Վարդան Ղուկասյանի որդին կմնա տնային կալանքի տակ, փաստաբանը մանրամասներ է հայտնում քրգործից

Վարդան և Սպարտակ Ղուկասյաններ, արխիվ

«Հիմա կտանեն դատարան, որ կալանավորեն երկու ամսով։ Հանձնարարականն եկել է, այդպիսի դատավոր կա, որ իրենց կամքը չկատարի՞», - Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ վստահ էր, որ որդուն կկալանավորեն ու բանտ կտանեն, բայց դատարանը 2 ամսով տնային կալանքի ուղարկեց Սպարտակ Ղուկասյանին:

Այդուհանդերձ, գործը քննող քննիչը երկու ամսով կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել:

Սպարտակ Ղուկասյանն, ըստ քննչական մարմնի, հարկադրանքի եղանակով շորթում է կատարել: Փաստաբան Արամայիս Հայրապետյանն ասում է՝ այս քրեական վարույթով առհասարակ որևէ խափանման միջոցի հիմք չկա, և պաշտպանական կողմը դատարանում այդ դիրքորոշումն է հայտնել։ «Այս քրեական վարույթով որևէ խափանման միջոցի հիմք չկա, առավելևս այնպիսի խափանման միջոցի, որ պետք է դատարանում քննարկության առարկա առնվի. այսինքն՝ թե՛ տնային կալանք, թե՛ վարչական հսկողություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սպարտակ Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Քրեական վարույթը հարուցվել է քաղաքապետարանի աշխատակցի հաղորդման հիման վրա

Փաստաբանը որոշ մանրամասներ ներկայացրեց, թե ինչ հանցանք են վերագրում իր պաշտպանյալին: Անցած տարի ապրիլին է հարուցվել քրեական վարույթը՝ քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակցի հաղորդման հիման վրա:

«Մոտ տարի ու կես առաջ ինչ-որ տեղեկություն է եղել, որ իբր քանդված սալահատակները հողախառը, բետոնախառը լցվել է մեքենան և տարվել, լցվել է ինչ-որ տարածք, որը կրկին համայնքապատկան տարածք է։ Այս եղելությունը նախաքննական մարմինը փորձում է ներկայացնել, թե իբր Սպարտակ Ղուկասյանի ասելով տարվել, լցվել է իրենց պատկանող տարածքում», - մանրամասնում է փաստաբանը։

Շորթմանը հարակադրելն ինչպե՞ս է հիմնավորել նախաքննական մարմինը. «Հիմա շորթումը հարկադրանք է, որևէ եղանակով անձին հարկադրել. ո՛չ անձին մատով կպել է... շորթման համար հարկադրանք է պետք։ Քննիչն ի՞նչ է ասում՝ քանի որ ինքը Սպարտակ Ղուկասյանն է, հեղինակությունը հերիք է, որ անձը վախենա ու հարկադրվի ինչ-որ բան անելու», - ասում է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Ղուկասյանի փաստաբանը միջնորդելու է, որ կոմունալի աշխատակիցն ու Սպարտակ Ղուկասյանն առերսվեն:1.5 տարի անց քրեական վարույթի մասին հիշելն ու առավելևս երեխաների աչքի առաջ բերման ենթարկելը՝ կոնվենցիայի խախտում է, ասում փաստաբանը: Ի դեպ, ինքը՝ Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը, որդու ձերբակալությունը կապել էր այն հանգամանքի հետ, որ Սպարտակը մասնակցել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավարությանը:

«Սա ոչ այլ ինչ է, քան կոնվենցիայի իմաստով 3-րդ հոդվածի խախտում, այսինքն՝ վատ վերաբերմունք։ Անձին մեկ այլ տեղ ինչ ուզում ես արա, այդքան ծանր չի տանի, ինչքան անձը գիտակցում է, որ այդ ամենն արվում է իր փոքր երեխայի ներկայությամբ», - ասում է Ղուկասյանի փաստաբանը։

Վարդան Ղուկասյանն է թիրախավորված. փաստաբան

Նախաքննական մարմնի ու պաշտպանական կողմի հիմանվորումները տարբեր են. մեկի պնդմամբ՝ տարածքից սալաքարեր են տեղափոխվել, պաշտպանական կողմի պնդմամբ՝ պարզապես աղբ, որ առաջացել է փողոցի քանդման արդյունքում. «Ընդ որում, մենք տեսագրությունները դիտել ենք, որ երբ քննիչը տանում է այդ աղբը, ինչ վիճակի է։ Առանց չափազանցնելու ասում եմ՝ դրա մեջ անգամ քար չի երևում. հիմնականում՝ հող և բետոն է», - ասում է Սպարտակ Ղուկասյանի փաստաբանը։

Այն 1.5 տարի է՝ Գյումրիի քաղաքապետարանին պատկանող Ուռի գունդի տարածքում է: Պնդումը, քաղաքապետի որդու հարկադրանքով այն Ղուկասյաններին պատկանող Ալեքսանդրապոլ ռանչոյի տարածք է տեղափոխվել, չի համապատասխանում իրականությանը, ասում է փաստաբանը. «Քրեական վարույթով ընդամենը կեղծ տվյալ է մտցվել, որ իբր դա տեղափոխվել է ռանչոյի տարածք։ Ասում եմ՝ ռանչոյի տարածքը չէ դա, դրանից որոշակի հեռավարության վրա նոր սկսվում է այդ ռանչո ասվածը։ Եվ ինքը լցված է մի փոսի մեջ, որի կողքին էլի համանման աղբ կա լցված»։

Փաստաբանը պնդում է քրեական վարույթում ավելի շատ Վարդան Ղուկասյանի անունն է շոշափվում, քան Սպարտակի ու հարցնում է. «Քննչականն իր բոլոր մեղադրանքներում մեղադրյալների հայրիկների մասին մանրամասն կենսագրական տվյալնե՞ր է ներառում։ Ով է, որտեղ է աշխատել, երբ է աշխատել, ինչու է աշխատել։ Մեղադրանքից էլ պարզ է, որ այլ անձ է իրականում թիրախավորված, այո, Վարդան Ղուկասյանը»։

Տնային կալանքի որոշումն ստանալուց հետո, ըստ ամենայնի, այն կբողոքարկեն: Զուգահեռ, երեկ մինչ Սպարտակ Ղուկասյանը Քննչականում էր, նրա աջակիցները հավաքվել էին կառույցի մոտ:

Երեկոյան քննչական մամինը հաղորդագրություն տարածեց, թե խուլիգանության ու բռնություն կիրառելու հատկանիշներով քրեկան վարույթ է հարուցվել: Բռնության ենթարկվածն, ըստ Քննչականի, ոստիկան է եղել. ակցիայի մասնակից մի կին նրան անձրևանոցով հարվածել է, վերջինս ցավ է զգացել: Այս վարույթով դեռ ձերբակալվածներ չկան: