Համացանցում տարածված ձայնագրության վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնված «քրեական վարույթի նախաքննության ընթացքում անձը հարցաքննվել է», «Ազատությանը» տեղեկացրել են Քննչական կոմիտեից:
Հարցաքննվողը, «Ազատության» տեղեկությամբ, Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանն է:
Հոկտեմբերի 18-ին իշխանական լրատվամիջոցում հրապարակված ձայնագրության մեջ ենթադրաբար կաթողիկոսի նախկին գավազանակիր Աղան աբեղա Երնջակյանը դժգոհում է Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանին, թե Գարեգին Երկրորդն իրեն ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի: Այս հրապարակումներից ժամեր անց վարույթ էր հարուցվել իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ ազդեցությունն օգտագործելով՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու հոդվածով:
Ձայնագրության իսկությունը հնարավոր չէ ստուգել, պարզ չէ, թե ինչպես է այն հայտնվել իշխանական լրատվամիջոցների ձեռքում: Մայր Աթոռը հանցագործություն է որակել հեռախոսային խոսակցությունների գաղտնիության խախտումը և ընդգծել՝ իշխանությունների կողմից եկեղեցու դեմ սանձազերծված գործողությունների շրջանակում իրավապահ և դատական համակարգը լծված է հակաեկեղեցական, ապօրինի հրահանգների իրագործմանը։