Սիրիայում այսօր խորհրդարանական առաջին ընտրություններն են նոր իշխանության օրոք

Սիրիայում այսօր առաջին խորհրդարանական ընտրություններն են նախկին առաջնորդ Բաշար ալ-Ասադի ռեժիմի տապալումից հետո:

Անուղղակի քվեարկության ընթացքում ընդհանուր առմամբ 6000 ընտրող կքվեարկի տարածաշրջանային ընտրական կոլեգիաներում:

Երկրի առաջնորդ Ահմեդ ալ-Շարաայի կողմից նշանակված հանձնաժողովը հաստատել է 1570 անձի թեկնածությունը: Reuters-ը նկատում է, որ քարոզարշավը պասիվ էր, խոշոր քաղաքներում պաստառներ կամ գովազդային վահանակներ չէին երևում:

Նոր և ընդլայնված խորհրդարանը կունենա 210 անդամ, որոնցից մեկ երրորդը կնշանակվի ժամանակավոր նախագահ ալ-Շարաայի կողմից։

Շաբաթներ առաջ ընտրական հանձնաժողովը հայտարարել էր, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ երկրի երեք նահանգներում քվեարկությունն անորոշ ժամանակով կհետաձգվի։ Երեք նահանգները՝ Սուեյդան, ալ-Հասաքան և Ռաքքան չեն մասնակցի ընտրություններին։

Մոտ 23 միլիոն բնակչություն ունեցող երկրում Ասադի նախագահության օրոք խորհրդարանն ուներ ընդամենը 150 տեղ։