Ավելի քան չորս ամիս լռություն պահպանելուց հետո Ամենայն Հայոց կաթողիկոսը հարբուխային ձայնով հասկացրեց՝ մտադիր չէ հեռանալ:
«Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողությունների՝ մեր Սուրբ Եկեղեցին անսասան է, հզոր՝ հավատավոր մեր ժողովրդով, և նույն նախանձախնդրությամբ շարունակելու է արդյունավորել տերունավանդ իր առաքելությունը՝ հետամուտ լինելով նաև մեր ազգի և հայրենիքի շահերի պաշտպանությանը», - հայտարարեց Գարեգին Երկրորդը:
Երեկ երեկոյան «Մեր ձևով» շարժման մասնակիցներն ուխտագնացություն էին կազմակերպել դեպի Մայր Աթոռ: Մայր Տաճարում միասնական աղոթքից հետո Վեհափառն օրհնեց ուխտավորներին։ Ասաց՝ «մեր սրտերը ծանրացած են, քաղաքական որոշումով, կեղծ ու շինծու մեղադրանքներով ազատազրկվում են նվիրյալ հայորդիներ, եկեղեցականներ»:
«Մեր սերը, մեր աղոթքները նրանց հետ են, և հավատում ենք, որ Աստծո օգնությամբ կարող կլինենք վերականգնել արդարությունը, որպեսզի ազատ արձակվեն ապօրինաբար բանտարկված մեր զավակները, մեր եղբայրներն ու քույրերը», - ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողություններին՝ մեր Սուրբ եկեղեցին անսասան է. Գարեգին ԲՎարչապետը Վատիկան էր ուղևորվել
Կիրակի օրը, երբ ուխտավորները Մայր Աթոռ էին հասել՝ Վեհափառին ու եկեղեցուն աջակցություն հայտնելու, Հայաստանի վարչապետը դարձյալ հոգևոր օրակարգով, բայց Վատիկան էր ուղևորվել: Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի Պապի հանդիսապետությամբ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս վեց հոգու սրբադասման արարողությունն էր: Օսմանյան կայսրությունում ծնված հայր Իգնատիոսից թուրք զինվորները պահանջում են, որ իսլամ ընդունի, նա մերժում է ու գնդակահարվում՝ 1915-ին: Արքեպիսկոպոս Մալոյանին Վատիկանը դեռ 25 տարի առաջ էր երանելիների շարքը դասել:
Սրբադասման արարողությանը Ամենայն Հայոց կաթողիկոսն էլ հրավիրված էր, սակայն Վատիկանում նրա ներկայացուցիչը՝ Խաժակ արքեպիսկոպոսն է մասնակցել արարողությանը և դրան հետևած ճաշին, կադրերում տեսնում ենք նրա շփումը Հայաստանի վարչապետի հետ:
«Բնականաբար, երբ որ ներկա ես ու երբ որ կողջունեն, պիտի պատասխանես այդ ողջույնը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:
Արդյո՞ք արքեպիսկոպոսը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է եկեղեցի-պետություն գերլարված հարաբերությունների հարցը, իշխանական թիմի կտրուկ ու կոշտ պահանջները՝ ուղղված Գարեգին Երկրորդին, թե՝ «ազատիր Վեհարանը»:
«Ու անշուշտ, ասացի, թե ի՞նչ է, ի՞նչ պետք է լինի, բայց այսօր չեմ կրնար պաշտոնապես, որովհետև ոչ պաշտոնական բան էր այդ՝ անձնապես անձնական իմ բանը իրեն փոխանցեցի», - նշեց Խաժակ սրբազանը:
Խոսել է, բայց հանրայնացնել չի կարող: Խաժակ աքեպիսկոպոս Պարսամյանը դեռ տեսնում է երկխոսության, հաշտության հնարավորություն. - «Գիտեմ, որ շատ պրկված վիճակ է, բայց պետք չէ, ինչպես կըսեն, ձեռքերը լվալ, պետք է ամեն ձևով փորձել հարցերը լուծելու»:
Նրա ուշադրությունն է գրավել այն հանգամանքը, որ Հռոմի Պապը ողջույնի խոսքում արարողությանը մասնակցող երկրների ղեկավարներին հիշատակեց, իսկ Հայաստանի վարչապետին՝ ոչ, միայն նշեց՝ Հայաստանի ու Վենեսուելայի պատվիրակություններ. - «Իտալիո նախագահին, Լիբանանի նախագահին բարի գալուստ մաղթեց, բայց վարչապետին մասին բան մը չըսավ»:
Արքեպիսկոպոսը չի շտապի եզրակացնել, թե Պապը այսպիսով իր վերաբերմունքն է արտահայտում Կաթողիկոսին գահից իջեցնելու գործն սկսած Նիկոլ Փաշինյանի հանդեպ. - «Դժվար է ըսել, բայց երբ որ մյուսներուն անունը կուտա, վարչապետի անունը չի տար ... Վատիկանը այնքան նուրբ քաղաքականություն ունի, որ ... »:
Նուրբ քաղաքականության շրջանակներում Հռոմի Լևոն 14-րդ Պապը հանդիպել է Հայաստանի վարչապետի հետ: Ըստ Կառավարության լրատվականի՝ հայ - ադրբեջանական խաղաղության, նաև հումանիտար հարցեր են քննարկվել : Շուրջ մեկ ամիս առաջ Պապի հյուրն էր Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ Արցախի հուշարձանների մասին պատմող ալբոմով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Փաշինյանն ու Հռոմի Պապը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատումըՎատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում տեղի ունեցավ Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությունըԱմենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Հռոմի Պապի հետ«Եկեղեցին նմանատիպ բաներից չի վախենում»
Հայաստանում ուրբաթ օրվանից եռում է հարցը՝ երեք սրբազանների կալանքից ու տասնյակ քահանաների բերման ենթարկելուց հետո, հերթը Կաթողիկոսի՞նն է: Վեհափառն առայժմ քրեական որևէ գործում ներգրավված չէ:
Արագածոտնի թեմի առաջնորդի ու դիվանապետի կալանավորումից հետո իշխանական լրատվամիջոցում մի ձայնագրության տեղադրվեց, որում հնչում է Վեհափառի անունը, նախկին հոգևորականը ձայնագրությունում պնդում է՝ Գարեգին Երկրորդն իրեն պարտադրել է մասնակցել ընդդիմության ցույցերին: Քննչական կոմիտեից «Ազատություն»-ը տեղեկացավ՝ վարույթ նախաձեռնվել է դեպքի առթիվ, հետապնդվողներ դեռ չկան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Թիրախում կաթողիկոսն է. փաստաբանՀոգևորականներին գաղտնալսե՞լ են. նոր զարգացումներ Մայր Աթոռի շուրջ, նոր քրեական վարույթ«Ինչո՞ւ էին առավոտ շուտ ժամը 7-ին ներխուժում մեր բնակարան, էսի նորմալ չի: Հերիք չի ներխուժել են, հլը շանն էլ քաշքշում էին՝ շունը դե իրա տարածքը պաշտպանում ա, այսինքն՝ դուրս էինք եկել, որ մեր շանն իրենցից փրկեինք, էլի», - Արագածոտնի թեմից Տեր Վրթանես քահանա Բադալյանը մինչև այժմ տարակուսած, զայրացած է. վաղ առավոտյան ներխուժել, խուզարկել, բերման ենթարկել, ինչո՞ւ, եթե կարող էին թեմ ծանուցում ուղարկել, ու իրենք բոլորով կգնային Քննչական կոմիտե: Նրա ընտանիքն այդ քննչական գործողությունից հետո ուղղակի պարալիզացված է. - «Ոչ միայն իմ հեռախոսն են առգրավել, այլ նաև կնոջս և չորս երեխաներիս հեռախոսներն են առգրավել և տանը եղած համակարգիչների հիշողություններն են բռնագրավել, և, ասենք, ընտանիքս հայտնվել է շատ անհարմար վիճակում՝ երեխաներս ուսանող են, կինս դպրոցում դասավանդում է»:
Խուզարկության ողջ ընթացքում, ասում է, գիշերազգեստով է եղել: Ենթադրում է՝ իրավապահները զենք են փնտրել 44-օրյային մասնակցած քահանայի տանը:
«Քննիչներից մեկը բա՝ «օրինական է՞լ զենք չունես», դրանից հասկացա, որ զենք են փնտրում», - նշեց Վրթանես քահանան:
Տեր Վրթանեսը զրպարտություն է որակում Հովհաննավանքի քահանա Տեր Արամի պնդումը, թե թեմի առաջնորդից հրահանգ են ստացել մասնակցել ընդդիմության ցույցերին, քրեական գործ հենց այդ պնդման հիման վրա էր հարուցվել: Քահանան այժմ վկայի կարգավիճակ ունի այդ գործով: Ասաց՝ եթե իրավապահները Վեհափառին էլ հասնեն՝ պատրաստ են. - «Մենք Աստծո օգնությամբ ցանկացած գործընթաց հաղթահարելու պատրաստ ենք: Աստված է Վեհափառի, եկեղեցական դասի և մեր բարեպաշտ ժողովրդի օգնականը: Եկեղեցին նմանատիպ բաներից չի վախենում»: