«Ըստ էության մեկնարկել են քննարկումները ամերիկյան կողմի հետ այն դետալների մասին, որոնք դեռևս ճշտման կարիք ունեն, այդ թվում նաև՝ հայ-ամերիկյան համատեղ ընկերության ձևակերպման, դրա գրանցման», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ փուլում են «Թրամփի ուղու» շուրջ աշխատանքները:
«Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգներից պատվիրակություն ժամանեց Երևան, և, բնականաբար, մեր երկկողմ քննարկումների ընթացքում նաև ճանապարհների ապաշրջափակմանը և «Թրամփի ուղի» նախագծին ենք անդրադարձ կատարել», - նշեց Կոստանյանը:
Հայաստանի Ազգային անվտանգության տնօրենի Բաքու այցից ակնկալիքների մասին հարցին, մասնավորապես՝ հնարավո՞ր է՝ Անդրանիկ Սիմոնյանն Ադրբեջանի մայրաքաղաքում հայ գերիներին տեսակցելու հարց բարձրացնի, փոխնախարարն արձագանքեց. - «Ես կխուսափեմ այս պահին որևէ մեկնաբանություն անել, և վստահաբար մեր գործընկերները այցի արդյունքներով իրենք մեկնաբանություններով հանդես կգան, բայց օգոստոսի 8-ից հետո, կարծում եմ, շատ տրամաբանական է, որ մեր տարբեր գերատեսչություններ պիտի արդեն շատ ավելի ինտենսիվ շփումներ ունենան նաև ադրբեջանական կողմի հետ: Իսկ ինչ վերաբերում է հումանիտար խնդիրներին, այդ թվում՝ Ադրբեջանում պահվող անձանց, այդ թվում՝ անհետ կորած անձանց խնդիրները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, Կառավարության ուշադրության կենտրոնում: Մենք այդ ուղղությամբ մշտապես ենք աշխատանքներ իրականացնում, և քննարկումները թե՛ մեր միջազգային գործընկերների հետ, թե՛ ադրբեջանական կողմի հետ մշտապես ընթանում են»։
«Այս դեպքում, կարո՞ղ եք ասել, կարո՞ղ է լինել այդպիսի հնարավորություն, որ գերիները վերադառնան», - այս հարցին ի պատասխան էլ Կոստանյանն ասաց. - «Կխուսափեմ այս պահին հավելյալ մեկնաբանություններ տալուց»։
«Սահմանազատման հետ կապված աշխատանքներից ի՞նչ նորություն կա։ Փոխվարչապետերը հանդիպում են։ Կա համաձայնություն, թե որտեղից պետք է շարունակվի, բայց դրանից հետո վարչապետը հայտարարեց, որ այդ ճանապարհի հատվածը պետք է սահմանազատվի։ Հիմա հնարավո՞ր է այժմ ապաշրջափակման հարցերով այդ հանձնաժողովները զբաղված են հենց այդ հատվածի սահմանազատման աշխատանքներով», - սրան էլ փոխնախարարն արձագանքեց. - «Նախորդիվ, ոչ թե վերջին՝ դրան նախորդող հանդիպումից հետո էական զարգացումներ են եղել Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում, այդ թվում՝ պայմանավորվածությունը տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման, և ինչպես արդեն Հայաստանի Հանրապետության վարչապետն էլ նշել է՝ դելիմիտացիայի պրոցեսը այս փուլում պիտի սպասարկի նաև այս գործընթացը: Որովհետև տրամաբանական է՝ եթե ապաշրջափակվում են ճանապարհները և կոմունիկացիաները, ապա այդ կոմունիկացիաները պետք է ունենան մեկ երկրից մյուս երկիրը անցման հստակ կետեր»։