Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզի Խաղաղության 8-րդ ֆորումում կարևորել է TRIPP նախագիծը, դրա իրականացումը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի համար։
Փաշինյանը շեշտել է, որ տարածաշրջանային կապվածությունը հնարավորություն կտա երկու երկրներին էլ օգտվել միմյանց տարածքից ներքին, երկկողմ և միջազգային կապի համար:
«Դա նշանակում է, որ մեր տարածքի միջով կբացվի մի նոր ուղի միջազգային տրանզիտի համար», - ասել է նա։
Ըստ վարչապետի՝ հաշվի առնելով այն, որ այժմ աշխարհն ապրում է մատակարարման շղթայի ճգնաժամ, դա իսկապես կարող է իրավիճակ փոխող հանգամանք լինել միջազգային առևտրի, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանի համար:
Նա հավելել է, ոև կլինեն բաց հաղորդուղիներ Պարսից ծոցից, Օմանի ծոցից դեպի Սև ծով, կլինի նոր կապ Կասպից ծովի և Միջերկրական ծովի միջև: Այս ամենը, Փաշինյանի համոզմամբ, Հայաստանի համար կստեղծի նոր հնարավորություններ։
ԱՄՆ-ից նախօրեին հայտարարել էին՝ հանձնառու են իրագործել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված հռչակագրերն ու փոխըմբռնման հուշագրերը: ԱՄՆ կառավարությունը նախատեսում է մինչև այս տարվա վերջ առաջին աշխատանքային խմբերը ստեղծել Ադրբեջանի և Հայաստանի հետ:
Փաշինյանը մոտ մեկ շաբաթ առաջ ասել էր, որ քաղաքական առումով Երևանը պատրաստ է ապահովել Նախիջևանի ինքնավար հանրապետությունից դեպի Ադրբեջանի հիմնական մաս և հակառակ ուղղությամբ տարանցումը ՀՀ տարածքով, բայց տեխնիկապես դա դեռ հնարավոր չէ ենթակառուցվածքների բացակայության պատճառով: