Մատչելիության հղումներ

«Վանաձորում չարաշահվում են պետական իշխանության վարչական ռեսուրսները». «Անկախ դիտորդ»


«Վանաձորում տեղական ինքնակառավարումը կազմալուծված է, չարաշահվում են պետական իշխանության վարչական ռեսուրսները, և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ապօրինի որոշմամբ կրկին կանխվում է համայնքի ղեկավարի ընտրությունը», - ահազանգում է ընտրություններն ու ՏԻՄ մարմինները մշտադիտարկող «Անկախ դիտորդ» դաշինքը:

«Ամբողջական պատկերը ցույց է տալիս, որ գործընթացը քաղաքական է՝ իրավական բացերի օգտագործմամբ»:

Հինգ օր առաջ ԴԱՀԿ-ն վերջապես կարճեց ավագանու վրա արգելանք սահմանող վարույթը: Քաղաքը շունչ քաշեց ու հայտարարություններ եղան, թե համայնքի ավագանին չորս տարի անց ի վերջո համայնքի ղեկավար կընտրի կամ կլուծարվի ու նոր ընտրություններ տեղի կունենան: Բայց ահա հաջորդ առավոտ ԴԱՀԿ Լոռու մարզային բաժնի պետ Սերժիկ Խաչատրյանը որպես վերադաս, անձամբ վերանայեց և վերացրեց իր ենթակայի՝ արգելանքը հանելու մասին կայացրած որոշումը։ Հայտնի չէ՝ ի՞նչն այսքան արագ նույն կառույցում մտափոխվելու տեղիք տվեց, օդից կախված է նաև հարցը՝ արդյոք բաժնի պետը տեղյակ չի՞ եղել՝ իր ենթական ինչ որոշում է կայացնում Հայաստանի մեծությամբ երրորդ համայնքի ճակատագրի մասին, ինչու շտապեց ուղղել նրա սխալը: Բայց փաստ է՝ Վանաձորին ընտրության հնարավորություն տվող որոշումը չեղարկվել է:

«Անկախ դիտորդ» դաշինքի փորձագետ Անտոն Իվչենկոն չի բացառում, որ այս որոշման ետևում թաքնված են «ավելի վերևներից» իջեցված հրահանգներ կամ մեծ ազդեցություններ. «Պետը չէր կարող ներգրավված չլիներ առաջին որոշման կայացման մեջ: Առաջին որոշումը կայացվել էր ըստ օրենքի ոգու ու ըստ օրենքի տառի: Չեմ բացառի, որ այստեղ եղել է որևիցե ներգործություն»:

2021-ին Վանաձորի ավագանու մանդատ ստացած «Հայրենիք» կուսակցության անդամ Վահե Դոխոյանն էր դիմել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, որպեսզի դեռ երկու տարի առաջ վճռաբեկ դատարանի վճռի հիման վրա հանի ավագանու վրա դրված արգելանքը: Այսօր կուսակցությունը պատրաստվում է բողոքարկել արգելանքն ուժի մեջ թողնելու մասին ԴԱՀԿ երկրորդ որոշումը:

Ի՞նչ ընթացք կստանա արդեն չորս տարի ձգվող իրավական քաոսը, հայտնի չէ, բայց անկախ փորձագետի կարծիքով՝ թե՛ դատարաններում ու թե՛ արդեն Հարկադիր կատարման ծառայությունում տեղի ունեցողը ոչ թե իրավական, այլև քաղաքական գործընթաց է:

Ավագանիում երկու մանդատ ունեցող «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը կարճ է ձևակերպում ստեղծված իրավիճակը. «Անօրինություն, առևանգված քաղաքացիների ձայն»:

Ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչն ասում է՝ իրավիճակը չի փոխվի, քանի դեռ այն ձեռնտու է իշխանություններին. «Օրենքը համապատասխանեցվում է իրենց վարած քաղաքականությանը, որի տրամաբանությունը միակն է, պետք է հարմար լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության իշխանություն լինելուն, մնալուն: Իրենք ինչ ուզում անելու են՝ պետք է, օրենք կփոխեն, պետք է, 10 անգամ կփոխեն, պետք է, չեն փոխի»:

Քաղաքապետարանից ասացին՝ ավագանու նիստ առաջիկայում նախատեսում են, բայց միայն արտահերթ՝ հաջորդ տարվա բյուջեի ու սուբվենցիոն ծրագրերի օրակարգով, ոչ թե համայնքի ղեկավարի ընտրության: Մինչ քաղաքական ուժերի մի մասն ուրախացել էր արգելանքը հանելու մասին ԴԱՀԿ առաջին որոշումից, մյուս մասը՝ երկրորդ, Վանաձորի փողոցներում քաղաքացիներից շատերը կամ տեղյակ չէին տեղի ունեցողից կամ էլ՝ անտարբեր էին:




XS
SM
MD
LG