Նեպալում կոռուպցիայի դեմ բողոքի ցույցերի ժամանակ զոհվածների թիվը հասել է 72-ի

Բողոքի ցույցեր Նեպալում, սեպտեմբերի 9, 2025թ.

Նեպալում անցյալ շաբաթ կոռուպցիայի դեմ բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 72-ի, կիրակի օրը հայտարարել է երկրի առողջապահության նախարարությունը:

Գերատեսչությունը հայտնում է, որ որոնողական խմբերը շարունակում են մարմիններ գտնել առևտրի կենտրոններից և անկարգությունների հետևանքով վնասված այլ շենքերից. «Այժմ հայտնաբերվում են բազմաթիվ մարդկանց մարմիններ, որոնք մահացել են հրկիզված կամ հարձակման ենթարկված առևտրի կենտրոններում, տներում և այլ շենքերում», - ասել է առողջապահության նախարարության խոսնակ Պրակաշ Բուդատհոկին։

Երկրում բողոքի ցույցերի պատճառ դարձավ կառավարության որոշումը, որով արգելվում էր սոցիալական ցանցերի մեծ մասի օգտագործումը: Արյունալի բախումներից հետո արգելքը հանվեց, սակայն ցույցերը շարունակվեցին կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսներով: Բողոքի ցույցի մասնակիցները ներխուժեցին կառավարական շենքեր, այրեցին դրանք, մի քանի նախարարներ ծեծի ենթարկվեցին, վարչապետ Շարմա Օլին հրաժարական տվեց:
Երկրի ժամանակավոր վարչապետ նշանակվեց նախկին գլխավոր դատավոր Սուշիլա Կարկին: