Մինսկի խմբի վերջնական լուծարումը նախատեսվում է 2025-ի դեկտեմբերին. Լուկաշևիչ

Ռուսաստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի համատեղ որոշմանը՝ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը զբաղվում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ: Այս մասին RBC-ին հայտնել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ նշելով, որ խմբի վերջնական լուծարումը նախատեսվում է 2025 թվականի դեկտեմբերին։

Ըստ Լուկաշևիչի՝ խոսքը վերաբերում է երեք ինստիտուտի՝ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնի և բարձր մակարդակի պլանավորման խմբի աշխատանքի դադարեցմանը:

«Հաշվի առնելով կողմերի դիրքորոշումը, որ դրանց պահպանումը նպատակահարմար չէ, մենք որևէ պատճառ չենք տեսնում՝ կանխելու դրանց լուծարումը»,- ասել է դիվանագետը:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որոշումը կհաստատվի սեպտեմբերի 1-ին: Նրա խոսքով՝ այս մեխանիզմը փաստացի վաղուց դուրս է մնացել խաղաղ գործընթացից:

Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու համար առաջադրված պայմաններից մեկն էր:

Մինսկի խմբին ուղղված դիմումը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն ստորագրել են օգոստոսի 8-ին Վաշինգտոնում և ուղարկել կազմակերպությանը օգոստոսի 11-ին։

Լուկաշևիչի խոսքով՝ Մինսկի խմբի լուծարման ընթացակարգը հետևյալն է՝ ԵԱՀԿ-ի Մշտական խորհուրդը (քաղաքական խորհրդակցությունների գլխավոր համակարգող մարմին) «խորհուրդ է տվել անդամ երկրներին հաստատել նախարարական որոշումը»։ Եթե մինչև սեպտեմբերի 1-ը ոչ ոք չի հակափաստարկ չի ներկայացնի, որոշումը կհամարվի ընդունված։ Որոշման կատարմանը վերաբերող վարչարարական և ֆինանսական միջոցառումների իրականացումը կտևի մի քանի ամիս:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինսկի խումբը փակելու վերաբերյալ ԵԱՀԿ-ի որոշումն ակնկալվում է սեպտեմբերի 1-ին. Բայրամով