Իսրայելի և պաղեստինյան «Համաս»-ի միջև հրադադարը միջնորդած Միացյալ Նահանգների, Եգիպտոսի, Կատարի և Թուրքիայի առաջնորդները Շարմ էլ Շեյխում երեկ ստորագրել են Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը, որի համաձայն ազատ արձակվեցին իսրայելցի բոլոր պատանդներն ու պաղեստինցի մոտ 2000 բանտարկյալ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խաղաղության 20 կետանոց ծրագրի առաջին փուլի արդյունքը համարվող համաձայնագրում կողմերը հաստատում են, որ ձգտում են տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և համատեղ բարգավաճման համապարփակ տեսլականի, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և ընդհանուր ճակատագրի սկզբունքների վրա։
Փաստաթղթի ստորագրումից հետո ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ սա պատմական օր է թե՛ Մերձավոր Արևելքի, թե՛ ողջ աշխարհի համար: Թրամփի խոսքով՝ համաձայնագիրը ոչ միայն վերջ է դնում Գազայի պատերազմին, այլև նոր էջ է բացում Գազան վերականգնելու համար և ազդարարում է նոր սկիզբ ողջ Մերձավոր Արևելքի համար:
«Այս պահից սկսած մենք կարող ենք կառուցել մի տարածաշրջան, որը կլինի ուժեղ, կայուն, բարգավաճ և միասնական ահաբեկչության ուղին մերժելու հարցում։ Մենք ցանկանում ենք մեկընդմիշտ ազատվել ահաբեկչությունից», - ասել է Թրամփը:
Եգիպտոսի նախագահն էլ հավելել է, որ համաձայնագիրը հույսի մի շող է, որը կփակի մարդկության պատմության այս ցավոտ էջերից մեկը: Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին շեշտել է՝ պաղեստինցիները ևս իրավունք ունեն ունենալու իրենց պետությունն ու որոշելու իրենց ապագան, իսկ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը կարգավորել հնարավոր է միայն երկու պետություն ստեղծելու միջոցով:
«Վերահաստատում եմ մեր աջակցությունն ու հանձնառությունը այս ծրագրի իրականացմանը՝ ստեղծելու երկու պետության հիման վրա կոնֆլիկտը կարգավորելու համար անհրաժեշտ քաղաքական միջավայրը, քանզի դա կոնֆլիկտը լուծելու և խաղաղ ապրելու՝ պաղեստինցիների և իսրայելցիների օրինական ձգտմանը հասնելու միակ ուղին է», - ասել է ալ-Սիսին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նոր Մերձավոր Արևելքի պատմական արշալույս». իսրայելցիներն ու պաղեստինցիները ազատ արձակվեցին
Հակամարտող կողմերը ներկա չէին համաձայնագրի ստորագրմանը: Հակամարտող կողմերը ներկա չէին համաձայնագրի ստորագրմանը: Սա, ըստ վերլուծաբանների, վկայում է, որ խաղաղության ծրագրի հետագա փուլում հազիվ թե լուրջ առաջընթաց լինի, հատկապես, որ լուծված չեն գլխավոր խոչընդոտները, այդ թվում՝ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի ապագան, Իսրայելի նահանջի մասշտաբները և Գազայի կառավարումը, հարցեր, որ գուցե երկար բանակցություններ կպահանջեն։
Ըստ BBC-ի ռուսական ծառայության՝ Իսրայելի վարչապետը մերժել է Թրամփի հրավերը՝ պատճառաբանելով, թե պետք է մասնակցի Սիմխատ Տորա տոնին: Մինչդեռ Reuters-ը և France Press-ը թուրքական պատվիրակության աղբյուրներին հղումով հայտնել են, որ Թուրքիայի նախագահն է դեմ եղել Իսրայելի մասնակցությանը:
Անորոշություններ կան նույնիսկ ծրագրի առաջին փուլի ամբողջական իրագործման շուրջ: Պատանդների հարազատները զայրացած են, որ «Համաս»-ը երեկ փոխանցեց 28 պատանդների դիերից միայն չորսը, իսկ հրադադարի համաձայնագրից պարզվում է, որ գուցե չկարողանա նշված ժամկետում՝ 72 ժամում փոխանցել բոլորը, քանզի չի կարող պարզել նրանց գտնվելու վայրը:
Կարմիր Խաչը հաստատել է՝ մարմինների վերադարձի համար ժամանակ կպահանջվի՝ հաշվի առնելով դրանք գտնելու դժվարությունները:
«Դրանք կարող են փլատակների տակ լինել՝ հաշվի առնելով Գազայում կոնֆլիկտի ինտենսիվությունը վերջին օրերին։ Հիմա, նրանք Գազա քաղաքո՞ւմ են։ Գազայի հատվածի հարավո՞ւմ, կենտրոնո՞ւմ։ Սրանք տեղեկություններ են, որ չունենք», - ընդգծել է Կարմիր Խաչի խոսնակ Քրիստիան Քարդոնը:
Իսրայելի պատանդների և անհետ կորած ընտանիքների ֆորումը կառավարությանը կոչ է արել կասեցնել հրադադարի համաձայնագիրը՝ նշելով, որ «Համաս»-ի կողմից դրա խախտմանը պետք է լուրջ արձագանքել։ Իսրայելի պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, որ միայն չորս դիերի փոխանցումը կնշանակի՝ «Համաս»-ը չի կատարում իր պարտավորությունները:
Համաձայնագրի ստորագրումից մեկ օր անց արդեն մաքրման աշխատանքներ են ընթանում Գազայում, որի մոտ 80 տոկոսն ավերվել է: Բնակիչներն ուրախ են, որ վերջապես հրադադար է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայում հրադադար է. պաղեստինցիները վերադառնում են իրենց ավերված բնակավայրերըԳազայում մտավախություններ կան, որ եթե «Համաս»-ը ձգձգի իսրայելցի պատանդների մարմինների հանձնումը, դա կարող է խաթարել փխրուն հրադադարը, հատկապես լուրերին ֆոնին, որ իսրայելական զինուժը վեց պաղեստինցու է սպանել, որոնք ենթադրաբար հատել էին սամանագիծը, որտեղ Իսրայելի բանակը հետ է քաշվել:
Նաև վախի մթնոլորտ կա Գազայում, հատկապես մի տեսանյութի հրապարակումից հետո, որում մի խումբ դիմակավորված զինյալներ հրապարակավ մահապատժի են ենթարկում ութ պաղեստինցու: Զինյալներից ոմանք կանաչ գլխակապ են կրում, որն ասոցացվում է «Համաս»-ի հետ:
Արդեն մի քանի օր է՝ վերսկսվել է մարդասիրական օգնության մատակարարումը Գազա, որտեղ սով է: ՄԱԿ-ը զգուշացնում է՝ օգնության ծավալը դեռ բավարար չէ, ուստի կազմակերպությունն ու գործընկերներն արագ ընդլայնում են գործողությունները, որպեսզի օրական 600 բեռնատար օգնություն մտնի Գազա:
2023-ի հոկտեմբերին բռնկված պատերազմի հետևանքով ավելի քան 67 հազար պաղեստինցի է սպանվել, վիրավորվել՝ ավելի քան 169 հազարը: Իսրայելական կողմն ունեցել է մոտ 1200 զոհ: