Թրամփը քննարկումներ է սկսում՝ ԱՄՆ դաշնային աշխատողների զանգվածային կրճատումների շուրջ

Նախագահ Թրամփը լծվել է իր ամենածանր խոստումներից մեկի կատարմանը՝ ԱՄՆ դաշնային աշխատողների զանգվածային կրճատումներին՝ այսկերպ սաստկացնելով ճնշումը դեմոկրատների վրա՝ կառավարության փակման դադարեցման քայլերին աջակցելու համար։

Սպիտակ տան ղեկավարն այսօր հայտարարել է, որ մտադիր է քննարկումներ սկսել բյուջեի ղեկավար Ռասել Վոութի հետ՝ «որոշելու, թե «բազմաթիվ դեմոկրատական գործակալություններից, որոնց մեծ մասը քաղաքական խաբկանք են, որոնք է խորհուրդ տալիս կրճատել, և արդյոք այդ կրճատումները ժամանակավոր, թե մշտական կլինեն»։

Թրամփի հայտարարությունը սոցցանցերում հնչում է շաթդաունի ֆոնին։ ԱՄՆ կառավարության աշխատանքի դադարեցումը արագ կանխելու ջանքերն անցած օրերին ձախողվեցին, դեմոկրատներն ու հանրապետականները տևական բանավեճերից հետո այդպես էլ համաձայնության չեկան հաջորդ տարվա բյուջեի նախագծի շուրջ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ում շաթդաուն է. կառավարությունն այսօրվանից մասնակի դադարեցնում է գործունեությունը

Վտանգի տակ է հարյուր հազարավոր աշխատատեղ, տնտեսությանը սպառնում է միլիարդավոր դոլարների կորուստ, և քաղաքական պատերազմ հանրապետականների ու դեմոկրատների միջև, որոնք պատրաստ չեն զիջելու առողջապահական սուբսիդիաների հարցում:

Փոքրամասնության պահանջն է երկարաձգել առողջապահական սուբսիդիաները խոցելի խավի համար: Մինչդեռ հանրապետականները՝ նախագահ Թրամփի առաջնորդությամբ, համառորեն մերժեցին ընդդիմության առաջարկները՝ պնդելով, թե փոքրամասնությունն է պարտավոր խաղի կանոններին ենթարկվել:

Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը երեկ Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում պնդել է՝ գնդակը դեմոկրատների դաշտում էր, նրանք կարող էին խուսափել ստեղծված իրավիճակից. «Դեմոկրատները կարող էին մեզ հետ համագործակցել երկկուսակցական հիմունքներով՝ այս ավելորդ և շատ վնասակար փակումը կանխելու համար»։

Հակառակ ճամբարից՝ Ներկայացուցիչների պալատի դեմոկրատական խմբակցության ղեկավար Փիթ Ագիլարն իր հերթին հանրապետականներին է մեղադրում շաթդաունի համար «մի ժամնանակահատվածում, երբ ամերիկացիները բախվում են հասանելիության և առողջապահության կրկնակի ճգնաժամի»։

«Ամերիկացիները տուժում են, քանի որ հանրապետականները հրաժարվում են դեմոկրատների հետ նստել սեղանի շուրջ», - ընդգծել է նա:

Փոխնախագահ Ջեյ դի Վենսը, որը կենտրոնական դերակատարում ունի ներքաղաքական այս բախումներում, երեկ զգուշացրեց՝ կառավարության գործունեության դադարը ստիպում է է՛լ ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել։

«Մենք ստիպված ենք լինելու որոշ մարդկանց աշխատանքից ազատել։ Շաթդաունին մենք կողմ չենք, այց գնալու ենք այն ամենին, ինչ պետք է, որպեսզի ամերիկացի ժողովրդի կարևորագույն ծառայությունները շարունակեն գործել», - ասել է Վենսը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դեսպանություններում կշարունակվեն նշանակված վիզաների ծառայությունները, «քանի դեռ իրավիճակը թույլ կտա»

Շուրջ 750 հազար դաշնային աշխատակիցներ, ըստ ամենայնի, կուղարկվի հարկադիր արձակուրդի

Շուրջ 750 հազար դաշնային աշխատակից, ըստ ամենայնի, հարկադիր արձակուրդի կուղարկվի։ Առաջնային ծառայությունների աշխատողները, ինչպիսիք են զինվորականները, իրավապահները, հնարավոր է աշխատեն առանց վարձատրության։

Ավիադիսպետչերների ազգային ասոցիացիան արդեն ահազանգել է օդային անվտանգության ոլորտում ստեղծվող խնդիրների մասին, ավելի քան 2300 ներկայացուցիչ տուն է ուղարկվել։ Այս ճգնաժամը հավանաբար է՛լ ավելի կսրվի, երբ նախագահ Թրամփն իրականացնի իր ծայրահեղ աջակողմյան խոստումներից մեկը՝ կառավարական գերատեսչությունների փակումը, որը ենթադրում է զանգվածային կրճատումներ։ Թրամփի թիմը չի թաքցնում՝ ցավոտ որոշումներ ունեն դեմոկրատական նահանգների համար, որոնցում արդեն մի շարք ներդրումային ծրագրեր են սառեցվել՝ ընդհանուր 26 միլիարդ դոլար արժողությամբ։

Էներգետիկայի նախարարությունը հայտարարել է մաքուր էներգիայի նախագծերից հրաժարվելու որոշման մասին, տրանսպորտի նախարարությունն, իր հերթին, սառեցրել է Նյու Յորքում խոշոր ենթակառուցվածքային նախագծերի համար ծրագրված դաշնային ֆինանսավորումը։ Նահանգապետ Քեթի Հոչուլն այս որոշումն անվանել է «քաղաքական վրեժխնդրություն»։

Շաթդաունը ծրագրերի սառեցումը կամ գործունեության սահմանափակումը գերծանրաբեռնված Վաշինգտոնում ոչ ցանկալի բայց սովորական երևույթ է։ Կառավարության ճգնաժամը նախորդ անգամ կրկին Թրամփի նախագահության օրոք է տեղի ունեցել՝ ռեկորդային՝ 35 օր տևողությամբ։

Այս գործընթացն ուղեկցվում է կորուստներով՝ հարվածելով նախ և առաջ աշխատաշուկային։ Նախնական հաշվարկներով՝ եթե շաթդաունը տևի երեք շաբաթ, երկրում գործազրկության մակարդակը 4,3 տոկոսից կարող է հասնել մինչեւ 4.7 տոկոս։ Նախորդ՝ ավելի քան մեկ ամիս տևած դադարից հետո այդպես էլ չի վերականգնվել կորսված 11 միլիարդ դոլարից երեք միլիարդը:

Ամերիկյան ներքաղաքական ճգնաժամի ֆոնին Ուոլ Սթրիթի ֆիչրսներն անկում են արձանագրում, ոսկու գինը անշեղորեն աճում է, իսկ ասիական բաժնետոմսերը տատանվում են տվյալների ուշացումների և աշխատատեղերի կորստի վերաբերյալ ներդրողների մտահոգությունների պատճառով, դոլարը հիմնական արժույթների նկատմամբ արժեզրկվում է, թվարկում է Reuters-ը:

Կառավարության գործունեության սառեցումը մտահոգություններ է առաջացրել նաև մասնավոր հատվածում. վիճակագրական տվյալների հապաղումը, կարգավորող մարմինների կողմից հաստատումները, բիզնեսների համար վարկերի տրամադրման ուշացումները, ինչպես նաև ենթակառուցվածքային նախագծերի և զբոսաշրջության հետ կապված խնդիրները ցավոտ են անդրադառնում ամերիկյան ՀՆԱ-ի վրա, գրում է Wall Street Journal-ը: