Մատչելիության հղումներ

«Այս իշխանության պայմաններում քաղաքական պատճառով մեղադրյալ լինելը պատիվ է». Միքայել սրբազանի գործով վերդիկտը՝ վաղը


«Ումի՞ց ես պետք է ներում հայցեմ»,- դատարանում ռեպլիկի իր իրավունքից օգտվելով՝ մեղադրող կողմին ու դատավորին դիմեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, որ անազատության մեջ է շուրջ 3 ամիս:

Այսօր նրա խոսքը լակոնիկ էր, ուղերձը՝ հստակ՝ ճաղերի հետևում էլ իրեն ազատ է զգում. «Ես բանտում ավելի ազատ եմ և այնքան հնարավորություն ունեցա զրուցելու Աստծո և ինքս ինձ հետ և ուրախ ու շնորհակալ եմ դրա համար: Այնպես որ, սիրելինե՛ր, ժողովո՛ւրդ ջան, ինձ համար մի՛ մտածեք»:

Դատավոր Արմինե Մելիքսեթյանը վաղը 17:30-ին վերդիկտ կկայացնի՝ ազատություն շնորհե՞լ, թե՞ ազատազրկել իշխանության զավթման կոչի համար մեղադրվող սրբազանին:

Արքեպիսկոպոսն այսօր թեև փոքր-ինչ վրդդոված էր խոսում, բայց ասած՝ չարությամբ լցված չէ ո՛չ դատավորի, ո՛չ մեղադրող կողմի նկատմամբ. «Չարության խնդիր անգամ չկա, միայն խղճահարություն»:

Օգոստոսի 15-ին մեկնարկած և փաստացի մեկուկես ամսում ավարտական փուլ մտած դատավարության ողջ ընթացում փաստաբանական թիմը պնդում էր, որ գործընթացն անցել է խախտումներով, և կասկած հայտնում, որ դատարանն արդար վերդիկտ կկայացնի։ Վկայաբերում էին խուզարկության ընթացքում տեղ գտած խախտումներն ու այն փաստը, որ նույն մեղադրանքով այլ անձինք հիմա տնային կալանքի տակ են, իսկ 62-ամյա Աջապահյանը՝ ճաղերի ետևում:

«Այս իշխանությունը, որ զրոյացրել է և՛ 92-94թթ. իմ եղբայրների ձեռքբերումները, և՛ զրոյացրել է 2020թ.-ի 18 տարեկան տղաների՝ 5000 տղաների, իմ զավակների՝ նահատակությունը, ես այդտեղ չեմ կարող լինել, և ես ամենաշահեկան տեղում եմ և ուրախ եմ, որ մեղադրյալի աթոռին եմ այս հանգամանքներում և այս պայմաններում, որովհետև այս իշխանության պայմաններում մեղադրյալ լինելը, նաև քաղաքական պատճառներով միայն պատիվ և ուրախություն, երջանկություն», - ասաց նա:

Մեղադրանքի հիմքում մեկ տարվա վաղեմության մի հարցազրույց է, որտեղ Միքայել արքեպիսկոպոսը խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին: Ընդ որում, մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունը նույն այդ խոսքերում հանցակազմ չէր տեսել ու գործ չէր հարուցել: Սակայն, այս գործը հարուցելիս հիմնավորում է, թե Աջապահյանը հեղաշրջման անհրաժեշտության մասին միտքը կրկնել է հաջորդիվ՝ մի քանի անգամ:

Աջապահյանը մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում, իրեն մեղավոր չի ճանաչում: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան սպառնում է տուգանքից մինչև 5 տարվա ազատազրկում։

Փաստաբաններից Արա Զոհրաբյանն այսօր դատարանում համոզմունք հայտնեց, որ ավելի քան վստահ է, որ վերդիկտը լինելու է քաղաքական որոշում. «Այնպիսի պատիժ է սահմանելու, որպեսզի սրբազանին մինչև ընտրություն պահեն փակի տակ»:

Դահլիճը, որտեղ այսօր մեծամասնություն էին կազմում հոգևորականներն ու գյումրեցիները, բուռն էր արձագանքում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի և փաստաբանական թիմի ելույթներին։ Վաղն արդեն դատավորի խոսքը կհնչի՝ վերդիկտի տեսքով:

XS
SM
MD
LG