Նոր վեճ ՀԷՑ-ի սեփականատերերի ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջև

Նոր վեճ ՀԷՑ-ի սեփականատերերի ու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջև. սեփականատերը պնդում է՝ հանձնաժողովը մերժել է հոսանքի գինն իջեցնելու իրենց առաջարկը: Հանրային ծառայություններից, թե ՀԷՑ-ի առաջարկը «նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սակագները», նաև, որ նպատակահարմար են գտել սակագների վերանայումն անել տարեվերջին՝ ընկերության ֆինանսական արդյունքների հիման վրա:

Սամվել Կարապետյանին պատկանող ընկերությունից հակադարձեցին՝ տարվա կեսից էլ էր կարելի սակագինը վերանայլել:

Հրապարակային բանավեճը սկսվեց ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի Ֆեյսբուքյան երեկվա գրառումից: Նա տեղեկացրեց, թե հոսանքի գինն իջեցնելու առաջարկն արել են 5 ամիս առաջ՝ մինչև հորեղբոր կալանավորումը, քանի որ խնայողությունների և նվազ կորուստների արդյունքում առաջացել էր հավելյալ 3.6 միլիարդ դրամի շահույթ:

Հանձնաժողովից ի պատասխան հայտարարեցին. «Մի կողմից առաջարկվել էր նվազեցնել էլեկտրաէներգետիկական հաշվեկշռի պլանային և փաստացի ցուցանիշների շեղման արդյունքում 6-ամսյա ժամանակահատվածում ձևավորված շուրջ 3.6 մլրդ դրամ լրացուցիչ օգուտը, իսկ մյուս կողմից՝ հաշվարկներում ավելացնել նախորդ 6 ամսում իրականացված ներդրումների ծավալները` շուրջ 12 մլրդ դրամ։ Այսպիսով, ՀԷՑ-ի առաջարկը ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները», - ասված է հայտարարությունում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀԷՑ-ի առաջարկը ամենևին էլ նպատակ չուներ նվազեցնել սպառողների համար սահմանված սակագները. ՀԾԿՀ

Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ի կառավարումը վերցնելու և ընկերությունն ազգայնացնելու մասին բարձրաձայնվեց նույն այն օրը, երբ միլիարդատերը հայտարարեց՝ իշխանության հարձակումներից եկեղեցու պաշտպանությանը իր ձևով մասնակցելու մասին: Այդ հարցազրույցից հետո գործարարը իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով կալանավորված է:

ՀԷՑ-ում նոր կառավարիչ է նշանակվել՝ ՔՊ-ական Ռոմանոս Պետրոսյանը: Հանձաժողովն էլ քննում է ընկերության լիցենզիան դադարեցնել-չդադարեցնելու հարցը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռոմանոս Պետրոսյանը կմնա ՀԷՑ կառավարիչ, եթե ընկերության լիցենզիան դադարեցվի, հակառակ դեպքում՝ կհեռանա. ՀԾԿՀ նախագահ

ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանն այսօր պնդեց՝ հետին միտք չի եղել, թե Կարապետյանը պատրաստվում է քաղաքականություն մտնել, ժողովրդին սիրաշահեն: Բայց քաղաքական ենթատեքստ է տեսնում մերժման տակ, որը ինչպես գնիջեցման առաջարկը, տեղի էր ունեցել նախքան գործարարի կալանավորումը:

«Ես կարծում եմ, որ իրենք հիմա այսպես ձգձգում են որոշակի ժամանակ անցնի, լիցենզիայից զրկեն, որից հետո հայտարարեն, որ մենք եկանք էսպես հրեշտակի թևերով և ժողովուրդ ջան եկող տարվա փետրվարից սակագին իջեցնեն՝ իրենց վերագրելով էդ ամբողջը: Կամ եկող տարվա փետրվարին տարին ամփոփելուց հետո փորձեն զսպեն սակագինը իրենց ապիկար, էսպես կառավարման արդյունքում առաջացած պրոբլեմների, որը ՀԷՑ-ում շուտով բոլորս ենք տեսնելու», - ասաց Ղազինյանը:

3 տարի է մինչև 200 կլիովատ/ժամ էլեկտրաէներգիայի ցերեկային սակագինը մեկ կիլովատի համար 46.5 դրամ է, ինչքան սպառումն ավելանում է, գինը բարձրանում է։

Հանրային ծառայություններից հայտարարում են՝ ՀԷՑ-ի օգուտները կես դրամ նվազման հնարավորություն էին տալիս, բայց եթե 12 միլիարդի ներդրում լիներ, խոսք կարող էր լինել միայն 0.2 դրամ էժանացման մասին: Հայտարարությունում ասված է. «Արդյունքում 2025 թվականի օգոստոսի 1-ից վերանայումը կլիներ սակագների չհիմնավորված նվազեցում, ընդամենը 0․ 2 դրամով, իսկ դրանից 6 ամիս հետո կառաջացներ էական ռիսկ սակագների կրկին բարձրացման»:

ՀԷՑ-ի նախկին տնօրենը պնդում է՝ կես դրամից ավելի՝ մինչև մեկ դրամի գնիջեցման հնարավորություն կար. «Այս երկու ամիսը ձմեռվա ամիսները գիտեք, որ շատ է հոսանք ծախսվում։ Շատ ավելի լավ, հիմա արեք, որպեսզի շատ ծախսած հոսանքի համար ավելի քիչ վճարվի, որոշակի չափով զսպվի բեռը ժողովրդի համար: Հիմա պնդում եմ, որպեսզի հիմա արվի, արդեն 6 միլիարդից ավել միայն ՀԷՑ-ն ունի դրական բալանս», - շեշտում է Դավիթ Ղազինյանը:

Ավելի ուշ ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց՝ վաղը մի անգամ էլ կդիմեն հանձնաժողով`պահանջելով իջեցնել հոսանքի սակագինը: Սա, ըստ էության, սակագնային քաղաքականությունը որոշող մարմնի այն հայտարարության պատասխանն է, թե վերանայումը հարմար են գտել տարեվերջին անել:

Դավիթ Ղազիյանը համոզված է՝ նոյեմբերի 18-ի նիստում «Տաշիր» ընկերությունների խումբը զրկվելու է էլեկտրաէներգիայի մատակարարման լիցենզիայից: Հանձնաժողովի նախագահը նախքան նիստը ձեռնպահ է մնում այս հարցով մեկնաբանություններից: Չնայած հանձնաժողովը դեռ որոշում չի կայացրել՝ վարչապետ Փաշինյանի հայտարարած սցենարներից որևէ մեկում ՀԷՑ-ը չի մնում Կարապետյաններին: