«Համաս»-ն ու Իսրայելը համաձայնեցին ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի ծրագրի առաջին փուլի շուրջ

Իսրայելցիները տոնում են համաձայնությունը Թել Ավիվի «Պատանդների հրապարակում», 9-ը հոկտեմբերի, 2025թ.

Իսրայելում և Պաղեստինում տոն է. «Համաս»-ն ու Իսրայելը համաձայնել են ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի ծրագրի առաջին փուլի շուրջ: Դրա շրջանակում պետք է անմիջապես ազատ արձակվեն Գազայում պահվող բոլոր 48 իսրայելցի պատանդները, որոնցից ողջ են համարվում 20-ը, Իսրայելն իր զորքը պետք է դուրս բերի նախապես համաձայնեցված դիրքեր և ազատ արձակի պաղեստինցի մոտ 2 հազար բանտարկյալի:

Գործարքը նաև պետք է ճանապարհ հարթի գրեթե հողին հավասարված Գազա մարդասիրական օգնության մատակարարման համար:

Ակնկալվում է, որ Իսրայելն իր զորքերը դուրս կբերի ուրբաթ, իսկ պատանդներն ազատ կարձակվեն կիրակի կամ երկուշաբթի:

Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի և Իսրայելի բանագնացները Շարմ Էլ-Շեյխում այսօր կեսօրին ստորագրել են համաձայնագրի վերջնական տարբերակը: Ակնկալվում էր, որ այն պետք է ուժի մեջ մտներ ստորագրման պահից, սակայն Իսրայելի կառավարության խոսնակն ասել է, որ Գազայում հրադադարն ուժի մեջ կմտնի, եթե այսօր երեկոյան կայանալիք նիստին կառավարությունը վավերացնի համաձայնագիրը:

«Համաս»-ն էլ հայտարարել է, որ պատանդների ազատ արձակման համար անհրաժեշտ է Գազայում պատերազմի ավարտի «մասին պաշտոնական հայտարարություն», ինչը համաձայնագրի գլխավոր կետերից է։

Պատմական այս գործարքի մասին Սպիտակ տանը երեկ առաջինը հայտարարել է ԱՄՆ նախագահը:

«Պետքարտուղարը հենց նոր ինձ երկտող փոխանցեց, որում ասվում է, որ մենք շատ մոտ ենք Մերձավոր Արևելքում համաձայնության գալուն», - ասել է Դոնալդ Թրամփը:

Դրանից մոտ 10 րոպե անց Թրամփը սոցցանցում հաստատել է, որ կողմերը համաձայնել են՝ նշելով, որ սա առաջին քայլն է դեպի ուժեղ, կայուն և տևական խաղաղություն։ Սպիտակ տան ղեկավարը նշել է՝ սա «մեծ օր է» արաբական և մուսուլմանական աշխարհի, Իսրայելի, տարածաշրջանի և ԱՄՆ-ի համար, ապա շնորհակալություն է հայտնել միջնորդներ Կատարին, Եգիպտոսին և Թուրքիային:

ԱՄՆ նախագահը նաև հեռախոսով զրուցել է իսրայելցի պատանդներից մի քանիսի ընտանիքների հետ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Նոր Գազա». Սպիտակ տունը հրապարակել է հակամարտության կարգավորման ծրագիրը

Չնայած ձեռք բերված համաձայնությանը՝ Գազայում դեռ պայթյուններ են լսվում: Իսրայելի բանակը, այդուհանդերձ, հայտարարել է, որ սկսում է «տեղակայման գծերը ճշգրտելու» նախապատրաստական աշխատանքները:

Պաղեստինցիերն ու իսրայելցիները երեկվանից բառացիորեն հեղեղել են փողոցները և տոնում են երկար սպասված համաձայնությունն ու անհամբեր սպասում հարազատների վերադարձին:

«Սա պատմական պահ է, որին երկար են սպասել պաղեստինցիները՝ պաղեստինցի ժողովրդի դեմ երկու տարի տևած սպանություններից և ցեղասպանությունից հետո», - ասել է պաղեստինցի Խալեդ Սաաթը:

«Փառք Աստծուն այս հրադադարի, արյունահեղության և սպանությունների դադարեցման համար։ Ես միակը չեմ, ով ուրախ է, ամբողջ Գազայի հատվածը, ողջ արաբ ժողովուրդը, ամբողջ աշխարհն է ուրախ հրադադարի և արյունահեղության դադարեցման համար», -ասել է մեկ այլ պաղեստինցի՝ Աբդուլ Մաջիդ Աբդ Ռաբբոն:

Թել Ավիվում մարդիկ հավաքվել են «Պատանդների հրապարակում» և տոնել իրադարձությունը, հավաքները շարունակվել են նաև այսօր:

Սակայն շատերը, հատկապես նախկին պատանդները, զգուշավոր են, ասում են՝ մինչև մյուսները չհասնեն տուն, դեռ վաղ է ուրախանալ:

«Քանի դեռ չի եկել այն պահը, երբ դու գրկում ես մայրիկիդ, հայրիկիդ, մոտենում զինվորներին, որոնք քեզ դիմավորում են հպարտությամբ և ուրախությամբ, համաձայնությունը դեռ չի կայացել», - նշել է իսրայելցի նախկին պատանդ Օմեր Շեմ-Տովը:

«Իսկապես, մեծ ուրախություն է … բայց մենք պետք է իրատես լինենք, մինչև նրանք կնստեն Կարմիր Խաչի մեքենան և իսկապես կհանդիպեն Իսրայելի Պաշտպանության բանակի զինվորներին։ Մինչ այդ պահը մենք պետք է աղոթենք», - ասել է Էլիա Կոհենը՝ մեկ այլ նախկին պատանդ:

Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը և աշխարհի մի շարք առաջնորդներ ողջունել են համաձայնությունը, որի մասին լուրերի ֆոնին Իսրայելի արժեթղթերի շուկան և ազգային արժույթը կտրուկ աճել են՝ արտացոլելով հրադադարի ծրագրի վերաբերյալ լավատեսությունը:

ՄԱԿ-ի պաղեստինցի փախստականների հարցերով գործակալությունը հայտարարել է՝ պատրաստ է երեք ամսվա համար մարդասիրական օգնություն առաքել Գազա: Նորվեգիայի փախստականների խորհրդի գլխավոր քարտուղարը, սակայն, պնդում է, որ օգնության ծրագիրը կձախողվի, քանզի ոչ բոլոր կազմակերպություններին է թույլ տրվում օգնություն առաքել, իսկ միայն ՄԱԿ-ի տրամադրածը բավարար չէ. «Շատերը դեռ չեն ստացել թույլտվություն և չեն էլ ստանա: Պետք է լիարժեք հասանելիություն տրամադրվի այն կազմակերպություններին, որոնց մուտքը Գազա փակ է մարտից»:

ԱՄՆ նախագահի 20-կետանոց ծրագրով Գազայում նաև միջազգային կառավարմամբ Խաղաղության խորհուրդ պետք է ձևավորվի, «Համաս»-ը պետք է զինաթափվի, և պետք է բացառվի այս շարժման մասնակցությունը Գազայի հետագա կառավարմանը։

2023-ի հոկտեմբերին բռնկված պատերազմի հետևանքով ավելի քան 67 հազար պաղեստինցի է սպանվել, վիրավորվել է ավելի քան 169 հազարը: Իսրայելական կողմն ունեցել է մոտ 1200 զոհ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Գազայում պահվող գերիները հավանաբար կազատվեն երկուշաբթի օրը. ԹրամփԻսրայելը և «Համաս»-ը պայմանավորվել են հրադադարի և գերիների ազատ արձակման գործարքի շուրջԹրամփը հայտարարել է, որ կարող է մեկնել Մերձավոր Արևելք՝ Գազայի հարցով համաձայնության գալու համար«Համաս»-ը գործարքի կնքման համար երաշխիքներ է պահանջումԻսրայելի և «Համաս»-ի բանակցություններն ավարտվել են դրական նոտայով. ԶԼՄ-ներ