Վերլուծաբանը չի բացառում, որ ԱՄՆ-ն ՌԴ-ի հետ պայմանավորվածությունների առարկա դարձնի նաև «Թրամփի ուղին»

Եվրամիությունը «Թրամփի ուղի» նախագծին անմիջական ներգրավվածության պատրաստակամություն է հայտնում: Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսի այս հայտարարությունը հնչում է մի իրավիճակում, երբ նախագծի իրագործման տեխնիկական դետալները դեռ համաձայնեցված չեն:

«Վաշինգտոնում օգոստոսի 8-ին տեղի ունեցած իրադարձությունները և հանդիպումները Եվրամիությունը ողջունել է, և մենք այդ օրվանից պատրաստակամություն ենք հայտնել աջակցելու այդ նախաձեռնություններին և կապակցվածությանը։ Մենք պատրաստ ենք մեր գործիքները ներդնել ոչ միայն «Թրամփի ուղի» նախագծի շրջանակներում, այլ նաև ամբողջ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության համատեքստում, որը ողջունվել է Եվրամիության կողմից դեռ երկու տարի առաջ, երբ Հայաստանի կառավարությունը հայտարարեց դրա մասին», - ասել է Մարագոսը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Հայաստանում ԵՄ դեսպանի հայտարարությունը պատահական չէր: Թրամփի ուղի նախագծի իրագործումը, ըստ Բադալյանի, առաջին հերթին կախված է լինելու ԱՄՆ- Ռուսաստանի գործընթացներից:

«Եվրոպան շատ վաղուց և շատ նկատելի անհանգիստ է ընդհանրապես Թրամփ-Պուտին կոնտեքստից, նաև որ իր համար կարևոր նշանակություն ունեցող Միջին միջանցքը Թրամփի միջոցով ոչ թե կարող են ստանալ, այլ կարող է կոնսերվացվել մեկ այլ ստատուս քվոյի համար, որում Եվրոպան չի ունենա մեծ դերակատարում: Բնականաբար, ԵՄ-ն ձգտելու է և իր մեծ ջանքն է գործադրելու դա թույլ չտալու համար, և հակառակը՝ «Թրամփի ուղու» շուրջ իր մասնակցությամբ ստատուս քվո ձևավորելու համար», - ասաց նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ TRIPP-ի մասով գործակցությունը միայն ԱՄՆ-ի հետ է. էկոնոմիկայի նախարար

«Թրամփը կարող է լինել տեղապահ ինչ-որ ստատուս քվոյի, որ հետո գալու է Կովկաս ավելի գլոբալ պայմանավորվածությունների համատեքստում», - հավելեց նա:

Կովկասին առնչվող ամբողջական ռազմավարություն, ըստ Բադալյանի, Դոնալդ Թրամփը չունի, իսկ ամերիկյան նախորդ վարչակազմի ժամանակներից քննարկվող կապուղիների բացման գաղափարին վերադարձել է իր քաղաքական խնդիրների լուծման շրջանակներում: Դոնալդ Թրամփն աշխարին ներկայանում է որպես խաղաղություն բերող նախագահ:

Վերլուծաբանը չի բացառում, որ ամերիկյան կողմը TRIPP-ը դարձնի խաղաքարտ, ռուսների հետ սակարկության առարկա. «Միանգամայն հնարավոր է, որ Ռուսաստանի հետ պայմանավորվածությունների առարկա դարձնի նաև հենց «Թրամփի ուղին»:

Սյունիքով անցնող TRIPP-ն Ադրբեջանը Հայաստանի հետ կապելու է իր էքսկլավ Նախիջևանի հետ՝ անխոչընդոտ հաղորդակցությամբ: Հայաստանը ստանալու է փոխադարձ առավելություններով հաղորդակցություն: Երրորդ կողմեր կարող են ծրագրին մասնակցել, բայց միայն Երևանի և Վաշինգտոնի փոխադարձ համաձայնությամբ:

Ամերիկացիների հետ քննարկումը հայաստանցի պաշտոնյաները մի քանի ամսվա հարց են համարում, իսկ երկաթուղու կառուցման համար երկամյա ժամկետից խոսում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կոպենհագենում լուրջ քննարկում եղավ, «Զանգեզուրի միջանցքի» հարցը գոնե ինձ համար չկա. Փաշինյան


«Թրամփի ուղու» շուրջ հայ-ամերիկյան քննարկումները սկսել են, բայց վարչապետ Փաշինյանն առաջարկում է արդյունքներից կամ ժամկետներից խոսելիս չմոռանալ Թրամփի ու նրա աշխատակազմի գերծանրաբեռնվածությունը:

Նախագահության երկրորդ ժամկետում Թրամփը սկսել է հետաքրքրվել հատկապես հակամարտությունների կարգավորմամբ, նա պարբերաբար արդյունքներն է ամփոփում՝ իր միջնորդությամբ լուծված կոնֆլիկտների մեջ չմոռանալով թվարկել հայ-ադրբեջանականը: Իհարկե, միշտ չէ, որ Ամերիկայից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող երկրների անունները նրա մոտ ճշգրիտ է հաջողվում արտաբերել:

TRIPP-ի գործարկման շուրջ դեռ հստակություն չկա, բայց հայ - ամերիկյան շփումները շարունվում են, այսօր ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատունը հաղորդեց դեսպան Նարեկ Մկրտչյանի ու ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպման մասին, որի առանցքում հենց օգոստոսի 8-ի համաձայնագրերի ընթացքն է եղել: Սթիվ Ուիթքոֆը, որը Թրամփի գլխավոր բանագնացն է Մերձավոր Արևելքում և Ռուսաստանում, վերահաստատել է Միացյալ Նահանգների հետևողական աջակցությունը հայ - ադրբեջանական խաղաղության օրակարգին։