ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է՝ ակնկալում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում Բուդապեշտում հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Ես նրա հետ կհանդիպեմ, հավանաբար, առաջիկա երկու շաբաթվա ընթացքում», - Օվալաձև աշխատասենյակում լրագրողներին ասել է Թրամփը՝ հավելելով, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախ բանակցություններ կվարի ռուս պաշտոնյաների հետ։
Կրեմլը հայտարարել է, որ անհապաղ պատրաստվում է գագաթնաժողովին: Հունգարիայի վարչապետն էլ հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի հետ և, որ «ԱՄՆ-Ռուսաստան խաղաղության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են»:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդել է, որ Tomahawk թևավոր հրթիռների սպառնալիքն է Մոսկվային դրդել բանակցել:
Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո նշել է, որ Ռուսաստանի առաջնորդին «դուր չի եկել», երբ նա իրենց հեռախոսազրույցի ժամանակ բարձրացրել է Ուկրաինային 1600 կիլոմետր հեռահարությամբ հրթիռներ տրամադրելու հնարավորությունը։
Թրամփը, սակայն, Ուկրաինայի նախագահի հետ հանդիպումից մեկ օր առաջ, կարծես, կասկածի տակ է դրել, թե արդյոք Կիևն իրականում կստանա այն ամերիկյան արտադրության զենքը, որը ցանկանում է, ասելով՝ Միացյալ Նահանգները չի կարող «սպառել» իր սեփական պաշարները. «Մեզ նույնպես դրանք պետք են, ուստի չգիտեմ, թե ինչ կարող ենք անել դրա հետ կապված», - լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը: