«Թրամփի ուղիով» Ադրբեջանը զենք կանցկացնի՞. վարչապետի արձագանքը

Վարչապետն այսօր ոչ հերքեց, ոչ հաստատեց, որ Ադրբեջանը «Թրամփի ուղի» անունը ստացած Սյունիքի ճանապարհի գործարկումից հետո կկարողանա զենք ու զորք անցկացնել Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան: Նիկոլ Փաշինյանը միևնույն ժամանակ շեշտեց՝ ընդհանուր առմամբ, ճանապարհների գործարկման մանրամասները դեռ համաձայնեցված չեն, բայց կրկին վստահեցրեց՝ ցանկացած լուծում լինելու է փոխադարձության սկզբունքով:

«Եթե մի պայման գործում է Հայաստանի դեպքում, այդ պայմանը գործում է նաև Ադրբեջանի դեպքում: Մենք մեզ պիտի հարց տանք՝ մենք ուզո՞ւմ ենք, որ մեր զենքը և զորքն անցնի Նախիջևանով, այսինքն՝ մենք ուզո՞ւմ ենք, թե՞ չենք ուզում, որովհետև մեր իրականության մեջ ընդհանրապես կա այդ պրոբլեմը, որ մենք անընդհատ խոսում ենք ուրիշների մասին, չենք խոսում մեր մասին: Երբ մենք կորոշենք, որ մենք ուզում ենք, որ մենք Նախիջևանի տարածքով դեպի Մեղրի և հակառակ ուղղությամբ զենք տանենք, նման թեմայով բանակցություններ կբացենք: Եթե մենք որոշենք, որ չենք ուզում, որ Նախիջևանի տարածքով դեպի Սյունիք տանենք երկութուղով և հետ բերենք, ուրեմն կորդեգրենք համապատասխան բանաձև և այդպես շարունակ», - ասաց Փաշինյանը

Վաշինգտոնում ընդունված հռչակագրով Ադրբեջանը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան անխոչընդոտ հաղորդակցություն է ստանում, Հայաստանի դեպքում՝ «անխոչընդոտ» ձևակերպումը բացակայում է, փոխարենը նշված է՝ Հայաստանն էլ ստանում է միջազգային ու ներպետական հաղորդակցություն՝ փոխադարձ առավելություններով:

Այդ համաձայնություններից հետո անցած ավելի քան մեկ ամսում լրագրողները Սյունիքի ճանապարհով ադրբեջանցիների անցման վերաբերյալ տարբեր հարցեր են ուղղել վարչապետին, բայց Նիկոլ Փաշինյանն այդպես էլ փակագծեր չի բացել՝ միայն հավաստիացնելով, որ պահպանվելու են Հայաստանի առանցքային հինգ սկզբունքները՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն, փոխադարձություն և սահմանների անխախտելիություն:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքվում քննարկում են Վաշինգտոնի համաձայնագրերը, առաջիկայում ամերիկյան կողմի հետ քննարկումներ կկայանան Երևանում

«Սկզբունքը նրա համար է, որ մենք չասենք՝ իսկ անձրևի դեպքում ի՞նչ է լինելու, իսկ կարկուտի՞ դեպքում, երաշտի՞ դեպքում, դրա համար է, որ մենք չենք կարող մի հարցի վերաբերյալ ունենալ մի քանի հատոր դեպքեր դա մեկնաբանելու համար: Դրա համար մենք ունենք 5 սկզբունք, որոնք արձանագրված են, հրապարակված են, ստորագրված են, և ամեն ինչ տեղավորվելու է այդ տրամաբանության մեջ», - ասաց նա:

Վարչապետի հավաստիացումները, սակայն, չեն համոզոււմ ընդդիմադիրներին: Թե՛ խորհրդարանական ընդդիմությունը, թե՛ արտախորհրդարանական տարբեր գործիչներ պնդում են՝ Վաշինգտոնում վարչապետը բավարարել է Բաքվի պահանջը՝ տրամադրելով անխոչընդոտ ճանապարհ, որով ադրբեջանցիները կանցնեն առանց ստուգումների: Նիկոլ Փաշինյանն այսօր պնդեց, թե չի կարող լինել ինքնիշխանություն առանց սահմանապահի, իսկ կարո՞ղ է լինել իրավազորություն առանց ստուգումների, այս հարցը վարչապետը թողեց անպատասխան:

«Կարո՞ղ է լինել ինքնիշխանություն առանց մաքսային կետի և մաքսավորի, չի կարող լինել», - ասաց նա:

Կառավարության ղեկավարը չպատասխանեց մեկ այլ հարցի ևս՝ արդյոք անփոփո՞խ է կառավարության դիրքորոշումը, որ Հայաստանի տարածք մուտք գործելիս Հայաստանի իրավասու ծառայությունների ներկայացուցիչներին չհանդիպելու տարբերակ չկա: Նման մեկնաբանություն վարչապետի աշխատակազմից արել էին վաշինգտոնյան համաձայնություններից ընդամենը երեք շաբաթ առաջ՝ արձագանքելով Ալիևի այն հայտարարությանը, թե Սյունիքով անցնելիս ադրբեջանական բեռներն ու Ադրբեջանի քաղաքացիները «հայի երես չպետք է տեսնեն»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանով անցնող հայերը կհանդիպե՞ն այդ երկրի սահմանապահներին. ԱԺ նախագահի արձագանքը

«Բոլոր այդ հարցերի պատասխանները, եթե դրանք վերաբերվում են TRIPP-ին և տարածաշրջանային կոմունիկացիների բացմանը, հասցեագրված են 5 սկզբունքների շրջանակում», - հավելեց վարչապետը:

Անցած շաբաթ Երևանում էր ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը: Նրան ընդունել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անդրադարձ կատարվել էր նաև «Թրամփի ուղուն»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «145 միլիոն դոլար՝ «Թրամփի ուղուն». ընդդիմությունը նախագծի անորոշությունից է խոսում

Հենց այս նախագծի իրագործման համար ամերիկացի պաշտոնյան հայտնել էր, որ Հայաստանին տրամադրվելու է 145 միլիոն դոլար աջակցություն: Ճանապարհների ապաշրջափակման դետալների շուրջ աշխատանքները արդյո՞ք մեկնարկել են, եթե այո, ապա ի՞նչ ֆորմատով. այս հարցերին վարչապետն այսօր երկու բառով արձագանքեց. «Արդեն պատվիրակությունների այցեր են եղել, արդեն իսկ սկսվել է»:

Իսկ թե կոնկրետ ինչ քննարկումներ են մեկնարկել՝ վարչապետի ճեպազրույցից հետո մնաց անհայտ: