Մինսկի խումբը այսօրվանից լուծարված է։ Արտաքին գործերի նախարարությունից «Ազատությանը» տեղեկացրին, որ ստացել են ԵԱՀԿ գործող նախագահող Ֆինլանդիայի արտգործնախարարի նամակը, որով հաստատվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի և առնչվող կառույցների լուծարման վերաբերյալ որոշման համար սահմանված լռելյայն ընթացակարգը ԵԱՀԿ անդամ պետությունների կողմից չի խախտվել, և որոշումը սեպտեմբերի 1-ից համարվում է ընդունված։
Նախագահող Էլինա Վալտոնենի շնորհավորանքն ենք կարդում ԵԱՀԿ-ի պաշտոնական էջում. - «Կցանկանայի ևս մեկ անգամ իմ ջերմ շնորհավորանքներն ուղղել Հայաստանին ու Ադրբեջանին՝ պատմական համաձայնության, նաև դրանք արագ կյանքի կոչելու վճռականության առթիվ։ Ես անմիջապես արձագանքել եմ նրանց համատեղ կոչին ու անկեղծ երախտագիտությունս եմ հայտնել կողմերին իրենց գերազանց համագործակցության համար»։
Կառույցի գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն ողջունել է Մինսկի գործընթացի փակումը X-ի իր էջում. «Շնորհավորում եմ Հայաստանին և Ադրբեջանին տարածաշրջանում խաղաղության և կայունության ուղղությամբ այս կոնկրետ քայլի համար, որը դիվանագիտության ազդեցության հզոր վկայություն է»։
«Եվս մի հաղթանակ», - տոնում են նաև Բաքվի լրատվամիջոցները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԱՀԿ-ին շրջանառվել է Մինսկի գործընթացի և կառույցների լուծարման վերաբերյալ համատեղ դիմումը. ՀՀ ԱԳՆԱրցախյան հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ու Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան համանախագահությամբ գործող այս խմբի լուծարման պահանջը Ադրբեջանն էր առաջադրել որպես խաղաղության պայմանագրի նախաստորագրման պայման։ Օգոստոսի 8-ին Մինսկի խմբի լուծարումը վաշինգտոնյան Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հռչակագրի երկրորդ կետով նախատեսվեց։
Հայաստանի ու Ադրբեջանի գլխավոր դիվանագետները լուծարման դիմումը ԵԱՀԿ-ին համատեղ ստորագրեցին, կոչ արեցին մասնակից պետություններին ընդունել այդ որոշումը։ ԵԱՀԿ անդամ 57 երկրներից որևէ առարկություն չի հնչել։
Կառույցում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը ընդգծել է․ «Եթե կողմերը խմբի պահպանումը նպատակահարմար չեն համարում, մենք որևէ պատճառ չենք տեսնում կանխելու դրա լուծարումը։ Այսպիսով, խումբն ավելի քան 31-ամյա գործունեությունից հետո լուծարվում է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մինսկի խմբի լուծարում, TRIPP հաղորդակցության ծրագիր. ինչ է նախատեսում հռչակագիրը«ԵԱՀԿ կանոնադրությանը հակասող լուծում է տրվել»
Արցախի նախկին պետնախարար, իրավապաշտպան Արտակ Բեգլարյանի խոսքով՝ Մինսկի խումբը Բուդապեշտի գագաթնաժողովում է ձևավորվել, և այն կարող է լուծարվել միայն գագաթնաժողովի որոշմամբ։ Այս լռելյայն համաձայնության մեթոդն, ըստ Բեգլարյանի, նախատեսված չէ. - «Նախարարների կոմիտեն ավելի ցածր կարգավիճակ ունի, քան գագաթնաժողովը, իսկ ԵԱՀԿ-ի կանոնադրությամբ հստակ գրված է, որ որևէ որոշում չի կարող չեղարկվել ավելի ցածր կարգավիճակ ունեցող մարմնի կողմից, եթե այդ որոշումը կայացվում է ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարմնի կողմից»։
Ինչ էլ լինի, Մինսկի խմբի չգոյությունը չի նշանակում արցախցիների իրավունքների չգոյություն, շեշտում է իրավապաշտպանը. - «Չի նշանակում, որ Հայաստանի իշխանությունների դիրքորոշման փոփոխության պարագայում Արցախի մասով չի կարող միջազգային նոր մեխանիզմ ձևավորվել»։
Բեգլարյանի խոսքով՝ Մինսկի խմբի լուծարումը ցուցադրում է այն բանի, որ Արցախի հարցը փակված է, բայց ինչպե՞ս, եթե Արցախցիների կարգավիճակի, անվտանգության, վերադարձի իրավունքի հարցերը լուծված չեն։ Արցախի էջը փակելն ու այս խումբը լուծարելը համարում է միջազգային հանցագործությունը, ցեղասպանությունն ու էթնիկ զտումը լեգիտիմացնել։
«Եթե Արցախի էջը ձեզ համար փակ է, խումբն ինչո՞ւ եք լուծարում»
«Եթե Արցախի էջը ձեզ համար փակ է, խումբն ինչո՞ւ եք լուծարում», - վարչապետ Փաշինյանին է հարցնում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը։
«Ոնց որ Հայաստանը որոշի, որ Պաղեստինի ժողովուրդը չպետք է ձգտի անկախության։ Եղբայր, դու իրանց անունից չես բանակցում, մի բանակցի։ Արդեն երկար ժամանակ է չես բանակցում։ Հիմա ո՞ւր ես մտել իրենց իրավունքների դաշտ, դու որպես պետություն իրենց իրավունքները սահմանափակում ես, որ ի՞նչ», - ասաց Մարուքյանը՝ հավելելով, - «Հա, հիմա ասենք թե մնում էր հարցին։ Ամեն իրավիճակում ասում են չէ՞, ալտերնատիվը ո՞րն էր։ Լավ, ալտերնատիվն այն էր, որ բանակցային գործընթացում դու ձեռքիդ մի հատ ինչ-որ բան ունես, որ Ալիևը խնդրում է քեզանից։ Ասում է՝ «ինձ օդի պես պետք է այս ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարել»։ Բա, լավ, դու դրա դիմաց ոչ մի բան չե՞ս կարողանում ուզել»։
Մինսկի խմբի լուծարման Բաքվի պահանջին ընդառաջ գնալը ընդդիմությունը զիջում է համարում ոչ մի բանի դիմաց։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի մոտեցումը այս հարցում մի քանի անգամ փոխվել է։ Խումբը թոշակի ուղարկելու մասին Բաքուն սկսեց խոսել 44-օրյա պատերազմից հետո։ Հետո այդ ցանկությունը դարձավ նախապայման։ Հայաստանի վարչապետն ասում էր՝ խաղաղության պայմանագիրը ստորագրվի հետո. - «Խաղաղությունը, երբ որ կայացած փաստ է, այդ ձևաչափի գոյությունը, կարծում եմ, իրոք կարող է հարցեր առաջացնել։ Խնդիրը այստեղ ժամկետի մասին է, պետք չի կառքը ձիուց առաջ դնել»։
Այս տարեսկզբից արդեն Փաշինյանն ինքն էր առաջարկում լուծարել Մինսկի խումբը։ Նա տարածաշրջանում խաղաղություն հաստատելու վերաբերյալ 12 առաջարկներ հրապարակեց Ֆեյսբուքի իր էջում։ Խմբի լուծարումը վերջին տողում է։ Ի դեպ, կետերից մեկն էլ ամբողջությամբ պահվող անձանց խնդիրը լուծելն է։
Ի վերջո խումբը լուծարվում է խաղաղության պայմանագրի նախաստորագրումից հետո՝ սեպտեմբերի 1-ին։ Արցախի անկախության հռչակման 34-ամյակի նախօրեին, որ ավելի քան 100 հազար տեղահանված արցախցիներ ոչ թե կտոնեն, այլ կհիշատակեն Երևանի ազատության հրապարակում։