Ոչ մի խնդիր չեմ տեսնում. Ղուկասյանի փեսան՝ իր պաշտոնի մասին

Գյումրիի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը Շիրակի մարզխորհրդի նիստի ժամանակ, 10-ը հոկտեմբերի, 2025թ.

Ընտրություններից վեց ամիս անց կենտրոնական իշխանության ու Գյումրիի քաղաքապետի սուր հակասությունների ֆոնին քաղաքային իշխանության ներկայացուցիչներն այսօր առաջին անգամ մասնակցում էին մարզխորհրդի նիստին: Բայց ոչ թե քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էր եկել, այլ՝ նրա առաջին տեղակալն ու աշխատակազմի ղեկավարը:

Վարդան Ղուկասյանի տեղակալ փեսայից՝ Ավետիս Առաքելյանից «Ազատություն»-ը հետաքրքրվեց՝ ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցին այս անգամ մասնակցել նիստին:

«Բայց ճիշտն ասած, առաջին անգամ ասելով ի նկատի ունենք, որ նոր ենք ստացել մենք էս անգամ, անցած անգամ էդպես տեղեկություններ չունեինք՝ չէր եկել մեզ գրությունը, չգիտեմ` ինչ պատճառով չէր հասել, թե չէ մենք չենք բացակայում, ոչ էլ արհամարհում ենք մարզպետարանը», - վստահեցրեց Առաքելյանը:

Երեկ Շիրակի մարզպետարանն ու Գյումրիի համայնքապետարանը իրենց պաշտոնական ֆեյսբուքյան էջերում իրար կարգի էին հրավիրում: Արդյո՞ք այդ մեղադրանքների ֆոնին փոխքաղաքապետի մասնակցությունը հաշտեցմանն ուղղված քայլ է: «Մեր աշխատանքային գործընթացն է, որը որևիցե լարվածության հետ, եթե լարվածությանը նայենք, այլուայլ աշխատանքներ էլ պիտի չկատարե՞նք», - եղավ պատասխանը:

Երեկ մարզպետարանը բավականին կոշտ հայտարարությամբ Գյումրիի քաղաքապետարանին հորդորել էր համայնքապետարանի կայքն ու սոցիալական էջերը ոչ թե անձնական ու կուսակցական շահերին ծառայեցնել, այլ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով տեղեկություն տրամադրել համայնքի արած-չարածից.

«Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջ» ֆեյսբուքյան էջն օգտագործում է որպես անձնական հարաբերությունների պարզաբանման ու քաղաքական գրագրությունների հարթակ, ինչն ինքնին անհարգալից վերաբերմունք է գյումրեցիների նկատմամբ, ովքեր ակնկալում են համայնքապետարանի էջում տեսնել արված աշխատանքի մասին տեղեկատվություն»։

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ասում է՝ մարզպետարանը վերահսկողության լիազորություն ունի: Կառավարության որոշմամբ է սահմանված, թե ինչ բովանդակություն պետք է ունենան համայնքապետարանների կայքերը, բայց Գյումրիի համայնքապետարանը որոշել է «փոխել խաղի կանոնները»:

«Արդյո՞ք գյումրեցիները ուզում են իրենց քաղաքապետարանի էջում տեսնել անձնական նամակագրություններ կամ այլ քաղաքական ուժերի՝ երկրի ղեկավարին վիրավորող արտահայտություններով պաստառներ կամ հայտարարություններ: Վստահ եմ՝ չեն ուզում», - ասաց մարզպետը:

Չուշացավ նաև քաղաքապետարանի պատասխանը: «Շիրակի մարզպետի աշխատակազմը, որը վերածվել է կուսակցական օթևանի իշխող ուժի ներկայացուցիչների համար, թող զբաղվի իր ուղիղ պարտականություններով և չփորձի հիմա էլ տեղեկատվական ստրկատեր դառնալ», - հայտարարեցին քաղաքապետարանից:

Մարզպետ Դավիթ Առուշանյանն ասաց՝ իր համար ակնհայտ է, թե ում ձեռագիրն է, ինքը չի պատրաստվում պատասխանել քաղաքապետարանի հանրային կապերի պատասխանատուին. - «Ցավում եմ, որ Գյումրու քաղաքապետարանի էջը դարձել է Լիլիթ Աղեկյանի բլոգը, և պատասխանի մասով, էդ մասով՝ ես, գիտեք, որ Լիլիթ Աղեկյանին չեմ պատասխանում, ուղղակի դեղին կակաչներ եմ ուղարկում ամեն անգամ իրա գրառումներին»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լիլիթ Աղեկյանն ահազանգում է բռնության և նվաստացման մասին, իրավապահները հերքում են

Վարդան Ղուկասյանի ու իշխանության հակասությունները վերջերս առավել սրվեցին, երբ Գյումրիի ընդդիմադիր քաղաքապետը դարձյալ պնդեց, թե Հայաստանը տեսնում է Ռուսաստանի հետ դաշինքում: Վարչապետը հաջորդիվ հայտարարեց, թե Հայաստանի ինքնիշխանության դեմ հանդես եկողները պետք է դուրս շպրտվեն հանրային ու քաղաքական դաշտից: Սա Ղուկասյանը քաղաքական հետապնդում է համարում ու բացատրություններ պահանջում Նիկոլ Փաշինյանից՝ պնդելով, թե հանրային դաշտից դուրս շպրտելը ֆիզիկական գոյությանը սպառնալիք է նշանակում, անգամ դիմել է Հայաստանում հավատարմագրված դեսպաններին:

Առուշանյանը թեև ընդունում է՝ օտարերկրյա դեսպաններին դիմելու իրավունքը Ղուկասյանինն է, բայց չի հասկանում, թե ինչու. - «Ինչի՞ համար են դիմում, ի՞նչ, ռեպրեսիանե՞ր կան քաղաքապետի հանդեպ, ես չեմ տեսել: Եկեք ժամանակը մի քիչ հետ տանենք, եկեք ռեպրեսիաները հիշենք էն ժամանակները, երբ որ հաջորդ ընտրություններում Վարդան Ղուկասյանին թույլ չտվեցին մասնակցել ընտրություններին. էդ մասին ես չեմ ասում, էդ մասին պարոն Ղուկասյանն է ասում»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գյումրիի ավագանու «Կոմկուս» խմբակցությունը դիմել է 25 երկրների դեսպաններին՝ բողոքելով Ղուկասյանի նկատմամբ քաղաքական հետապնդումից

Քրեական գործով մեղադրյալ Վարդան Ղուկասյանը պարբերարաբար հայտարարում է, որ իր համար ակնհայտ է իշխանությունների՝ իրեն պաշտոնանկ անելու սցենարը՝ մինչև 26 թվականի ընտրությունները իրեն կալանավորելու են, փոխքաղաքապետ փեսային պաշտոնանկ են անելու, ու ավագանու այլ անդամների իրենց կողմը ներգրավելով՝ իշխանությունը վերցնելու են Գյումրիում: Արդյո՞ք հենց այս սցենարով են փորձելու Գյումրիում իշխանությունը վերցնել, «Ազատություն-ը հետաքրքրվեց Շիրակի ՔՊ-ական մարզպետից:

«Հիմի որևիցե սցենար չկա, պարոն Ղուկասյանը ինչի մասին է խոսում՝ չեմ կարող ասել, գուցե ինքը ինֆորմացիաներ ունի: Մենք նման սցենար չունենք, մենք նման ձեռագրով չենք առաջնորդվում», - վստահեցրեց Առուշանյանը:

Հոկտեմբերի 25-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կհրապարակի միանգամից երկու եզրակացություն՝ արդյո՞ք Գյումրիի քաղաքապետի՝ փեսային տեղակալ նշանակելու որոշման մեջ շահերի բախում կա, իսկ փեսան էլ արդյո՞ք խախտել է Հանրային ծառայության մասին օրենքը ու աներոջ ենթակա նշանակվել:

Ավետիս Առաքելյանը ստացել է հանձնաժողովի գրությունը:

«Իրավաբանները զբաղվում են, ոչ մի խնդիր չեմ տեսնում էդտեղ», - հայտարարեց փոխքաղաքապետը՝ հավաստիացնելով, թե մտավախություն չունի, որ իրեն կարող են պաշտոնանկ անել. - «Ոչ, ոչ, ոչ, մենք մնալու ենք, երկար ենք մնալու»:

Վարդան Ղուկասյանն, ըստ ամենայնի, առաջիկա օրերին նաև քրեական ոստիկանության գլխավոր վարչություն կհրավիրվի, քանի որ ուսումնասիրվում է նրա՝ «Քաղաքացիական պայմանագրի» կողմից ընտրակաշառք բաժանելու մասին հայտարարությունը:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաստաբանական թիմը կասկածներ ունի, թե Սպարտակ Ղուկասյանին պատրաստվում են կալանավորելԳյումրիի քաղաքապետի զրահապատ մեքենան փորձել են տանել տուգանային հրապարակՍարուխանյան. Ղուկասյանը գնալու է, գյումրեցիներն են դուրս շպրտելու նրան«Ժողովրդի ընտրյալին վարչապետն ասում է՝ դուրս շպրտվի». Ղուկասյանի արձագանքը ՓաշինյանինՓաշինյան. «ՀՀ ինքնիշխանության դեմ հայտարարություններ անողներին պետք է դուրս շպրտենք քաղաքական ու հանրային դաշտից»