Այսօր բերման ենթարկված հոգևորականների փաստաբաններ Մարինե Ֆարմանյանն ու Արա Զոհրաբյանը նշում են, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոանիսյանի հաղորդման հիման վրա է բերման ենթարկելու այս գործընթացը տեղի ունեցել:
Մասնավորապես, Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամ քահանայի՝ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցից հետո է հաղորդում ներկայացվել:
Դանիել Իոաննիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց. «Շուրջ մեկ ամիս առաջ Հանրային հեռուստատեսության եթերում քահանա տեր Արամը հայտարարել էր, որ 21 թվականին իրեն պարտադրել են մասնակցել քաղաքական ուժերից մեկի նախընտրական հանրահավաքին: Դա քրեորեն պատժելի արարք է: Այդ հայտարարության հիմքով՝ ինչպես ժողովրդավարական կարգին ուղղված ցանկացած հրապարակային հայտնված տեղեկատվության դեպքում, մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել դատախազություն: Ճիշտն ասած՝ հաղորդումը ներկայացնելուց հետո հետագա ընթացքի վերաբերյալ տեղեկություն չունեինք և չգիտեինք, որ քրեական վարույթը հարուցվել է: Այսօր իմացանք: Մենք որևիցե տեղեկություն չունեինք՝ ովքեր են ենթադրյալ հանցագործությունը կատարողները, միակ տեղեկությունը այդ հարցազրույցի ժամանակ քահանայի ասվածն էր, որը ուղարկել ենք դատախազություն, խնդրել ենք քննել»:
«Ազատություն». -Դուք ինչպե՞ս եք գնահատում այն պնդումները, որ այստեղ քաղաքական շարժառիթներ կան: Օրինակ՝ եկեղեցին տեսնում է, որ այս ամենն իրականացվում է իշխանության կողմից հակաեկեղեցական արշավի շրջանակում: Ստացվում է, որ Դուք էլ մա՞ս եք կազմում այդ արշավի:
Դանիել Իոաննիսյան. - «Մենք որևիցե արշավի մաս չենք կազմում: Մի խումբ ՀԿ-ների, այդ թվում՝ մեր նախաձեռնությամբ, հանրահավաքին մասնակցելուն պարտադրելը քրեականացված արարք է ՀՀ-ում, և պետությունը պետք է պայքարի բոլոր նման դրսևորումների դեմ:
«Ազատություն». «Դուք չե՞ք տեսնում քաղաքական շարժառիթ այս վարույթի հետևում: Այսինքն՝ եթե չլիներ եկեղեցու ու իշխանության միջև լարված հարաբերությունները, գուցե այս վարույթը չլինե՞ր:
Դանիել Իոաննիսյան. - «Ցանկացած դեպքում, երբ իմանում ենք կամ հրապարակային տեղեկատվություն է հայտնվում, որ ինչ-որ մեկին պարտադրել են, որ հանրահավաքին մասնակցի կամ վճարել են հանրահավաքին մասնակցելու համար, մենք բոլոր դեպքերով միշտ ներկայացնում ենք հանցագործության մասին հաղորդում: Մեզ համար տարբերություն չկա՝ ով է դա անում. իշխանությունը, ընդդիմությունը, եկեղեցականները, աթեիստները, մենք միշտ հաղորդումները ներկայացրել ենք»:
«Ազատությունը» կապվել է նաև Հովհաննավանքի հոգևոր հովիվ տեր Արամ քահանայի հետ, ով ասաց. «կտեղեկանա՝ արդյոք կան բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ, որից հետո կարձագանքեմ»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բերման ենթարկված 10 հոգևորական, Արագածոտնի թեմի առաջնորդի գտնվելու վայրը ժամեր անց հայտնի դարձավԱյսօր Մայր Աթոռից հաղորդեցին, որ ձերբակալվել է Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը, կան բերման ենթարկված մի շարք այլ հոգևորականներ, այդ թվում՝ Արագածոտնի թեմի առաջնորդը:
Փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ Մկրտիչ Սրբազանի գտնվելու վայրն անհայտ է: Քննչական կոմիտեից հրաժարավում են ասել, թե որտեղ է նա:
Փաստաբանները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել ոստիկանություն՝ Արագածոտնի թեմի առաջնորդի անհետացման հետ կապված՝ անձի գտնվելու վայրը թաքցնելու փաստով:
Ավելի ուշ հաղորդվեց նաև, որ բերման ենթարկված երկու քահանայի գտնվելու վայրը ևս անհայտ է:
Հաղորդվում է, որ նախքան բերման ենթարկելը վաղ առավոտից խուզարկություններ են եղել հոգևորականների տներում, փաստաբանների խոսքով՝ խուզարկություն է իրականացվում Արագածոտնի թեմի առաջնորդարանում:
Հոգևորականների փաստաբանների խոսքով՝ թեև հոգևորականներին հարկադրաբար բերման են ենթարկել, սակայն Քննչական կոմիտեում նրանք ունեն վկայի կարգավիճակ: Փաստաբանական խումբը տեղեկացնում է՝ թեև Մայր Աթոռից ունեն լիազորագիր՝ պաշտպանելու հոգևորականների շահերը, սակայն նրանց չի թույլատրվում ներս մտնել: Իրենց մուտքը Քննչական վարչություն խոչընդոտելու դեպքով հաղորդում է ներկայացվել ոստիկանություն: