«Զանգի Թրամփին, տես՝ ինչ է ասում». ինչո՞ւ է Ալիևը շարունակում պնդել «Զանգեզուրի միջանցքի» մասին

Փաշինյանն Ալիևին հորդորեց պարզաբանել՝ ինչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ասելով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից անցած շաբաթ օրը հորդորեց Ադրբեջանի նախագահին պարզաբանել, թե նա ինչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը պարբերաբար օգտագործելիս։ Միջազգային հանրության առջև ունեցած ելույթում Փաշինյանը պնդեց՝ այդ ձևակերպումը, որ երբեք Ադրբեջանի հետ բանակցություններում չի քննարկվել, Հայաստանում ընկալվում է որպես տարածքային պահանջ և նվազեցնում է խաղաղության նկատմամբ մարդկանց վստահությունը։

«Ադրբեջանի նախագահը, ում հետ ընդունել ենք Վաշինգտոնի հռչակագիրը, դրանից հետո մի քանի անգամ, այդ թվում՝ այս ամբիոնից, օգտագործել է այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Նման արտահայտություն Վաշինգտոնում համաձայնեցրած փաստաթղթերում չկա, Հայաստան–Ադրբեջան բանակցություններում կամ փաստաթղթերում երբեք չի եղել։ Կարծում եմ՝ իմաստ ունի, որ ադրբեջանցի գործընկերս պարզաբանի, թե ինչ նկատի ունի այդ արտահայտությունը օգտագործելով, որովհետև հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում», - ասել է վարչապետը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից». Փաշինյան

Ադրբեջանի նախագահը Փաշինյանի ելույթից օրեր առաջ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում առիթը չկորցրեց և կրկին Հայաստանի ինքնիշխան տարածքն անվանեց «Զանգեզուրի միջանցք»։ Ալիևը մասնավորապես ասել էր, թե Թրամփի ուղին՝ TRIPP-ը, «կապահովի անարգել անցում Զանգեզուրի միջանցքով»:

Ադրբեջանը պարզապես այդ ճանապարհը Հայաստանի տարածք չի ճանաչում. Մարուքյան


Փաշինյանի կառավարությունում հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը շուրջ 2 տարի զբաղեցրած Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Իլհամ Ալիևի այս պնդումը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պարզապես այդ ճանապարհը Հայաստանի տարածք չի ճանաչում։

«Դե զանգի Թրամփին, Թրամփին ասում էին, որ պրոբլեմներ լինեն, ի՞նչ կանեք, ասում էր՝ զանգեք ինձ: Զանգի Թրամփին, տես՝ լա ինչ է ասում, - ասաց Մարուքյանը, - Չի՞ կարող Ալիևը գրել, որ Հայաստանի տարածքով կկապվենք մեր մյուս տարածքի հետ, ոչ մի բառ այստեղ անկապ չի գրած, Ադրբեջանն այդ տարածքը չի ճանաչում որպես Հայաստան, դա համարում է էքստրատերիտորիա»:

Ի՞նչ խաղաղության դարաշրջանի մասին են մեզ ավետում ամեն անգամ. պատգամավոր


Ընդդիմադիր «Հայաստան» խմբակացության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի համոզմամբ՝ ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի հարցադրումը Իլհամ Ալիևին ցույց է տալիս, որ անգամ համաձայնեցված տերմիների շուրջ Երևանն ու Բաքուն ընդհանուր ընկալում չունեն. «Պարզ հարց է առաջանում՝ եթե օգտագործվող տերմինների մասին իրենք չունեն պայմանավորվածությունները և նույն ընկալումները, ի՞նչ խաղաղության դարաշրջանի մասին են մեզ ավետում ամեն անգամ»:

Ինչպե՞ս է TRIPP-ի նախագիծը իրագործվելու, ինչպե՞ս է Հայաստանը Ադրբեջանի անխչընդոտ անցումն ապահվելու, և ինչպե՞ս է դրսևորվելու Հայաստանի համար փոխադարձ առավելություններով հաղորդակցությունը: Այս հարցերի շուրջ հստակություն դեռ չկա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «TRIPP-ը «Զանգեզուրի միջանցք» կամ միջանցք ասելը անհարգալից վերաբերմունք է ԱՄՆ նախագահի նկատմամբ». Սիմոնյան

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանի համոզմամբ՝ «Թրամփի ուղու» գործարկման շուրջ առարկայական քննարկումները Թուրքիան և Ադրբեջանը կսկսեն հաջորդ տարվա հունիսից այսինքն՝ 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո, քանի որ երբ այդ աշխատանքները սկսվեն, հասարակության համար պարզ է դառնալու, որ խոսքը իրականում միջանցքի մասին է։

«Այս ամեն ինչը՝ այս խաբկանքը նրա համար է, պարզ է՝ Ալիևն ու Էրդողանը հանգիստ են տալու մինչ հունիս, որովհետև իմպլեմենտացիան հենց հանեն, գմփունը դուրս է գալու, որովհետև պարզվելու է, որ դա միջանցք է: Հիմա որպեսզի դա հիմա չտրաքի, սենց՝ «դու մի հատ պարզաբանի», չէ՞ որ այսքան բերկրանքը, պոզիտիվը, ...այսպիսի բաներ են խոսելու, հետո կգա, կփորձի վերընտրվել, հետո արդեն կգան տղերքը», - շեշտեց ԼՀԿ ղեկավարը:

Ինչո՞ւ է Փաշինյանը խուսափում ռազմագերի կամ գերիներ ձևակերպումից, հարցնում է Վարդանյանը


Վարչապետ Փաշինյաննը ՄԱԿ -ի իր ելույթում նաև տարակուսած էր՝ ինչո՞ւ է Ալիևը խոսում «Հայաստանի կապիտուլյացիայից» և ագրեսիվ ձևակերպումներ օգտագործում: Ընդամենը անցած ամիս խաղաղության պայմանագիրը նախաստորագրած Ադրբեջանի նախագահն անցած շաբաթ ՄԱԿ-ում կրկին մեղադրեց Հայաստանին էթնիկ զտումների և ռազմական հանցագործությունների մեջ, հպարտացավ, թե Ադրբեջանը հաղթել է և՛ ռազմի դաշտում, և՛ խաղաղությունն ամրագրելիս՝ կապիտուլյացիայի ենթարկելով Հայաստանին. «Մի՞թե խաղաղությունը բավարար բերկրանք և բավարարվածություն չի պատճառում։ Ինձ, օրինակ, պատճառում է»։

«Գերիները այնտեղ բանտերում նստած՝ դուք այդտեղ բերկրանք, ինչի՞ց եք բերկրանք ապրում», - հարցնում է Մարուքյանը:

Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ -ում անդրադարձավ նաև Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին, սակայն օգտագործեց «երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձինք» ձևակերպումը. «Երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը, որը նույնպես մեր ամենօրյա աշխատանքային օրակարգի մաս է»։

Ինչո՞ւ է Փաշինյանը խուսափում ռազմագերի կամ գերիներ ձևակերպումից, հարցնում է Քրիստինե Վարդանյանը: Դաշնակցական պատգամավորին Փաշինյանի այս մոտեցումը հիշեցնում է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը շրջանցող և այլ որակումներ տվող որոշ երկրների պահվածքը:

«Տպավորություն է, որ արգելված է Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչներին ուղիղ խոսել այս թեմայի մասին, այս տերմինը չօգտագործել և այդ պահանջը չբարձրացնելը օգուտ է միայն Իլհամ Ալիևին»:

Փաշինյանը՝ խաղաղության մասին

Արձագանքելով իր հասեցին քննադատություններին, թե իշխանությունը ժողովրդին խաբում է խաղաղության մասին կեղծ պնդումներով, Ստրասբուրգում ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցող Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ զրույցում պնդեց՝ կփորձի ապացուցել հակառակը:


Խաղաղությունը կրկին համեմատելով նոր ծնված երեխայի հետ, որն ընդամենը մեկ ամիս 21 օրական է, Փաշինյանը հիշեցրեց ժողովրդական խոսքը, թե երեխան հիվանդանալով է մեծանում:

«Այս երեխան էլ է հիվանդանալով մեծանալու, երեխան ոչ մի անբուժելի հիվանդությամբ վարակված չէ: Ես դա կարող եմ վստահեցնել», - ասաց նա: