«Վրացական երազանքը» կրկին քննադատում է ԵՄ-ին և մեղադրում Բրյուսելին «ծայրահեղականությանն աջակցելու» մեջ

Թբիլիսիում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը ընդդիմության կողմնակիցները հանրահավաք են անցկացնում, հոկտեմբերի 4,2025թ.

Վրաստանի իշխող ուժը Բրյուսելին մեղադրում է «ծայրահեղականությանը աջակցելու» մեջ:

«Մինչև Բրյուսելը չդատապարտի և հեռավորություն չսահմանի իր աջակցությունը վայելող խմբերից, որոնք կազմակերպել էին Վրաստանի նախագահական պալատի բռնի գրոհը, կլինի ծայրահեղականության կողմնակից», - հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շակվա Պապուաշվիլին։

Եվրամիության հասցեին քննադատություն է հնչեցրել նաև Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին․ «Այսօր Բրյուսելում տեսնում ենք մարդկանց, ովքեր կոմունիստական և խորհրդային ժամանակաշրջաններում քաղաքական էլիտայի մաս էին կազմում և այժմ ապաստան են գտել Եվրամիության կառույցներում: Կարող եմ վստահորեն ասել, որ նրանք շարունակում են գործել նույն մեթոդներով, որոնք կիրառել են խորհրդային տարիներին և փորձում են դրանք կիրառել ԵՄ-ում», - ասել է Բոչորիշվիլին։

«Վրացական երազանք» իշխող կուսակցությունը ԵՄ-ից պահանջում է կոշտ արձագանք՝ հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Այդ օրը մի խումբ ընդդիմադիրներ փորձել էին ներխուժել նախագահական պալատ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Թբիլիսիում լարված իրավիճակ է. ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառում (լրացված)

Եվրամիության մի խումբ ներկայացուցիչներ՝ Դաշինքի դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը և ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հոկտեմբերի 5-ին հայտարարություն են տարածել՝ կոչ անելով «կառուցողական երկխոսության, որը ներառում է բոլոր քաղաքական ուժերին և քաղաքացիական հասարակությանը», հորդորելով «բոլոր կողմերին» զերծ մնալ բռնությունից:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եվրամիությունը Վրաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բազմաթիվ եղանակներ ունի