ՄԱԿ-ի ԱԽ-ը կողմ քվեարկեց Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու առաջարկին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կողմ քվեարկեց Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու առաջարկին։

Տասը տարի առաջ Թեհրանի միջուկային գործարքի կնքումից հետո չեղարկված պատժամիջոցները վերականգնելու նախաձեռնությունը հեղինակել է եվրոպական եռյակը՝ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան, որոնք Իրանին մեղադրում են միջուկային համաձայնագիրը խախտելու մեջ, պնդում, որ Թեհրանը շարունակում է ձգտել միջուկային զենքի ձեռքբերման։

Նախաձեռնությանը դեմ են քվեարկել միայն Չինաստանը, Պակիստանը և Ռուսաստանը։

Այսպիսով Իրանի դեմ պատժամիջոցները կսկսեն գործել արդեն մեկ շաբաթից, եթե Իրանը և եվրոպական առաջնորդները մինչև սեպտեմբերի 26-ը համաձայնության չգան։

«Պատժամիջոցների վերականգնումը չի նշանակում, որ դրանք չեն կարող հետագայում չեղարկվել դիվանագիտական միջոցներով: Ավելին, նախագահ Թրամփը շարունակում է ընդգծել Միացյալ Նահանգների պատրաստակամությունը Իրանի հետ կառուցողական, ուղիղ և ժամանակային առումով սահմանափակված երկխոսության՝ ինչպես սեպտեմբերի 27-ին պատժամիջոցների վերականգնման գործընթացի ավարտից առաջ, այնպես էլ դրանից հետո», -հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Դորոթի Շիան։

Պաշտոնական Թեհրանը երեկ տարածած հայտարարությունում քննադատել է եվրոպական եռյակին և Վաշինգտոնին՝ վերջիններիս մեղադրելով 2015 թվականի միջուկային համաձայնագրով նախատեսված վեճերի կարգավորման մեխանիզմը չարաշահելու համար։

«Իրանի Իսլամական Հանրապետությունը այս գործողությունը դիտարկում է որպես միջազգային իրավունքի աղաղակող խախտում և լուրջ հարված ընթացիկ դիվանագիտական ջանքերին», - հայտարարել է Իրանի դիվանագիտական գերատեսչությունը և հավելել, - «այս գործողության հետևանքների ամբողջական պատասխանատվությունը կրում են Միացյալ Նահանգները և երեք եվրոպական երկրները»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանը և եվրոպական երկրները բանակցել են Ժնևում