Թրամփ. «Պուտինն իսկապես հիասթափեցրեց ինձ»

Միացյալ Թագավորություն - Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ ասուլիսը, Չեքերս, 18-ը սեպտեմբերի, 2025թ.

Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինն իսկապես հիասթափեցրել է իրեն՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ ասուլիսի ժամանակ Դոնալդ Թրամփը պնդել է, թե այս հունվարին Սպիտակ տուն վերադառնալուց հետո մի քանի հակամարտություն է կարգավորել, և կարծում էր, թե ուկրաինականն ամենահեշտերից մեկը կլինի՝ Պուտինի հետ իր հարաբերությունների շնորհիվ:

<Բայց նա հիասթափեցրեց ինձ։ Նա իսկապես հիասթափեցրեց ինձ ... Տեսնենք, թե ինչպես կլինի: Կարծում էի՝ սա ամենահեշտ կարգավորվող հակամարտություններից մեկը կլինի», - ասել է ԱՄՆ նախագահը:

Սպիտակ տան ղեկավարը շեշտել է՝ պատրաստ է նոր պատժամիջոցներ գործադրել Ռուսաստանի նկատմամբ, սակայն դա չի անի, քանի դեռ եվրոպական երկրները չեն նվազեցրել իրենց կախվածությունը ռուսական էներգակիրներից: «Պատրաստ եմ այլ միջոցներ ձեռնարկել, բայց ոչ այն դեպքում, երբ այն մարդիկ, ում համար ես պայքարում եմ, նավթ են գնում Ռուսաստանից», - ասել է նա:

Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո եվրոպական երկրներն էապես նվազեցրել են ռուսական էներգակիրների ներկրումը՝ բացառությամբ Հունգարիայի և Սլովակիայի, որոնք ավելացրել են այն:

Մեծ Բրիտանիայի վարչապետն, իր հերթին, ասել է, որ ԱՄՆ նախագահի հետ քննարկել են Ուկրաինային աջակցությունը մեծացնելու ուղիները։ Քիր Սթարմերը շեշտել է՝ խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է ուժեղացնել ճնշումը Վլադիմիր Պուտինի վրա, որը վերջին օրերին «ցույց տվեց իր իրական դեմքը՝ նախաձեռնելով Ուկրաինա ներխուժելուց հետո ամենամասշտաբային հարձակումները»։

«Հիմա ավելի շատ արյուն է թափվում, ավելի շատ անմեղ մարդիկ են մահանում։ ՆԱՏՕ-ի օդային տարածքի աննախադեպ խախտումներ տեղի ունեցան։ Սրանք խաղաղություն ցանկացող մարդու գործողություններ չեն», - հայտարարել է Սթարմերը:

Reuters-ը հայտնում է, որ Եվրոպական հանձնաժողովը քննարկում է ռուսական հեղուկ գազի ներմուծման արգելքը պատժամիջոցների նոր փաթեթում ներառելու առաջարկը: Bloomberg-ի տվյալներով էլ՝ փաստաթղթում կարող է լինել դրույթ, որը նախատեսում է ներմուծումը դադարեցնել փուլերով՝ մինչև 2027 թվականը: Գերմանիան էլ հայտարարել է, որ կքննարկի Ուկրաինային աջակցելու նպատակով ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու հարցը:

Ու մինչ Եվրոպան հերթական պատժամիջոցներն է քննարկում, Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտը նոր զեկույց է հրապարակել, ըստ որի՝ Մոսկվան փորձում է մանիպուլյացնել Վաշինգտոնին և հասնել նրան, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները կարգավորվեն՝ առանց պատերազմը դադարեցնելու:

Զեկույցը մատնանշում է Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունը, թե Թրամփը մտադիր է ԱՄՆ-Ռուսաստան օրակարգից «հանել Ուկրաինայի հարցը»՝ երկկողմ հարաբերությունները կարգավորելու համար: Մինչ այդ էլ Սերգեյ Լավրովն ասել էր, թե Պուտինին «խրախուսելու» փորձերը, որ ԱՄՆ-ի հետ տնտեսական հարցերում համաձայնության գնա, չեն կանգնեցնի պատերազմը:

Ռուսական զինուժը հայտարարել է, որ ևս երկու բնակավայր է վերցրել, նաև շարունակել է հարվածներն ուկրաինական բնակավայրերին, այդ թվում՝ Դնեպրոպետրովսկին և Կիևին:

Ուկրաինական զինուժն էլ հարվածել է Կուրսկում գտնվող 810-րդ առանձին ծովային հետևակի բրիգադի լոգիստիկ կենտրոնին: Ըստ ուկրաինական կողմի՝ այս ստորաբաժանման զինծառայողները մասնակցում են Հյուսիսային Սլոբոժանսկի ուղղությամբ հարձակմանը և գործել են ռազմական հանցագործություններ:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ՌԴ ՊՆ հայտարարում է Մուրավկա և Նովոիվանովկա գյուղերի նկատմամբ վերահսկողություն հաստատելու մասին Ուկրաինան հայտարարում է՝ հարվածել է Կուրսկի մարզում գտնվող 810-րդ բրիգադի լոգիստիկ կենտրոնինԹրամփը հայտարարել է՝ Պուտինը «իրոք հիասթափեցրել է ինձ»Կիևը դաշնակիցներից ստացել է ևս շուրջ 2 մլրդ դոլարի աջակցություն Ուկրաինայի հետ շփման գծում 700 հազարից ավելի ռուսաստանցի զինվոր կա. Պուտին