Ադրբեջանի նախագահն այսօր դարձյալ գործածել է «Զանգեզուրի միջանց» ձևակերպումը, նշել բացման մոտավոր ժամկետն ու հայտարարել՝ Բաքուն չեղարկել է Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցման արգելքը։
Մինչ օրերս Երևանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վստահեցրել էր, թե հայկական կողմի համար անընդունելի ձևակերպման՝ «Զանգեզուրի միջանցքի» թեմային անդրադառնալու օբյեկտիվ հիմքեր այլևս չկան, քանի որ այն գոնե իր համար արդեն հասցեագրված է և արդիական չէ», Իլհամ Ալիևը Աստանայում հայտարարեց՝ «Զանգեզուրի միջանցքը» նախատեսվում է բացել մինչև 2028 թվականի վերջը։
«Բացի այն, ինչ մենք հիմա պլանավորում և իրականացնում ենք, հսկայական ներուժ է կազմում նաև Զանգեզուրի միջանցքի նախագիծը։ Ադրբեջանի տարածքում ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության ստեղծմանն ուղղված աշխատանքները ավարտին կհասցվեն հաջորդ տարվա կեսերին։ Հուսով ենք, որ այլ երկրների տարածքում այդ աշխատանքները նույնքան արագորեն կիրականացվեն։ Այդ դեպքում «Զանգեզուրի միջանցքի» բացումը կարող է տեղի ունենալ 2028-ի տարեվերջին», - հայտարարել է Ալիևը:
Սյունիքով անցնող ճանապարհը, որ պետք է Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջևանի հետ կապի, Բաքվից արդեն հինգերորդ տարին է՝ անվանում են «Զանգեզուրի միջանցք»: Երկու ամիս առաջ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հռչակագրով Սյունիքի ճանապարհի 42 կիլոմետրանոց հատվածը ստացավ «Թրամփի ուղի» անվանումը, բայց Բաքուն չհրաժարվեց իր նախընտրած ձևակերպումից:
Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը
Այսօր Աստանայում Ալիևը ոչ միայն նորից կրկնեց «Զանգեզուրի միջանցք» տերմինը, այլ նաև խուսափեց նշել Հայաստանի անունը՝ մնացած ճանապարհի մասին խոսելիս օգտագործելով «այլ երկրների տարածք» ձևակերպումը։
Ղազախստան կատարած այցի ընթացքում Իլհամ Ալիևի մյուս ուշագրավ հայտարարությունը վերաբերում էր բեռների տարանցմանը. «Ադրբեջանը չեղարկել է Հայաստան ապրանքների տարանցման արգելքը։ Առաջին տարանցիկ բեռը կլինի Հայաստան առաքվող ղազախական ցորենի խմբաքանակը։ Այս փաստը վկայում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունն արդեն ոչ թե թղթի վրա է, այլև գործնականում»:
Երևանից ողջունում են
Պաշտոնական Երևանը կարճ ժամանակ անց ողջունեց Ալիևի այս հայտարարությունը։ Նախ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան կարճ գրառում արեց, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ավելի ուշ ուրախությամբ կիսվեց՝ ընդգծելով՝ այս քայլը կարևոր նշանակություն ունի տարածաշրջանային հաղորդակցությունների բացման, փոխվստահության ամրապնդման և խաղաղության օրակարգի առաջմղման գործում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը ողջունում է դեպի ՀՀ բեռների տարանցման սահմանափակումների վերացման մասին Ալիևի հայտարարությունըԷկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ողջունելուց բացի, որոշ փակագծեր բացեց՝ նշելով երթուղին. «Լավ, որ այսքանը ասվեց, սա էլ ասեմ. շուտով Ակտաու-Բաքու, այնուհետև ադրբեջանական ու վրացական երկաթգծով Հայաստան կմտնի ղազախական ցորենի առաջին խմբաքանակը։ Խաղաղությունը հաստատված է»։
Երևանից պաշտոնյաներն այսօր չանդրադարձան այն հանգամանքին, որ Ալիևը դարձյալ կիրառում է հայկական կողմի համար անընդունելի «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը:
Ալիևը նաև հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության նոր փուլ է մեկնարկել: Ըստ նրա՝ այն հանգամանքը, որ վերջին ռազմական բախումներից ընդամենը երկու տարի անց կողմերը նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը, վկայում է երկու պետությունների մոտ լուրջ քաղաքական կամքի առկայության մասին։ Բաքուն, սակայն, նախաստորագրումից հետո էլ չի հրաժարվում ստորագրման իր նախապայմանից՝ պահանջում են փոխել Հայաստանի Սահմանադրությունը, որում տարածքային պահանջ են տեսնում: