«Թրամփի ուղու» հետ կապված աշխատանքները շարունակվելու են Հայաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջև շփումների, քննարկումների, բանակցությունների միջոցով: Այդ մասին այսօր «Ազատության» հարցին ի պատասխան հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Իսկ ադրբեջանական կողմի հե՞տ», - այս հարցին էլ Միրզոյանն արձագանքեց. - «Առայժմ որևէ էդպիսի բան չկա, ադրբեջանական կողմի հետ մենք ընդհանուր պատկերացումները, և դրանք արտահայտված են ստորագրված վաշինգտոնյան հռչակագրում, որտեղ ամրագրված է, որ ապաշրջափակումը տեղի է ունենալու երկու երկրների տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնմխելիության, ինքնիշխանության և համապատասխանաբար իրավազորության ներքո՝ անխոչընդոտ, փոխադարձ առավելություններ»:
«Ինչո՞ւ անխոչընդոտ ձևակերպումը չօգտագործվեց նաև հայկական կողմի համար», - «Ազատության» այս հարցին էլ նախարարը հակադարձեց. - «20 հազար անգամ, նույն հարցին ինչքա՞ն կարելի է, էլի, պատասխանել, իմաստ ունի՞ նույն հարցը 50 հազար անգամ տալ, ձեզ չեմ անձամբ ասում, բայց էդ հարցին էնքան ենք պատասխանել: Նույն բանն է, գրված է՝ անխոչընդոտ, փոխադարձ առավելություններով։ Իսկ անխոչընդոտը ի՞նչ է։ Տասնյակ կոնվենցիաներ ու միջազգային փաստաթղթեր կան, որտեղ էդ նույն անխոչընդոտի վերաբերյալ Հայաստանը ունի պարտավորություններ, ընդ որում, ասենք, ոչ միայն Ադրբեջանի նկատմամբ, էլի: Մի լսեք ընդդիմադիրներին։ Իրավազորություն ի՞նչ է նշանակում»։
«Մենք պայմանավորվել ենք նրա շուրջ, ինչ որ գրված և հրապարակված է։ Մնացած բանավոր մեկնաբանությունները էական չեն։ Ժողովուրդ ջան, նայեք նրան, ինչ որ գրված և հրապարակված է։ Դրա տակ կա Հայաստանի վարչապետի ստորագրությունը, դրա տակ կա Ադրբեջանի նախագահի ստորագրությունը, մի հատ էլ կա Միացյալ Նահանգների նախագահի ստորագրությունը», - ընդգծեց Միրզոյանը:
Հաջորդ տարեսկզբին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման՝ Թուրքիայի արտգործնախարարի ակնկալիքների վերաբերյալ հարցին նախարարը պատասխանեց. - «Երևի կարող եք գրավոր հարցում ուղարկել Թուրքիայի արտգործնախարարությունը։ Մենք ինչպես և հենց նախաստորագրելու պահին, ինչպես և դրանից առաջ, երբ տեքստը համաձայնեցված էր մարտի կեսերին, հայտարարեցինք, որ պատրաստ ենք րոպե առաջ սկսել ստորագրման տեղի և վայրի վերաբերյալ խորհրդակցությունները, նույնպես հենց այսօր էլ պատրաստ ենք րոպե առաջ սկսել դա»: