Վարչական վերաքննիչ դատարանը կարճել է Վանաձոր համայնքին վերաբերող գրեթե 4 տարի ձգված դատական գործը։ Որոշումը դեռ հրապարակված չէ, բայց դատարանից «Ազատությանը» հայտնեցին, որ այն բողոքարկման ենթակա չէ։ Սա նշանակում է, որ Վանաձորի քաղաքական իրավիճակն առաջիկայում հնարավոր է փոխվի:
Անցած 4 տարիներին այս երկար ու ձիգ դատավարության պատճառով ավագանին իրավունք չուներ համայնքի ղեկավար ընտրել։ Երկրի մեծությամբ երրորդ քաղաքը ղեկավարում է վարչապետի նշանակած ժամանակավոր պաշտոնակատարը։ Ու թեև Վանաձորի տեղական ընտրությունները վիճարկած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դեռ մեկ տարի առաջ հետ էր վերցրել հայցն, ու դատարանը պետք է անմիջապես կարճեր գործը, բայց այն ձգվեց ևս մեկ տարի։ Գործի երրորդ կողմ՝ Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը, որի ներկայացուցիչ Արկադի Փելեշյանը համայնքի ղեկավարի պաշտոնակատարն է, նոր պահանջ էր ներկայացրել՝ վերսկսելու գործի քննությունը։
Թեև ՏԻՄ փորձագետները պահանջն անհիմն էին համարում, բայց դատարանը որոշեց կատարել այն։ Միայն երեկ կարճեց գործը։
Սրանից հետո եթե այլ սցենարներ չգործեն, ըստ օրենքի՝ ավագանին 20 օրում պետք է իր կազմից համայնքի ղեկավար ընտրի։ Բայց եթե նիստերն ու քվեարկությունը չկայանան, ավագանին կցրվի, ու արտահերթ ընտրություններ կանցկացվեն։ Արդյո՞ք այս իրավիճակում իշխանությունները կգնան արտահերթ ընտրությունների, ո՞վ կլինի իշխանությունների թեկնածուն:
2021-ին տեղական ընտրություններից հետո ավելի քան 38 տոկոս ձայն ստացած ընդդիմադիր դաշինքի ղեկավարը՝ Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, կալանավորվեց, «Քաղաքացիական պայմանագիրը», որ ձայների թվով երկրորդ տեղում էր 25 տոկոսով, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակով ավագանի անցած Արկադի Փելեշյանին վստահեց Վանաձորի ժամանակավոր կառավարումը: Փելեշյանի կուսակցությունն ավելի քիչ՝ 14.5 տոկոս ձայն էր ստացել այստեղ:
Անցած տարիներին իշխանությունները նրան անգամ բարձր ամբիոններից են գովաբանել, Վանաձորում կատարվող աշխատանքը բարձր գնահատել, բայց վերջին շրջանում քննադատություններ են հնչում հենց ՔՊ-ականների կողմից: Նորանշանակ մարզպետ Արեն Մկրտչյանը պաշտոնն ստանձնելիս հայտարարեց, թե կոռուպցիան բնում խեղդելու է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոռուպցիան բնում խեղդելու խոստում, երկաթյա կարգապահության պահանջ. Արեն Մկրտչյանը ստանձնում է Լոռու մարզպետի պաշտոնը«Ազատություն»-ը գրավոր հարցում էր ուղարկել՝ արդյո՞ք Վանաձորի ներկայիս համայնքապետին ևս վերաբերում է մարզի ղեկավարի հայտարարությունը: Արեն Մկրտչյանը մեկ նախադասությամբ միայն պատասխանել էր, թե ուղերձում արված շեշտադրումները հավելյալ մեկնաբանելու կարիք չի տեսնում: Փոխարենը օրեր անց քաղաքի կենտրոնից հանել էր տվել ապօրինի գործող սուրճի ապարատներն ու հրապարակված տեսանյութին կից գրել՝ «ապամոնտաժվում են սուրճի ապարատները, մետաղյա կոնստրուկցիաները. մայթերը վերադարձնում ենք քաղաքացիներին»:
ՔՊ-ական մարզպետը, սակայն, չէր մանրամասներ՝ ո՞վ էր թույլատրել ապօրինի տեղադրել այդ սուրճի ապարատներն, ու ինչո՞ւ մարզային կամ տեղական իշխանություններն ավելի շուտ չէին գնացել ապօրինությունների ետևից:
Ինչ վերաբերում է այս տարեսկզբին կոռուպցիոն գործարքների համար դատապարտված նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, որ բողոքարկել է դատարանի վճիռը, ասում է՝ արդեն չորս տարի է՝ Վանաձորի հետ կապված արհեստական դատական պրոցեսներով հետաձգում են քաղաքական գործընթացները՝ համայնքի ղեկավարի կամ ավագանու արտահերթ ընտրությունները: Ասլանյանը չի հստակեցնում՝ արտահերթի դեպքում կմասնակցե՞ն նոր ընտրություններին, թե՞ ոչ:
«Ես սպասում չունեմ ներկայիս քաղաքական իշխանությունից և դատական իշխանությունից: Այս փուլում՝ զախվադների, սպանությունների, մարդկանց ձեռքից իշխանությունը խլելու, քվորում, օրինական, իրավական, ընտրական տերմիններով խոսելը, կարծում եմ, ավելորդ լավատեսություն է առաջացնում, որը հարիր չէ ռեալ մարդկանց, ովքեր իրենց մաշկի վրա են զգացել այսօրվա դառնությունն ու դժվարությունը», - ասաց նա:
Ով ում կհամոզի, ում օգտին կքվեարկի, արդյոք գործող ավագանու կազմով համայնքի ղեկավարի ընտրությունը հնարավոր կդառնա՝ այս պահին Վանաձորում կանխատեսումներ չեն արվում: Անցած 4 տարիներին ավագանին հատուկենտ արտահերթ նիստեր է գումարել՝ ընդունել սահմանափակ թվով որոշումներ: Թեև ընդդիմադիր «Մամիկոն Ասլանյան» խմբակցությունը բոյկոտում էր, բայց նրանց շարքերից երկու անդամ իշխանությունների կողմն էր անցել ու մասնակցում էր նիստերին, ինչի շնորհիվ քվորում էր ապահովվում, ու արտահերթ նիստերը հնարավոր էին դառնում:
Ամիսներ առաջ նրանցից մեկը՝ Գայանե Քալանթարյանը, մահացավ, որից հետո այլևս նիստեր չեն գումարվել: Պարզ չէ՝ այս դեպքում կհաջողվի՞ իշխանությանը նիստեր անցկացնել գոնե հաջորդ տարվա բյուջե և սուբվենցիոն ծրագրեր հաստատելու համար: Առավել ևս անորոշ է համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստ անցկացնելու հնարավորությունը: