Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբայրը մեկ ամիս կանցկացնի ճաղերից այն կողմ: Երեկ ձերբակալված Գևորգ Ներսիսյանը մեղադրվում է Վաղարշապատի ավագանու ընտրությունների՝ «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանի քարոզչությանը խոչընդոտելու համար, նրա հետ մեղադրյալի աթոռին է նաև որդին՝ Համազասպը: Վերջինիս կալանքի հարցը դեռ քննվում է:
Ներսիսյաններն «Ազատության» հետ զրուցել այսօր չցանկացան, ամուր փակեցին դուռը: Նրանց փոխարեն խոսեցին Ոսկեհատի գյուղամիջում հավաքվածները: Սարգիս Հակոբյանը պատմեց, որ Գևորգ Ներսիսյանն այդ օրը գյուղամիջում իրենց հետ է եղել, երբ Մկրտչյանի թիմը եկել է, քարոզ արել ու գնացել:
«Խաղում էինք, կարթ էինք խաղում՝ ես Գևորգ Ներսիսյանը, մյուսները», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Հակոբյանը, - «Նրանք էկան, իրանց հմար կանգնան, մենք չենք խառնվել, մենք կարթ էինք խաղում, կանգնան, կանգնան, թողին գնացին, գյուղի մեջ ման էին գալիս իրենք, ուրիշ ոչ մի բան, էդքան բան եմ տեսել: Մեկ էլ էն եմ տեսել, որ միկրաֆոնից ձեներ էին հանում, չգիտեմ ինչ էին անում, էդ էր: Ոչ մեկը չի մոտեցել իրանց՝ ո՛չ Գևորգ Ներսիսյանը, ո՛չ մենք, ոչ մեկ»:
Երեկ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու ընտրություններում քաղաքապետի թեկնածու Հարություն Մկրտչյանն էր ահազանգել, որ շաբաթ օրը գյուղ էին գնացել՝ քարոզչության: «Ազատության» հետ զրույցում ասաց՝ իրենց թեկնածուներից մեկն անցել էր նաև կաթողիկոսի եղբոր տան մոտով, իրազեկել էր մի քանի ժամից գյուղամիջում սպասվող հանդիպման մասին, բայց արժանացել հայհոյանքների, վիրավորանքների, նաև՝ հորդորների՝ անհապաղ հեռանալ գյուղից:
«Իմ մոտ տպավորություն է, որ Ոսկեհատ համայնքը ամբողջությամբ Ներսիսյան ընտանիքին է պատկանում: Այնինչ իրեն իսկ կողմից հրապարակված տեսանյութի համաձայն՝ դա տեղի է ունեցել փողոցում», - նշեց Մկրտչյանը:
Ոսկեհատում, սակայն, «Ազատության» զրուցակիցները կարծիք էին հայտնում, որ այս ամենը տեղի է ունենում վարչապետ-կաթողիկոս դիմակայության շրջանակներում.
«Դե հմի երևի, չգիտեմ, ընգած են հետևներից, թե հմի ինչ մոմենտ ա, ես չեմ հասկանում, էդ ա պատճառը երևի հենց»:
«Որովհետև իրանց ինչ պետք ա անում են, ոնց ուզում են՝ ըտենց են անում»:
«Ասենք, չի էրևո՞ւմ հիմիկվա էս իրավիճակից ելնելով»:
«Սաղ էլ էկել են, շատ շնորհքով, շատ հավեսով գնացել են, ով էլ էկել ա, ստե իրանց ոչ մեկն էլ չի խանգարել: Ինչի՞ համար խանգարենք, ով ուզում ա՝ թող գա էլ, գնա էլ»:
«Սուտ ա, 100 տոկոսանոց դաժե, ոչ թե 99»:
Ներսիսյանների փաստաբանն է հրապարակել տան տեսախցիկի կադրերը: Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ պնդում է, որ այս կադրերով ընդամենը հաստատվում է ակնհայտ սուտ մատնությունը, որ կաթողիկոսի եղբորորդին դռան մոտ կանգնած է եղել, երբ նրան է մոտեցել մի տղամարդ, առաջարկել է մասնակցել ժամը 4-ի հանդիպմանը: Համբարձումը հրաժարվել է, այդ մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել: Ու մինչ փաստաբանը սա է պնդում, Հարություն Մկրտչյանը հարց է տալիս՝ ինչո՞ւ կադրերը ձայն չունեն:
«Որևէ մեկը նաև հաղորդագրության մեջ չի էլ նշել, որ ծեծի են ենթարկվել, ֆիզիկական բռնության են ենթարկվել: Ո՛չ, սեռական բնույթի հայհոյանքներ, սպառնալիքներ: Որտե՞ղ է ձայնը հրապարակված տեսանյութի, սա շատ կարևոր է», - ընդգծեց «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն:
Մկրտչյանը պնդում է՝ նույն կերպ վարվել են ժամեր հետո սկսվող հավաքի դեպքում: Այնպես են արել, որ մարդիկ չհավաքվեն գյուղամիջում, միտում են ունեցել բախումներ հրահրել, հայհոյել են իրեն ու իր թիմի ավագ անդամին:
«Ոչ մի բնակավայրում էդպիսի խնդրի առաջ մենք չենք կանգնել: Գյուղապետարանի դիմաց հավաքված բնակիչներին մեղմ ասած հորդորել են, իսկ իրականում սպառնալիքներ տեղալով ցրել են, որից անմիջապես հետո քաղաքացիները ցրվել են, գնացել են տներով, իսկ իրենք սկսել են սեփական, էսպես ասած, չակերտավոր լեգեոնները հավաքագրել և մեքենաների մեջ, անկյուններում կուտակված՝ ակնհայտ ինչ-որ լարվածության օջախ էին փորձում ստեղծել», - պատմեց «Հանրապետության» թեկնածուն:
Հարություն Մկրտչյանն ասում է՝ իրենք ևս կադրեր կունենան, որոնք կտրամադրեն իրավապահներին:
Ինչո՞ւ են ոսկեհատցիները, իր կարծիքով, հենց իրեն վատ ընդունել, քաղաքապետի թեկնածուն չի բացառում, որ պատճառը իր վերաբերմունքն է Գարեգին Երկրորդի նկատմամբ. Մկրտչյանը պաշտպանում է կաթողիկոսին գահընկեց անելու վարչապետի արշավը: Նրա կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը ևս պարբերաբար քննադատում է եկեղեցու վերնախավին: