Պարզվում է՝ մարդիկ անտարբեր են կուսակրոնության ուխտը խախտողների հանդեպ. սա, սակայն, չի փոխի Փաշինյանի պլանը

Երևան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցի, ապրիլ, 2019թ.

Ինչպե՞ս ստացվեց, որ մի սրբազանի ու մի քեռակնոջ մասին Նիկոլ Փաշինյանի գրառումից ամիսներ անց տարածվում է ինտիմ տեսանյութ, որը վերագրվում է նույն անձանց: Արդյո՞ք հատուկ ծառայություններն են վարչապետի սեղանին դրել այդ կադրերը: Փաշինյանը ստատուսը գրելիս փաստեր ունե՞ր:

«Ամենահավաստի աղբյուրը ժողովուրդն է», - վստահեցրեց վարչապետը:

Մայր Աթոռի դիվանապետի՞ն նկատի ուներ Փաշինյանը:

«Չեմ կարող վստահ լինել, որ նման դեպքերը եզակի են, ինչ որ ես հարկ եմ համարել ասել, ասել եմ, հետո էլ ասածիս համար ներողություն եմ խնդրել», - հայտարարեց նա:

«Դոմփել» բառը գռեհիկ է, կոպիտ ու անվայելուչ, վարչապետը վարքագծի կանոն է խախտել. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էր այսպիսի եզրակացության հանգել, ու Փաշինյանն այդ բառի համար ներողություն խնդրեց: Սակայն հոգևոր վերնախավին ուղղված նրա բառապաշարը հետագայում չմեղմվեց, նա կարգալույծ հոգևորականների՝ մամուլում հնչեցրած գնահատականները խորհրդարանական ամբիոն էր հասցնում. - «Ախպերը որ ԿԳԲ-ի գործակալ ա, որևէ բացատրություն տվել ա՞: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկը բոսյակ ա, մեկը՝ բան՝ մոլագար սեռական, ու մենք մեր կյանքով ապրում ենք, ի՞նչ ա էղել, հա, իրանց անձնական կյանքն ա»:

Ի դեպ, Մայր Աթոռն այս մեղադրանքներին մինչև այժմ չի անդրադարձել: Որ Վեհափառի եղբայրը ռուսական գործակալ է, Փաշինյանն իր հիմնական աղբյուրից՝ ժողովրդից չի լսել, պնդեց՝ փաստեր կան. - «Էն փաստերը, փաստաթղթերը, որ հրապարակված են, ակնհայտ է դարձնում, որ Խորհրդային Միության ժամանակներից, այո, նա հավաքագրվել է որպես ՊԱԿ գործակալ, և դա փաստ է»:

Օրեր առաջ Ռուսաստանի նախագահը Ազգային միասնության օրվա առթիվ Վեհափառի եղբորը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսին Նևսկու շքանշան հանձնեց: Այս առիթով Հայաստանի վարչապետի տեսակետը ցանկացավ լսել իշխանական լրատվամիջոցի ներկայացուցիչը:

«Ցանկացած երկիր ազատ ա պարգևատրել ում ցանկանա», - պատասխանեց Փաշինյանը:

Հոգևոր վերնախավի դեմ արշավանք սկսելուց ավելի քան հինգ ամիս անց Նիկոլ Փաշինյանը տարակուսանքով է արձանագրում՝ մարդկանց չի հետաքրքրում՝ Կաթողիկոսն աղջիկ ունի՞, թե՞ ոչ. - «Էս հարցը ինչի չի հնչո՞ւմ Հայաստանում, որևէ մեկը ինչի՞ չի որևէ փորձագետի, մասնագետի, Մայր Աթոռի ներկայացուցչի էս հարցը տալիս. եթե նա ունի, ունենար, պարզվի, որ ունի աղջիկ, կամ որևէ մեկը, ով կուսակրոնության ուխտ ա ստանձնել, հետո երեխա ա ունեցել, կարող ա՞ լինել Կաթողիկոս, թե՞ չի կարող»:

Ժողովրդին, նրանց տեսակետներին ու ցանկություններին է պարբերաբար հղում անում վարչապետը՝ իր հռչակած հոգևոր նորոգման պրոցեսն առաջ մղելիս, հիմա պարզվում է՝ մարդիկ անտարբեր են կուսակրոնության ուխտը խախտողների հանդեպ: Սա, սակայն, չի փոխի Փաշինյանի պլանը:

«Կտրիճ Ներսիսյանը Կաթողիկոս չի, Հայաստանյայց Առաքելական եկեղեցին էսօր չունի Կաթողիկոս», - հայտարարեց վարչապետը:

Ամենայն Հայոց կաթողիկոսի գլխավորությամբ Մայր Աթոռում երրորդ օրն է շարունակվում է Գերագույն հոգևորը խորհրդի ժողովը: Որ ժողովական եպիսկոպոսներից ոմանք Մայր Աթոռի պաշտոնականից տարբերվող տեսակետ ունեն, օրինակ՝ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի կատարած ծեսերի վերաբերյալ, պարզ դարձավ երեկ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մայր Աթոռի և Վազգեն սրբազանի տեսակետները Հովհաննավանքի արարողության վերաբերյալ չեն համընկնում

Արդյո՞ք էջմիածնական ժողովի օրակարգում է Կաթողիկոսին գահից իջեցնելու տարբերակների քննարկումը, եպիսկոպոսներից այդպիսի առաջարկ կա՞: «Ես նման գործընթացին ծանոթ չեմ», - ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենը:

Տեր Եսայի քահանա Արթենյանն ընդգծեց՝ Հոգևոր խորհուրդը, որևէ եպիսկոպոս կամ թեմի առաջնորդ չունեն իրավունք այդ հարցը քննարկելու. - «Գերագույն հոգևոր խորհուրդը բացարձակապես նման մանդատ չունի՝ քննարկելու Ամենայն Հայոց հայրապետի հրաժարականի հարցը: Եվ մանավանդ որ այս օրերին մենք խոսում եք իրավական հասարակություն, իրավական պետություն կառուցելու դիրքերից, հիմա ակնկալվում է, որ մենք մեր եկեղեցու, եկեղեցական ներքին կանոննե՞րը խախտենք»:

Ամենայն Հայոց կաթողիկոսին ընտրել է Ազգային-եկեղեցական ժողովը՝ եկեղեցական իշխանության գերագույն մարմինը: 26 տարի անց նոր ժողով հրավիրելու մտադրություն կա, բայց ըստ Մայր Աթոռի ծրագրի՝ հաջորդ տարի մի ժողով պիտի հրավիրեն, որով պատրաստվեն Ազգային-եկեղեցական ժողովին:

Այլ են իշխանության պլանները. վարչապետը մտադիր է Օհանավանի ու Թալինի եկեղեցիներում աղոթքներից հետո Մայր Աթոռ հասնել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կարգալույծ է հռչակվել Տեր Տարոն քահանա Հունանյանը. Մայր Աթոռ«Մայր Աթոռի կարգապահական հանձնախումբը նախ թող քննի իր անդամների կարգապահական հարցերը». Տեր Տարոն քահանաՄայր Աթոռում սկսվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովըԻնչու է Հանրայինն ուղիղ հեռարձակել Հովհաննավանքի պատարագը, բայց չի հեռարձակել Մայր Աթոռի պատարագըՓաշինյանը կրկին մասնակցեց կարգալույծ Ասատրյանի մատուցած պատարագին, Մայր Աթոռում տոնում են կաթողիկոսի գահակալության տարեդարձը