Մատչելիության հղումներ

Կոպենհագենում լուրջ քննարկում եղավ, «Զանգեզուրի միջանցքի» հարցը գոնե ինձ համար չկա. Փաշինյան


ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Կոպենհագենում, հոկտեմբերի 2,2025թ.
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Կոպենհագենում, հոկտեմբերի 2,2025թ.

Ադրբեջանի նախագահի հետ Կոպենհագենի հանդիպումից հետո այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցը հասցեագրված է, կառավարության այսօրվա նիստից հետո հայտարարեց վարչապետը՝ շեշտելով, որ այդ թեմայի վրա կենտրոնանալու անհրաժեշտություն այլևս չի տեսնում: Մինչ այս էլ թեմային անդրադարձել են, քանի որ այն առնչվել է Հայաստանի պետական շահերին:

«Այդ թեման այլևս արդիական չէ։ Այո, եղավ շատ լուրջ քննարկում ամենաբարձր մակարդակով ու ամենահեղինակավոր միջազգային հարթակներում և այդ քննարկման արդյունքում հարցը հասցեագրվեց Կոպենհագենում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով թողարկված հաղորդագրությամբ։ Հետևաբար. այդ հարցը, գոնե ինձ համար, արդեն չկա», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը


Թեև Վաշինգտոնում ԱՄՆ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ստորագրած հռչակագրում «Զանգեզուրի միջանցք» ձևակերպում չկա, այդուհանդերձ, ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներն, այդ թվում՝ նախագահ Ալիևը չեն հրաժարվում այն կիրառելուց: Սրանից դժգոհ Նիկոլ Փաշինյանը նախ ՄԱԿ-ի, հետո ԵԽԽՎ ամբիոններից առաջարկում էր Իլհամ Ալիևին բացատրել, թե ինչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ասելով: Այդ ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպեցին Կոպենհագենում։ Քննարկումներից հետո էլ, ըստ Նիկոլ Փաշինյանի, հարցը լուծում ստացավ: Երևանն ու Բաքուն այդ օրը հաղորդագրություն էին տարածել՝ կիրառելով TRIPP ծրագիր ձևակերպումը:

«Այդ հաղորդակցության ընթացքում շատ նրբություններ, ինչպես արձանագրված է հաղորդագրության մեջ, պարզաբանված են, հետևաբար այդ կենտրոնացումն այլևս գոյություն չունի, դրա օբյեկտիվ հիմքերի բացակայության պատճառով։ Որովհետև ուրիշ բան է, որ կան օբյեկտիվ հիմքեր, թե՞ չկան օբյեկտիվ հիմքեր։ Ես համարում եմ, որ այդ հարցի վրա կենտրոնանալու օբյեկտիվ հիմքեր այլևս գոյություն չունեն», - ասաց վարչապետը։


Ու թեև Փաշինյանը հարցը համարում է փակված՝ առաջարկելով հիմք ընդունել միայն փաստաթղթերում ձևակերպումները, Ադրբեջանի նախագահը շարունակում է կիրառել «Զանգեզուրի միջանցք» տերմինը։ Այն տեղ է գտել անգամ պաշտոնական փաստաթղթերում: Մոտ տասն օր առաջ Գաբալայում ընդունվեց Թյուրքական երկրների կազմակերպության գագաթնաժողովի հռչակագիրը, որտեղ, ըստ Ադրբեջանի արտգործնախարարի, ընդգծվում է «ոչ միայն Միջին, այլև Զանգեզուրի միջանցքի կարևորությունը»։ Երևանից հայտարարում են, թե դա չի կարող վերաբերել Հայաստանի տարածքին: Ադրբեջանի նախագա՞հն է պարզաբանել, որ խոսքը Հայաստանի տարածքի մասին չէ, հարցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ չպատասխանեց. «Վերահաստատում ենք ՀՀ պաշտոնական դիրքորոշումը, որ ՀՀ տարածքում բացի Խաղաղության խաչմերուկ և TRIPP ուղի նախագծերից ուրիշ նախագիծ չկա և չի կարող լինել»։

Բաքուն վաշինգտոնյան համաձայնությամբ ստացել է անխոչընդոտ հաղորդակցություն դեպի Նախիջևան, Հայաստանը փոխադարձ առավելություններով ճանապարհ: Բայց երկու ամիս անց էլ դեռ հայտնի չէ գործնականում «Թրամփի ուղու» աշխատանքները երբ կմեկնարկեն: Ժամկետների վերաբերյալ հստակություն չմտցրեց նաև կառավարության ղեկավարը: Փաշինյանը միայն ասաց, թե այժմ հայ և ամերիկացի պաշտոնյաները ակտիվ աշխատում են նախագծի բովանդակության վրա:

«Սեղանին դրված են էլեմենտներ, և մենք դրանք պետք է ամբողջացնենք մեկ թղթի մեջ։ Այսինքն՝ առաջին նախագիծը պետք է ընդունվի, երկրորդ, երրորդ, չորրորդ...և այդպես հարցը պետք է հասնի տրամաբանական հաջորդ փուլին», - ընդգծեց Փաշինյանը։

Թեև Ադրբեջանից հայտարարում են՝ մինչև Հայաստանը չփոխի Սահմանադրությունը խաղաղության նախաստորագրված պայմանագիրը չեն ստորագրի, միևնույնն է Երևանից չեն պահանջի, որ Ադրբեջանը ևս Սահմանադրություն փոխի՝ վերջ տալով Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներին: Վարչապետը բացատրեց՝ ինչու նման պահանջ չեն ներկայացնի. «Եթե մենք նման հարց բարձրացնենք, կնշանակի, որ մենք հակասում ենք մեր դիրքորոշումներին։ Իսկ ո՞րն է մեր դիրքորոշումը։ Մեր դիրքորոշումն այն է, որ հիմա արդեն նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստում այդ խնդիրը լուծված է։ Սահմանադրության թեման մենք արտաքին քաղաքական օրակարգի ոչ մի ուղղությամբ չունենք»։

Նոր Սահմանադրության ընդունումը ներքին հարց համարող կառավարության ղեկավարն արդեն ասել է՝ այնտեղ Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի: Սա հենց այն է, ինչ պահանջում է Բաքուն՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար:

XS
SM
MD
LG