, պնդում էր՝ ՀԷՑ-ը չի մնա «Տաշիր» ընկերության սեփականությունը. «Երբեմն անհրաժեշտ են վիրահատական միջոցներ, այդ միջոցներից է, օրինակ, ՀԷՑ-ի ազգայնացումից սկսած և, ընդ որում, անկասելի գործընթաց։ Ես տեսնում եմ, որ դաշտում սին հույսեր փայփայողներ կան, բայց ուզում եմ ընդգծել, որ պրոցեսն անկասելի է և աներկբա՝ գնալու է մինչև վերջ երկու հնարավոր սցենարներից մեկով», - հայտարարել էր վարչապետ Փաշինյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռոմանոս Պետրոսյանը կմնա ՀԷՑ կառավարիչ, եթե ընկերության լիցենզիան դադարեցվի, հակառակ դեպքում՝ կհեռանա. ՀԾԿՀ նախագահ

ՀԷՑ-ում ուսումնասիրություններ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սկսեց այն նույն փուլում, երբ եկեղեցուն պաշտպանելու վերաբերյալ Սամվել Կարապետյանի հայտարարությունը իրավապահները որակեցին իշխանությունը զավթելու կոչ և կալանավորեցին նրան: Միլիարդատեր գործարարին պատկանող ընկերությունում էլ շաբաթների ընթացքում կառավարիչ նշանակվեց ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը: Ամիսներ տևած ուսումնասիրության արդյունքերը կամփոփվեն առաջիկա շաբաթներին: Մինչ այդ հանձնաժողովի նախագահը, որ նախկին ՔՊ-ական է, հնարավոր ելքերից հրաժարվում է խոսել, միայն ասել է, որ Ռոմանոս Պետրոսյանը կշարունակի պաշտոնավարել այն դեպքում, երբ ՀԷՑ-ի լիզենզիան դադարեցվի:

«Եթե ավարտվի զրկվելով, ապա ժամանակավոր կառավարիչի ինստիտուտը պետք է մնա և շարունակի կառավարել այնքան ժամանակ, քանի դեռ ՀԷՑ փակ բաժնետիրական ընկերության սեփականատերերի հետ բանակցությունները չեն ավարտվել։ Եթե կարճվի, բնականաբար, ժամանակավոր կառավարիչը կգնա իրենց տուն կամ իր աշխատանքին, այլ աշխատանքի և սեփականատերերը կշարունակեն տնտեսվարել», - ասել է ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գործադիրը հարկատուների հաշվին 3.2 միլիոն դոլար կծախսի՝ Կարապետյանների հայցից պաշտպանվելու համար

Լիցենզիայի դադարեցման դեպքում ՀԷՑ-ը մտադի՞ր է կառավարության հետ քննարկել ընկերությունը վաճառելու հարցը, եթե այո, ապա որքա՞ն են այն գնահատում, ընկերության պատասխանատուներից այս հարցերին պատասխան ստանալ դեռ չի հաջողվել: Բայց կալանավորված միլիարդատիրոջ ընտանիքը 500 միլիոն դոլար փոխհատուցման պահանջով դիմել է արբիտրաժային դատարան: Սա Հայաստանի պետբյուջեի ավելի քան 5 տոկոսն է: