Ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքում գտնվող մի քանի օբյեկտների, այդ թվում՝ երկրի հյուսիս-արևելքում գտնվող Սումի քաղաքի բժշկական հաստատությանը:
Հոկտեմբերի 6-ին Սումիի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Գրիգորովը հայտարարել է, որ հարձակման պահին բուժհաստատությունում եղել է 166 մարդ, այդ թվում՝ 11 երեխա: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հավելել է՝ ռուսական հարվածի հետևանքով հրդեհվել է պերինատալ կենտրոնի տանիքը:
Ուկրաինական իշխանությունները հայտնել են, որ հոկտեմբերի 6-ի երեկոյան Խարկով քաղաքը ևս ենթարկվել է ռուսական անօդաչուների հարձակման:
Շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ հրդեհներ են բռնկվել, մոտ երկու տասնյակ պայթյուն է լսվել:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հոկտեմբերի 6-ին 145 տարբեր շրջաններում հարվածներ է հասցրել էներգետիկ ենթակառուցվածքների և նավթային օբյեկտների, սակայն չի ընդունել Սումիում բուժհաստատության վրա հարձակման փաստը: