Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի «Կիլիկիա» Մատենադարանի մատենադարանապետ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանն այսօր Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի անունից մտահոգություն է հայտնել ներկայիս կացության առնչությամբ և շեշտել պետություն֊եկեղեցի գործակցության կարևորությունը: Միաժամանակ, Կիլիկիո կաթողիկոսության հաղորդագրության համաձայն, արքեպիսկոպոսն արծարծել է «հոգևորականների ձերբակալության հարցը և այդ գծով անհրաժեշտ լուծումներ որոնելու հրամայականը»։
Հանդիպման վերաբերյալ Հայաստանի կառավարության լրատվականի հաղորդագրությունում ձերբակալությունների հարցի արծարծումը հիշատակված չէ:
Պաշտոնական հաղորագրության համաձայն՝ Շահան արքեպիսկոպոսը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի անունից Փաշինյանին է նվիրել Արամ Առաջինի գահակալության 30-ամյակի առիթով հրատարակված հատորը։ Արքեպիսկոպոսը վարչապետին է փոխանցել նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը, ասված է հաղորդագրությունում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել հատորը նվիրելու համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է ընդունել այն, խնդրել է նաև իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Արամ Առաջին կաթողիկոսին։
Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը նշել է, որ արդյունավետ համագործակցում են նաև Երևանի Մատենադարանի տնօրինության հետ, և ողջունել է ՀՀ կառավարության կողմից Սարգիս Շնորհալու «Մեկնութիւն յոթ Կաթողիկէ թղթոց» աստվածաբանական և ձեռագրագիտական բացառիկ արժեք ունեցող աշխատությունը Մատենադարանին ընծայաբերելու փաստը։ Արքեպիսկոպոսի խոսքով՝ Կառավարության նման քայլը բարձր է գնահատել նաև Արամ Առաջին Վեհափառը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գործունեության, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, Լիբանանում և Սիրիայում հայ համայնքների հետ կապված իրավիճակի շուրջ։
Կիլիկիո կաթողիկոսությունից հայտնում են, որ Շահան սրբազանը Արամ Առաջինի գահակալության 30-ամյակի առիթով հրատարակված հատորը հանձնել է նաև Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, քարտուղարությունների միջոցով փոխանցել է արտգործնախարարին և Ազգային ժողովի նախագահին, առաջիկա օրերին փոխանցելու է Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսին, նախագահ Վահագն Խաչատուրյանին, նախկին նախագահներ Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին: