Ռուսները Չեռնիգովում երկու հրշեջի են վիրավորել, ուկրաինացիները Ղրիմում երեք ուղղաթիռ են ոչնչացրել

Ուկրաինա - Չեռնիգովի մարզում հրշեջը պայքարում է ռուսական զինուժի հարվածին հետևած հրդեհի դեմ, 15-ը սեպտեմբերի, 2025թ.

Գիշերը ռուսական զորքերը «կրկնակի հարվածով» հարձակվել են ուկրաինացի հրշեջների վրա: Արդյունքում, ինչպես հաղորդում է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, Չեռնիգովի մարզի հյուսիսում երկու փրկարարներ մարմնական վնասվածքներ են ստացել:

Ուկրաինայի այս մարզում սա արդեն երկրորդ դեպքն է շաբաթվա ընթացքում, երբ ռուսական զորքերը հարված են հասցնում նախորդ գրոհի հետևանքները վերացնող հրշեջներին, փոխանցել է տարածաշրջանի ռազմական վարչակազմի ղեկավար Վլադիսլավ Չաուսը:

Ուկրաինայի Ռազմաօդային ուժերի տվյալներով՝ լույս կիրակի գիշերը ռուսական զինուժը երկիրը գրոհել է 54 հարվածային անօդաչու թռչող սարքերով, որոնք 8 վայրում 21 հարված են հասցրել թիրախներին: Այս գիշերային հարձակումն ամենանվազ զանգվածայիններից էր վերջին ամիսների ընթացքում, երբ Ռուսաստանն ուժգնացրել է հարվածները Ուկրաինային՝ գրեթե ամեն գիշեր կիրառելով հարյուրավոր հարվածային անօդաչուներ և տարբեր տիպի հրթիռներ:

Ուկրաինական հետախուզությունը, իր հերթին, հայտարարել է «Ուրվականներ» հատուկ ստորաբաժանման կողմից Ղրիմում ռուսական երեք Մի-8 ուղղաթիռ և «Նեբո-ՈՒ» ռադիոտեղորոշիչ կայանի ոչնչացման մասին:

2022 թվականից Ղրիմի թերակղզու տարածքը գործնականում ամեն օր գրոհում են անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ: Դեպքերի մեծ մասում Ռուսաստանի իշխանությունները չեն հաղորդում Ղրիմում ռազմական օբյեկտների խոցման մասին, եթե նույնիսկ այդ տեղեկատվությունը հաջողվում է ստուգմամբ հաստատել:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկին Վաշինգտոնին կոչ է անում «ուժեղ» միջոցներ կիրառել Մոսկվայի դեմ Ռուսական ուժերը զանգվածային հարվածներ են հասցրել Դնեպրոպետրովսկի մարզինՌԴ ՊՆ հայտարարում է Մուրավկա և Նովոիվանովկա գյուղերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին