Իսրայելի և «Համաս»-ի բանակցություններն ավարտվել են դրական նոտայով. ԶԼՄ-ներ

Գազայի հատված, արխիվ

Իսրայելի և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի պատվիրակությունները երկուշաբթի բանակցություններ են անցկացրել Եգիպտոսում: Դրանք շարունակվելու են այսօր:

Բանակցությունների առաջին օրն ավարտվել է դրական նոտայով՝ հույսերի ֆոնին, որ հնարավոր է ձեռք բերվի համաձայնություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 20 կետից բաղկացած պլանի կյանքի կոչման շուրջ, հաղորդում են Al Jazeera-ն և մի շարք այլ լրատվամիջոցներ՝ հղում անելով մի քանի աղբյուրների։

Բանակցություններն անցկացվում են Շարմ Էլ Շեյխում՝ Եգիպտոսի, Միացյալ Նահանգների և Կատարի պատվիրակությունների միջնորդությամբ:

Իսրայելը Գազա քաղաքում հարվածները, սակայն, շարունակել է նաև բանակցությունների օրը:

ԱՄՆ նախագահի 20-կետանոց ծրագրով «Համաս»-ի կողմից բոլոր պատանդների ազատումից 72 ժամ անց Իսրայելը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները, ազատի պաղեստինցի հարյուրավոր բանտարկյալներին, աստիճանաբար դուրս բերի իր զորքը Գազայից: Այն նաև նախատեսում է «Համաս»-ի զինաթափում, Գազայում միջազգային կառավարմամբ Խաղաղության խորհրդի ձևավորում և բացառում է «Համաս»-ի մասնակցությունը Գազայի հետագա կառավարմանը։