Թաթոյան. «Մենք հավակնում ենք իշխանություն ձևավորելու, ես հավակնում եմ վարչապետի պաշտոնին»

«Մենք հավակնում ենք իշխանություն ձևավորելու, ես հավակնում եմ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնին: Մենք որպես ինքնուրույն քաղաքական ուժ այդ օրակարգով ենք շարժվելու, բնականաբար, նաև այս հիմնախնդիրները լուծելու հարցում միասնական ուժերով շարժվելուն, այսինքն՝ հասարակության միասնություն», - հայտարարում է Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների նախկին պաշտպանն այսօր խախտեց լռությունը՝ արդեն պաշտոնապես ազդարարելով «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության մասին, որը նաև առաջիկա խորհրդարանական ընտրապայքարին մասնակցելու հայտ կներկայացնի՝ ենթադրաբար որպես կուսակցություն:

43-ամյա Թաթոյանը իր գործունեությունը սկսել է պետական ապարատից՝ 2003-ին, 13 տարի անց Հայաստանի օմբուդսմենն էր: Այն ժամանակվա իշխանական ՀՀԿ-ի թեկնածուի օգտին կողմ քվեարկելու մասին էր հայտարարել նաև ընդդիմադիր պատգամավոր, այժմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Թաթոյանի պաշտոնավարման կեսը հենց նրա իշխանության շրջանին համընկավ, վերջին փուլը իշխանություն-օմբուդսմեն փոխադարձ քննադատություններով ուղեկցվեց: Ադրբեջանական ներխուժումներից հետո Թաթոյանը իշխանությանը մեղադրում էր սահմանամերձ բնակիչների խնդիրները անտեսելու, իշխանությունը Թաթոյանին՝ ընդդիմադիր գործունեությամբ զբաղվելու մեջ:

«Մենք հասարակության միասնական ջանքերը միավորելու հանունի օրակարգով էլ շարժվելու ենք առաջ», - ասաց նախկին օմբուդսմենը:

Հասարակությունը բևեռացված է, այսօրվա պարտությունը Հայաստանի պատմության ավարտը չէ. Թաթոյանը նաև այս ձևակերպումներով իրենց պատկերացումները ներկայացրեց ներքին ու արտաքին քաղաքականության, անվտանգության, տնտեսական ու առողջապահական բարեփոխումների վերաբերյալ:

Հատուկ շեշտեց՝ յուրաքանչյուրը՝ անկախ քաղաքական նախընտրություններից, կարող է իրենց շարժման մաս կազմել:

Լրագրողները կոնկրետություն պահանջեցին՝ օրինակ Արցախի վերադարձի հարցը բարձրացնելո՞ւ են:

«120 հազարից ավելի մեր հայրենակիցներ տեղահանվել են ուղղակի իրենց հայրենի տներից, իրենց հայրենիքից, և նրանք ունեն իրենց հայրենիք վերադարձի իրավունք: Սա ես չեմ ինձանից հնարում՝ սա միջազգային սկզբունք է, մասնավորապես՝ Արդարադատության միջազգային դատարանը էդ հստակ արձանագրել է, ճանաչել է արցախցիների վերադարձի իրավունքը: Բայց մենք չենք առաջնորդվելու, իհարկե, պատրանքներով՝ կապված Արցախի վերադարձի, մենք այդ խոսույթը չենք ունենալու, և մենք դա մեզ համար օրակարգային հարց, իհարկե, չենք համարում, և կեղծիք էլ կլինի և անկեղծ չի լինի ժողովրդի նկատմամբ, եթե մենք շարունակենք այդ, կամ այդ օրակարգով առաջնորդվենք», - ընդգծեց մարդու իրավունքների նախկին պաշտպանը:

Եթե գան իշխանության, չեն պատրաստվում հրաժարվել միջազգային այն պարտավորություններից, որոնք բխում են Հայաստանի շահերից: Թաթոյանը բացառեց Բաքվի դեմ միջպետական գանգատներից հրաժարվելը:

Միմյանց դեմ հայցերը հետ կանչելու պարտավորությունը թե՛ Երևանն է ստանձնել, թե՛ Բաքուն՝ հայ - ադրբեջանական նախաստորագրված պայմանագրով:

«Ադրբեջանական հարձակումների ժամանակ՝ 2022 թվականի սեպտեմբերին, մեր կին հայրենակիցները ամենադաժան ձևով խոշտանգվել էին՝ երկու թևերը կտրելով, երկու ոտքերը կտրելով, աչքերն էին հանել, քար էին դրել աչքերից մեկի մեջ, մարմինը մերկացրել էին և գրել էին «Յաշմա» բառը ու այդ տեսանյութը հատուկ տարածել էին, որ վախ սփռեն մեր հասարակությունում: Ես գնացել եմ նրանց ընտանիքներ, նրանց տներում եղել եմ, ես ո՞նց կարող եմ պատկերացնել մի իրավիճակ, որ ես նրանց աչքերի մեջ նայելով, իմանալով, թե նրանք ինչ դաժանության են բախվել, ու ես գնամ հանկարծ հրաժարվեմ այդ հայցերի՞ց: Բա ես հաջորդ անգամ ո՞նց եմ նայելու նրանց աչքերի մեջ», - հայտարարեց Թաթոյանը:

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանի ու մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի միավորման մասին ամիսներով էր խոսվում: Այսօր Անանյանը Թաթոյանի հետ հարթակում էր, տնտեսական բլոկի անելիքներից խոսեց:

2020-ին՝ կովիդի շրջանում Մաքսայինում համաճարակի կանոնները չպահպանելու վարչապետի դժգոհություններից հետո հրաժարական տված Դավիթ Անանյանը տևական ժամանակ է քննադատում է գործող իշխանություններին: Նա ՊԵԿ նախագահ էր նշանակվել 2018-ի հեղափոխությունից հետո՝ հարկային մարմիններում 25-ամյա աշխատանքից հետո:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ովքեր և ինչպես են պատրաստվում մասնակցել 2026-ի Աժ ընտրություններին