Արդեն 21 օր է՝ բեռնատարի վարորդ Մհեր Քոսյանը Ռուսաստանում շարունակում է կալանավորված մնալ: Նոր կարգի համաձայն՝ առանց վիզայի Ռուսաստան մտնողները նախկին 180 օրվա փոխարեն կարող են մեկ տարվա ընթացքում գումարային 90 օր մնալ:
Քոսյանին, ըստ հարազատների, կալանավորել են այդ ժամկետը 18 օրով գերազանցելու համար: Նա հիմա անօրինական միգրանտների պահման վայրում է: Վարորդի եղբայրը՝ Արսեն Գասպարյանն էր շաբաթներ առաջ հայտարարել, որ եղբորից լուր չունեն:
«Դաղստանում են արել՝ Մախաչկալա արել են դեպորտը, բայց ընդեղից տեղափոխել են դեպի Ադրբեջանի սահման, ընդեղ ինչ-որ մի հատ գյուղում տարել են բաժին, ընդեղ կալանավորված ա», - եղբոր այս հայտարարությունից հետո, միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն «Ազատությանը» փոխանցել էր, որ ԱԳՆ-ի աջակցությամբ՝ իրեն հաջողվել է տեսազանգ կազմակերպել Մհեր Քոսյանի ու ընտանիքի միջև:
«Այս 21 օրում այդպիսի 3 տեսազանգի հնարավորություն ենք ունեցել»,- «Ազատությանը» պատմեց 44-ամյա տղամարդու հորաքուրը՝ Օֆելյա Քոսյանը: Մհերն այնտեղ 5500 ռուբլի՝ մոտ 26 հազար դրամ տուգանք է վճարել, հետո 5 տարով արգելվել է նրա մուտքը Ռուսաստան. «Արգելվել, արգելվել է, թող գոնե տուն ուղարկեն»,- նեղսրտած է հորաքույրը: Ասում է՝ անչափահաս 2 երեխաներն անորոշ սպասումից արդեն սթրեսների մեջ են. «Դեղերը տվել էին, բայց հմի չուներ, վերջացել էր, երեկ էր զանգել, մենք ի՞նչ կարանք անենք ուրիշ պետության դիմաց, դիմել ենք միգրացիոն, դիմել ենք արտգործնախարարություն, ո՛չ թողնում են, ո՛չ հնարավոր է, ճիշտ տեղեկություններ չենք ստանում, որովհետև էնքան կարճ ժամանակ է խոսում, խոսացածից էլ բան չես հասկանում։ Երկու երեխա ունի անչափահաս, շատ են էրեխեքը դեմ ընկնում, տղան էլ սթրես է տանում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Քոսյանի հորաքույրը:
Նախորդ շաբաթ էլ բողոքի ակցիաներով փողոց դուրս եկած բեռնատարի վարորդներն էին նամակ հանձնել փոխվարչապետին ու պատասխանի համար 24 ժամ տվել: Ասում էին՝ ԵԱՏՄ նիստից հետո փոխվարչապետի գրասենյակի պաշտոնական հայտարարությունում չեն գտել իրենց հուզող պատասխանը՝ ՀՀ կառավարությունը կարողացե՞լ է համոզել Մոսկվային, որ սահմանված 90-օրյա ժամկետն իրատեսական է հայ բեռնափոխադրողների համար, որովհետև դրա մեծ մասն իրենք Ռուսաստանը Հայաստանին կապող ցամաքային միակ ճանապարհին՝ Լարսում են անցկացնում:
«Կառավարությունից էլ պահանջելու բան չկա, իրենք անգամ Վրաստանի դեմ չեն կարողանում խոսեն, ուր մնաց Ռուսաստանի դեմ», - ասում են վարորդները:
Բողոքի ակցիաների ընթացքում, բեռնատարների վարորդներին ընդառաջ դուրս եկած Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ասել էր՝ գիտեն խնդրի մասին, բանակցում են, դրական ազդակներ կան: Նախարարի այս հայտարարությունից հետո վարորդներին կառավարությունում համապատասխան վարչության աշխատակիցն է ընդունել, դժգոհ էին՝ հարցերի պատասխանները դարձյալ չէին ստացել:
Հետո մի բողոքի ակցիա էին արել ՌԴ դեսպանատան մոտ, որտեղ նրանց ներս չէին ընդունել, հորդորել էին հարցերը գրավոր ներկայացնել: Հաջորդ օրը վարորդները փակեցին Հայաստան մտոնղ սահմանային 4 անցակետերից երեքի ճանապարհենրը: Արդեն մոտ մեկ շաբաթ է՝ նրանք դադարեցրել են ակցիաները:
Վարորդներից մեկի խոսքով՝ եթե նախկինում ռուս իրավապահները փաստաթղթերի ստուգման ժամանակ, անգամ մեկ օր ժամկետը գերազանցածներին տուգանում ու արտաքսում էին, ապա այժմ այլ մեթոդներ են կիրառում:
Բեռնատարի վարորդ.- «Ես տեսնում եմ, որ կա ինչ-որ թուլացում՝ դեպորտի հետ կապված, բայց տեղի ոստիկանները առիթից օգտվելով մեծ գումարներ են շորթում մեզանից»:
«Ազատություն».- Ի՞նչ գումարի մասին է խոսքը։
Վարորդ.- «Մինչև անգամ 50,000 ռուբլի»։
«Ազատություն».- Անձամբ ձեզնից վերցրեցի՞ն գումար։
Վարորդ.- «Անձամբ ինձնից էլ վերցրեցին, ես մի փոքր գումար եմ տվել, որովհետև իմ օրերն ամեն ինչ նորմալ էր, բայց ինձ հետ էլ կային մեկ այլ հայկական մեքենաներ, էդ պահին ամեն մեկս ինչոր մեկի հետ կանգնած փորձում էինք մեր հարցերը լուծել»:
Որ Ռուսաստանում մեկ տարվա ընթացքում գումարային 90 օրն անիրատեսական է հայ բեռնափոխադրողների համար՝ փաստում է նաև միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը: Դեպորտի թղթերը ստացած վարորդները շարունակում են աջակցության համար դիմել միգրացիոն փորձագետին. «Շարունակվում են մուտքի արգելքները, նույն խնդրի առաջ կանգնած են և՛ ղազախները, և՛ ղրղըզները։ Եվ չնայած որ բոլորի համար խոստացված է, որ 180 օր է դարձվելու, բայց առայժմ այդ խոստումը դեռ իրականություն չի դարձել։ Այս պահի դրությամբ ինձ դիմել են 157 վարորդ, որոնցից 53-ին մուտքի արգելք է տրված, մյուսները հայտնվել են վերահսկվող անձանց ռեեստրում», - ասում է փորձագետը:
Հայ բեռնատարների վարորդների 90 տոկոսն, ըստ որոշ տվյալների, արդեն սպառել են այդ 90 օրերը, ոմանք այս օրերին վախը սրտներում նորից են սահմանն անցնում, աչքի առաջ ունենալով Ռուսաստանում կալանավորված Մհեր Քոսյանի պատմությունը:
«Մարդիկ ամեն ամիս 500, 600 հազար վարկ են մուծում, մինչև հունվար կանգնեն մնան, հա՛մ ավտոն կտանեն ձեռից, հա՛մ տունը», -վարորդներից մեկը, որ ներակայանալ չցանկացավ, «Ազատությանն» ասաց՝ խնդիրները միայն Ռուսաստանում չեն, Վրաստանում էլ մի քանի հազար դոլարի հասնող տուգանքներ են վճարում. «Հայկական մեքենաներին կանգնացնում են, ստուգում են, մի փոքր ճաքի համար ինչ-որ մի լույս չի վառվում մինչև հինգ հազար շտրաֆ են անում հայկական մեքենաներին»:
Հայաստանն ի՞նչ է բանակցում Ռուսաստանի հետ, ի՞նչ հույսեր կան, որ գոնե բեռնատարների վարորդների համար նախկին՝ 180-օրյա ժամկետը կգործի, վարորդներն ասում են՝ այս հարցի պատասխանն այդպես էլ կառավարությունից չստացան: Ընգդծում են՝ թանկացրել են բեռնափոխադրումները, որ կարողնանան այդ գումարները վճարել: Ասացին՝ իրենց բերած ապրանքն էլ շուկայում արդեն ավելի թանկ է վաճառվում: Ի դեպ, պաշտոնական վերջին տվյալներով՝ Հայաստանում մեկ տարում սննդամթերքը 5.4%-ով թանկացել է:
«Մենք հայտնվել ենք անտիրոջ վիճակում: Վրացիները մեզ ճնշում են, Ռուսաստանը ևս ճնշում է, այլընտրանք չեմ տեսնում», - ասում է վարորդներից մեկը:
Ռիսկի գնալով բեռնափոխադրումներ իրականացնող վարորդներն ասում են՝ եթե այս հարցը չլուծվի, իրենց բոլորին սպառնում է Ռուսաստանում կալանավորված Մհեր Քոսյանի ճակատագիրը: