Պուտինը հանձնարարել է ուսումնասիրել ԱՄՆ միջուկային փորձարկումների ծրագրերը

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստը, 5-ը նոյեմբերի, 2025թ.

Ռուսաստանի նախագահը երեկ Անվտանգության խորհրդի նիստին հանձնարարել է լրացուցիչ տեղեկություններ հավաքել ԱՄՆ միջուկային փորձարկումների ծրագրերի մասին և առաջարկներ ներկայացնել Ռուսաստանի կողմից «միջուկային զենքի փորձարկումների նախապատրաստական աշխատանքների հնարավոր մեկնարկի վերաբերյալ»։

Նիստից առաջ երեկ ԱՄՆ տիեզերական ուժերի հրամանատարությունը հայտարարել էր, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է փորձարկել, որը կարող է միջուկային մարտագլխիկ կրել: Բայց հոկտեմբերի վերջին հենց Պուտինն էր հայտարարել էր միջուկային շարժիչով աշխատող «Պոսեյդոն» ստորջրյա սարքի և անսահմանափակ հեռահարության «Բուրեվեստնիկ» հրթիռի հաջող փորձարկման մասին, ինչից հետո Թրամփը Պենտագոնին հանձրարարեց վերսկսել միջուկային փորձարկումները:

Պուտինը հանձնարարականը տվել է ի պատասխան պաշտպանության նախարարի առաջարկի, որ պետք է անհապաղ լայնածավալ միջուկային փորձարկումների նախապատրաստվել:

Ռուսաստանի նախագահը հիշեցրել է, որ դեռ 2023-ին Դաշնային ժողովին հղած ուղերձում է հստակ ասել՝ եթե ԱՄՆ-ը կամ միջուկային փորձարկումներ չանելու մասին պայմանագրին միացած որևէ այլ պետություն նման փորձարկումներ անի, ապա Ռուսաստանը ևս ստիպված կլինի համարժեք պատասխան միջոցներ ձեռնարկել։ Սակայն Մոսկվան մտադիր չէ շեղվել իր պարտավորություններից, վստահեցրել է Կրեմլի ղեկավարը:

«Կցանկանայի նշել, որ Ռուսաստանը միշտ խստորեն պահպանել է և պահպանում է Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի շրջանակում ստանձնած պարտավորությունները, և մենք որևէ ծրագիր չունենք շեղվելու այդ պարտավորություններից», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը:

Անվտանգության խորհրդի երեկվա նիստը նվիրված էր այլ՝ տրանսպորտային անվտանգության թեմային: Սակայն Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկել է նախ անդրադառնալ Պենտագոնին Թրամփի անցած շաբաթվա հանձնարարականին, որ պետք է անմիջապես սկսել միջուկային զենքի փորձարկումները, ինչը, ըստ նրա, շատ պատգամավորների է մտահոգել:

«Այո, իրոք, դա իսկապես լուրջ հարց է», - արձագանքել է Պուտինը և պաշտպանության նախարարին է խնդրել մեկնաբանել: Անդրեյ Բելոուսովն ասել է, որ ԱՄՆ-ը հետևողականորեն դուրս է եկել սպառազինությունների կրճատման և սահմանափակման մասին գործող պայմանագրերից և արագ տեմպերով արդիականացնում է իր ռազմավարական հարձակողական զենքերը, ստեղծում նորերը:

Դա, ըստ նախարարի, զգալիորեն բարձրացնում է Ռուսաստանի համար ռազմական վտանգի մակարդակը, և Ռուսաստանը պետք է պահպանի իր միջուկային ներուժը, որպեսզի պատրաստ լինի ցանկացած սցենարի: Հաշվի առնելով դա՝ Բելոուսովն առաջարկել է սկսել միջուկային զենքի փորձարկումների նախապատրաստական աշխատանքները:

«Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարծում եմ, որ նպատակահարմար է անմիջապես սկսել լայնածավալ միջուկային փորձարկումների նախապատրաստական աշխատանքները: Նովայա Զեմլյա կղզիախմբի կենտրոնական հրաձգարանում առկա ուժերի և միջոցների պատրաստվածությունը թույլ է տալիս դա իրականացնել կարճ ժամանակում», - հայտարարել է նախարարը:

Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն էլ ասել է՝ Վաշինգտոնից հնչող հայտարարությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-նը վճռական է տրամադրված միջուկային զենքերի փորձարկման հարցում: Հետևաբար, անհրաժեշտ է համարժեք քայլեր ձեռնարկել՝ ժամանակ չկորցնելու համար:

«Եթե հիմա համապատասխան միջոցներ չձեռնարկենք, կկորցնենք ժամանակ և հնարավորություններ՝ ԱՄՆ-ի գործողություններին արագ արձագանքելու համար, քանզի միջուկային փորձարկումներին նախապատրաստվելու համար անհրաժեշտ ժամանակը, կախված դրանց տեսակից, տատանվում է մի քանի ամսից մինչև մի քանի տարի», - հայտարարել է Գերասիմովը:

Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտնել է, թե մի քանի օր առաջ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանից հեռագիր է ստացվել, որ ռուս դիվանագետները կապ են հաստատել ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի և Պետդեպարտամենտի հետ՝ դոնալդ Թրամփի մեկնաբանությունների վերաբերյալ պարզաբանման համար։ Սակայն ամերիկացի պաշտոնյաները կոնկրետ պատասխան չեն տվել՝ խոստանալով անհրաժեշտության դեպքում կապվել ռուսական կողմի հետ:

«Ի պատասխան, և՛ Սպիտակ տան, և՛ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները խուսափել են բովանդակային պատասխան տալուց և վստահեցրել, որ տեղեկությունը կհաղորդեն «վերևներին» ու կկապվեն ռուսական կողմի հետ, եթե, նրանց խոսքով, անհրաժեշտ համարվի պարզաբանումներ տալ ռուս դիվանագետների կողմից բարձրացված հարցերի վերաբերյալ», - ասել է Նարիշկինը:

ԱՄՆ-ից առայժմ չեն արձագանքել Պուտինի հանձնարարականին:

Ըստ BBC-ի ռուսական ծառայության ռազմական մեկնաբան Պավել Ակսյոնովի՝ այս իրավիճակն ստեղծվել է այն պատճառով, որ մի շարք պայմանագրեր այլևս չեն գործում: Դրանցից գլխավորը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագիրն է, որի ժամկետը լրանում է փետրվարին, սակայն Ռուսաստանը 2023-ին դադարեցրել է իր մասնակցությունը:

Վերլուծաբանի կարծիքով՝ այդ պայմանագրերը և դրանց դրույթների կատարմանը հետևելու ստուգիչ համակարգը նպաստում էին երկրների միջև հարաբերություններում վստահության պահպանմանը։ Հենց այդ վստահությունը հիմք դրեց ռազմավարական կայունությանը, որն այժմ աստիճանաբար խարխլվում է: Միջուկային փորձարկումներ սկսելը, ըստ Ակսյոնովի, քայլ է էսկալացիայի ճանապարհին, որը տանում է միջուկային պատերազմի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրելԹրամփը պնդում է, որ Ռուսաստանը և Չինաստանը գաղտնի միջուկային զենք են փորձարկելԹրամփը Պենտագոնին հրամայել է սկսել միջուկային զենքի փորձարկումներՌուսաստանը փորձարկել է «Պոսեյդոն» գերտորպեդոն՝ միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբՊուտինը հայտարարել է «Բուրեվեստնիկ» թևավոր հրթիռի ևս մեկ փորձարկման մասին