Սպարտակ Ղուկասյանի վարույթն, ըստ պաշտպանի, ավելի շատ ուղղված է Վարդան Ղուկասյանի դեմ

Գյումրիի քաղաքապետի որդու գործն արդեն դատարան է հասել: Առաջին նիստը հոկտեմբերի 24-ին է: Սպարտակ Ղուկասյանը տնային կալանքի տակ է: Հարկադրանքի եղանակով շորթման այս գործում քաղաքապետ հոր անունն ավելի հաճախ է հիշատակվում, քան որդունը, նախաքննության ավարտից հետո հայտարարում է կրտսեր Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը: Դա նրան հիմք է տալիս ենթադրելու, որ վարույթն ավելի շատ ուղղված է Վարդան Ղուկասյանի դեմ:

«Ինչո՞ւ եք Վարդան Ղուկասյանի կենսագրությունը գրել Սպարտակ Ղուկասյանի մեղադրանքի մեջ: Պարզ չէ՞, որպեսզի Վարդան Ղուկասյանի վրա լրացուցիչ լծակ դնեն», - ասաց

Ըստ իրավապահների՝ Սպարտակ Ղուկասյանն անցած տարվա ապրիլին, օգտագործելով իր սոցիալական դիրքը և հեղինակությունը, ստիպել է, որ համայնքապետարանի բեռնատարի վարորդը Ղուկասյաններին պատկանող «Ռանչո» հանգստյան գոտի տանի փողոցից քանդված սալիկները: Քննչականի հաղորդմամբ՝ բեռնատարի վարորդը վախի ազդեցության տակ կատարել է Ղուկասյանի պահանջը, սալիկները տեղափոխել է հանգստյան գոտի, բեռնաթափել ու հեռացել: Սրա արդյունքում Ղուկասյանը Գյումրի համայնքին զգալի գույքային վնաս է պատճառել, հայտնում է Քննչական կոմիտեն՝ չնշելով վնասի հստակ թիվը:

1.5 տարի առաջ հարուցված քրեական վարույթի մասին նախաքննական մարմինն, ըստ Վարդան Ղուկասյանի, հիշեց, երբ որդին մասնակցեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաստաբանական թիմը կասկածներ ունի, թե Սպարտակ Ղուկասյանին պատրաստվում են կալանավորել

Սպարտակ Ղուկասյանի շահերի պաշտպան Արամայիս Հայրապետյանի համար ակնհայտ է, թե ինչու 1.5 տարի անց մեկուկես ամսում նախաքննությունն ավարտեցին ու գործը դատարան ուղարկեցին. «Վարդան Ղուկասյանի շուրջ քաղաքական ակտիվություն սկսվեց, միանգամից այդ նախօրոք պահած մահակը փորձեցին օգտագործել՝ որդու քրեական գործը և արագ ուղարկեցին դատարան»:

Հայրապետյանն ասում է՝ փողոցի քանդված ծածկույթը շատերն են օգտագործում իրենց բակերի ու ճանապարհների հարթեցման համար, դա, նրա պնդմամբ, աղբ է համարվում, և դրա համար միջին ծանրության հոդվածով վարույթ հարուցնելն իրավաչափ չէ:

Սպարտակ Ղուկասյանին տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում է սպառնում այս մեղադրանքով: Գործով տուժող են ճանաչվել համայնքապետարանն ու կոմունալ բաժնի բեռնատարի վարորդը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարդան Ղուկասյանն ու որդին հայտարարում են՝ չեն վախենում

Մի զարգացում էլ Վարդան Ղուկասյանի մասով կա. իրեն հանրային ու քաղաքական կյանքից դուրս շպրտելու մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունից հետո Ղուկասյանը հայտարարեց, որ հանրային դաշտից դուրս շպրտել նշանակում է կյանքից զրկել: Պաշտպան Հայրապետյանը հայտնեց՝ այս հարցով դիմել են իրավապահներին ու պատասխան ստացել. «Պարզվում է՝ քննիչը դա չի էլ դիտել որպես հայտարարություն, որևէ գործողություն չի իրականացրել: Կարող է վարչապետին կամ որևէ անձի հարցաքննում եք, մարդն ասում էր՝ չէ, դա կապ չունի, կամ լավ էլ կապ ունի: Երկու դեպքն էլ հնարավոր է»:

Քանի որ իշխանական պատգամավորները պարբերաբար հիշեցնում են, որ Վարդան Ղուկասյանի ճամպրուկները կապելու ու համայնքապետարանից դուրս շպրտելու ժամանակը մոտ է, «Ազատությունը» փաստաբանից հետաքրքրվեց՝ ուր է հասել Հակակոռուպցիոն դատարանում պաշտոնեական դիրքի չարաշահման, կեղծիքի ու փողերի լվացման գործով դատավարությունը: Պաշտպանը հայտնեց. «Վկաները 70-ից ավելի են՝ դատակոչվածները, մոտ այդքան էլ հավանաբար մենք պետք է միջնորդենք, որպեսզի հարցաքննվեն»:

Փաստաբանը չի կարծում, որ դատավարությունը շուտ կավարտվի: