Մինչ ՀՀ-ԱՄՆ հուշագիրը չի հրապարակվում, ճանապարհի շուրջ հարցերը մնում են

Մինչ Հայաստանի իշխանությունը «Թրամփի ուղու» հաղթանակն է տոնում, ընդդիմությունը՝ այդ տոնը փչացնում «կապիտուլյացիա» բառով, արդեն 19 օր է՝ վաշինգտոնյան երկկողմ՝ Փաշինյան-Թրամփ հուշագիրը չի հրապարակվում։

«Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարողությունների զարգացման ոլորտում գործընկերության մասին հուշագրի տեքստը գուցե լույս սփռեր վաշինգտոնյան պայմանավորվածություններից հետո ծագած հարցերի վրա, բայց տեքստը չկա։ Ինչու, երբ կհրապարակվի՝ «Ազատություն»-ը այս ու մի քանի այլ հարցերով դիմել էր գործադիրին։ Այստեղից մեկ ամիս են խնդրել հարցերին պատասխանելու համար։

Երեկ Կապանում դեսպանների հավաքի ժամանակ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը ներկայացրել է Միացյալ Նահանգների հետ ստորագրված հուշագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Գերատեսչության հաղորդագրությունում սա միակ նախադասությունն է այդ փաստաթղթի մասին։

Դե ֆակտո ինքնիշխանության զիջում է. մեկնաբան


Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ գուցե այդ փաստաթղթում այնպիսի դետալներ կան, որ իշխանականների ստեղծած քարոզչական ֆոնը կարող են փչացնել, կամ էլ հնարավոր է, որ դա պարզապես բարի ցանկությունների թուղթ է։ Ավելի հավանական է համարում առաջին տարբերակը։

«Այնտեղ կարող է բացված լինել, թե ինչ է նշանակում, օրինակ, Ադրբեջանի համար անխոչընդոտ ճանապարհը, որը մենք կարդում ենք հռչակագրում, իսկ օրինակ՝ Հայաստանի վերաբերյալ մենք հռչակագրում այդպիսի ձևակերպում չենք կարդում, թեև նշում են, որ ամեն ինչ փոխադարձ է, բայց հարց է առաջանում՝ եթե փոխադարձ է, ինչո՞ւ հռչակագրում նույն փոխադարձությամբ ձևակերպումների կրկնություն չկա», - «Ազատության» հետ զրույցում նկատեց նա:

Բադալյանն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության վերաբերյալ հիշատակումները տեղին չի համարում. «Հենց այն, որ այս ամբողջ պատմության, ամբողջ հայ-ադրբեջանական գործընթացի մեջ Հայաստանի ճանապարհների հանդեպ, ՀՀ տարածքով անցնող շատ կոնկրետ հատվածի հանդեպ ծավալվել է առանձնահատուկ քննարկում, լուծման գործընթաց, և գտնվել առանձնահատուկ լուծում, սա արդեն իսկ դե ֆակտո, ոչ դե յուրե, բայց դե ֆակտո ինքնիշխանության զիջում է, որովհետև շատ պարզ հարց է առաջանում՝ ինչո՞ւ նույն քննարկումները և ռեժիմը չկան Ադրբեջանի առնչությամբ, Ադրբեջանի ճանապարհի, բայց կա Հայաստանի ճանապարհների առնչությամբ»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ճանապարհի շուրջ հակասող կարծիքներ․ Բաքուն խոսում է միջանցքից, ՀՀ իշխանությունը՝ փոխադարձությունից, ընդդիմությունը՝ զիջումից

Փաշինյան-Թրամփ-Ալիև եռակողմ հռչակագրով Հայաստանը Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ աշխատելու է «Թրամփի ուղու»՝ TRIPP-ի իրականացման շրջանակը սահմանելու համար։ Ինչո՞ւ, հարցնում է քաղաքական մեկնաբանը։

«Միացյալ Նահանգների ո՞ր օրենքի, ՀՀ ո՞ր օրենքի հիման վրա է համաձայնեցնելու երրորդ կողմի ներգրավումը»,- ասաց նա:

Նույն փոխըմբռնմամբ էլ Հայաստանի ճանապարհը պիտի Ադրբեջանի մեջ բացվի. քարտեզագետ


Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը «Խաղաղության խաչմերուկի» վերաբերյալ Թրամփ–Փաշինյան հուշագրում ռիսկեր չի պատկերացնում. «Նա պիտի մեզ տա այդ ճանապարհի իրավունքը, եթե չտա, մենք էլ որ տվել ենք, հետ կփակենք, ճանապարհը կարգելափակենք»:

Նա 6 տարբեր գույներով գունավորել է տարածաշրջանային ապաշրջափակման պատկերը՝ ըստ վարչապետ Փաշինյանի ավելի վաղ ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի։ Ասում է՝ այլ նոր բան լինել չի կարող, որովհետև սրանք են երկաթուղային գծերը։

«Մեղրիի ճանապարհը բացվի, և դրա նման էլ նույն փոխըմբռնմամբ էլ Հայաստանի ճանապարհը պիտի Ադրբեջանի մեջ բացվի», - նշեց նա:

Վաշինգտոնյան պայմանավորվածությունները ողջունող Գալչյանը, այնուամենայնիվ, մի վերապահում ունի․ եթե Ադրբեջանից Ադրբեջան անցումը՝ այսինքն Մեղրիով Նախիջևան նշվել է, ապա Հայաստանից Հայաստան Նախիջևանի տարածքով ինչո՞ւ չկա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղու գործարկման ծախսերի հաշվարկը դեռ շարունակվում է

Քարտեզագետը հայ-ադրբեջանական երկաթգծի ու նաև ավտոմոբիլային երթուղիների 90-ականների քարտեզն է ցույց տալիս՝ Սյունիքով նաև երկու ավտոճանապարհներ են Ադրբեջանն ու Նախիջևանը միացնում։ Պարզ չէ՝ վաշինգտոնյան քննարկումներում սրանց անդրադարձ եղել է, թե ոչ։

Ապաշրջափակումը հնարավոր է համարում 1.5–2 տարում, եթե Բաքուն պահպանի պայմանավորվածությունը։ Դրանցից առաջնայինը, ըստ Գալչյանի, Հայաստանի ինքնիշխան տարածքներից հեռանալն է։

Հայաստանի վարչապետն օրեր առաջ հայտարարել էր․ «Մենք էլ ունենք մեր հսկողության տակ ադրբեջանական տարածքներ»:

«Այո, ընդամենը 3 քառակուսի կիլոմետր՝ Ադրբեջանի գրաված 240-ի դիմաց»,– ասում է քարտեզագետը։

Տավուշի մարզում հենց այս տարածքներում էլ կանգ էր առել հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը։ Այս տարեսկզբին կողմերը համաձայնեցին սահմանազատումը շարունակել Տավուշից։ Սյունիքով ճանապարհի շուրջ նոր պայմանավորվածությունը արդյոք կփոխի սահմանազատման հասցեն՝ «Ազատության» այս մի հարցն էլ կառավարությունը առայժմ անպատասխան է թողել։ Քարտեզագետ Գալչյանը վստահ է՝ առանց «Թրամփի ուղու» տարածքը սահմանազատելու գործը առաջ չի գնա։