Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից շատ չանցած Ուկրաինան կրկին հայտարարում է, թե Ռուսաստանը մտադիր չէ դադարեցնել պատերազմը:
ՌԴ-ից անհրաժեշտ են կոնկրետ քայլեր՝ իրական դիվանագիտության ուղղությամբ». Զելենսկի
Նախագահ Վլադիմիր Զելենսկին, որ վերջին օրերին խորհրդակցություններ էր անցկացնում եվրոպայի առաջնորդների հետ՝ Կիևին տրամադրվելիք անվտանգության երաշխիքների վերաբերյալ, այսօր ասել է, թե Ռուսաստանից բացասական ազդակներ են գալիս հնարավոր հանդիպումների վերաբերյալ:
«Մեր քաղաքներին և գյուղերին հարվածները շարունակվում են։ Ամեն օր նոր զոհեր կան։ Ռուսները կարձագանքեն միայն իրական ճնշմանը։ Անհրաժեշտ է ճնշում։ Մենք դրա վրա ենք հույս դնում։ Ռուսաստանից անհրաժեշտ են կոնկրետ քայլեր՝ իրական դիվանագիտության ուղղությամբ», - գրել է Ուկրաինայի առաջնորդը:
Թրամփը տնտեսական պատերազմով է սպառնում
Զուգահեռ Միացյալ Նահանգների նախագահն է կրկին խոսել Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին, անգամ տնտեսական պատերազմով է սպառնացել, որը, ըստ Թրամփի, ծանր հետևանքներ կունենա Մոսկվայի համար: Ընդգծելով, որ մտքում շատ վատ սցենար ունի, եթե ստիպված լինի գնալ այդ քայլին, միաժամանակ ԱՄՆ նախագահն ասել է, որ ուզում է պատերազմի ավարտը տեսնել:
«Անցած շաբաթ յոթ հազար զինվոր է մահացել՝ ռուս և ուկրաինացի: Նրանք ամերիկացի չէին, շատերը կարող են ասել՝ ինչո՞ւ եք անհանգստանում, նրանք ամերիկացի չեն: Բայց ես անհանգիստ եմ: Վերջին երկու շաբաթում 12 հազարից ավելի մարդ է զոհվել այդ անօդաչուներով հիմար պատերազմում: Ես ուզում եմ վերջ տալ սրան, եթե՝ ոչ, ապա դա չի լինի երրորդ համաշխարհայինը, բայց կսկսվի տնտեսական պատերազմ, որը վատ ավարտ կունենա Ռուսաստանի համար: Ես դա չեմ ցանկանում», - նշել է Թրամփը:
Նախագահ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այս շաբաթ Նյու Յորքում հանդիպելու է ուկրաինական պատվիրակության հետ, ամերիկացի պաշտոնյան ասել է, որ ռուսների հետ մշտական կապի մեջ է:
Ուկրաինայի արտգործնախարարը եվրոպացի ու ամերիկացի պաշտոնակիցների հետ հեռախոսազրույցում ասել է, որ Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ առաջնորդների մակարդակով հանդիպման՝ ցանկացած ձևաչափով ու վայրում, բայց նախ պետք է լուծվի Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը. դրանք պետք է ներառեն ռազմական, դիվանագիտական ու իրավական բաղադրիչներ:
Կրեմլի պայմանը. առաջնորդների հանդիպում հնարավոր է միայն նախապատրաստական հսկայական աշխատանքից հետո
Ռուսասատանի նախագահի խոսնակը շտապեց արձագանքել պնդելով Կրեմլի պայմանը՝ առաջնորդների հանդիպում հնարավոր է միայն նախապատրաստական հսկայական աշխատանքից հետո: Պեսկովը չի թաքցրել, որ Մոսկվայի և Կիևի միջև այդ հարցով արդեն կան շփումներ:
Կիևը քիչ հավանական է համարում առաջիկայում Պուտին-Զելենսկի հանդիպումը
Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը քիչ հավանական է համարում առաջիկայում Պուտին-Զելենսկի հանդիպումը. «Ռուսաստանի քաղաքականության ամբողջ կառուցվածը բազային երեք կետերի վրա է. ժամանակի ձգում, ինչի համար էլ մոլորեցնում են Միացյալ Նահանգներին, թե իբր բանակցում են: Երկրորդ՝ որևէ պայմանով չհամաձայնել կրակի դադարեցման, ինչի մասին անձամբ Թրամփն է խոսում: Եվ երրորդն էլ, իհարկե, պատժամիջոցներից խուսափելն է. այդ նպատակով է Ռուսաստանը բանակցությունների իմիտացիա անում: Բայց իրականում հետաքրքրված չեն խաղաղությամբ», - ասել է Պոդոլյակը:
Մինչ այդ մարտերը շարունակվում են. Ուկրաինան հերքում է տեղեկությունները, թե ռուսական զինուժը բնակավայրեր է գրավել Դոնեցկին հարակից Դնեպրոպետրովսկում, հաստատելով, սակայն, որ այդ շրջանում ռազմական գործողություններ ընթանում են: