Եգիպտոսի, Քաթարի և ԱՄՆ-ի միջնորդությամբ Շարմ էլ Շեյխում այսօր նախատեսված են Իսրայելի ու «Համաս»-ի անուղղակի բանակցությունները ԱՄՆ նախագահի խաղաղության ծրագրի պայմանների շուրջ՝ վերջ դնելու Գազայում արդեն երկու տարի ընթացող պատերազմին և ազատ արձակելու պատանդներին:
Իսրայելի պատվիրակությունը գլխավորում է ռազմավարական հարցերով նախարար Ռոն Դերմերը, իսկ Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ինը՝ շարժման առաջնորդներից Խալիլ ալ-Հայան, որն անցած ամիս Քաթարում իսրայելական հարձակման թիրախներից մեկն էր։
Բանակցություններին ծանոթ պաշտոնյան ասել է, որ դրանք կարող են օրեր տևել: «Համաս»-ի աղբյուրն էլ Reuters-ին ասել է, որ բարդ է լինելու համաձայնության գալ շարժումը զինաթափելու Իսրայելի պահանջի շուրջ, ինչը խմբավորումն անհնար է համարում, քանի դեռ Իսրայելը չի դադարեցրել իր օկուպացիան և չի ստեղծվել պաղեստինյան պետություն, ինչին, իր հերթին, դեմ է Թել Ավիվը։
ԱՄՆ նախագահը երեկոյան սոցցանցում կողմերին կոչ է արել արագացնել գործընթացը՝ սպառնալով, որ այլապես արյունահեղություն կլինի: Ապա Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ առաջին փուլը պետք է ավարտվի այս շաբաթ, և հավելել՝ «շատ դրական քննարկումներ» են ունեցել «Համաս»-ի ու մի շարք երկրների հետ։
«Կարծես ամեն ինչ ստացվում է։ Այնպես որ, մի փոքր կսպասենք՝ տեսնելու, թե ինչպես կավարտվի ամեն ինչ … Կարծում եմ՝ ամեն ինչ շատ արագ կընթանա։ Հանդիպումները կարծես շատ լավ են անցնում», - հայտարարել է Թրամփը:
«Համաս»-ն օրը ուրբաթ համաձայնել է ազատ արձակել մնացած իսրայելցի պատանդներին, որոնցից մոտ 20-ը ենթադրաբար ողջ են, սակայն նաև ցանկանում է բանակցել Թրամփի ծրագրի մյուս մասերի շուրջ։
ԱՄՆ նախագահի 20-կետանոց ծրագրով «Համաս»-ի կողմից բոլոր պատանդների ազատումից 72 ժամ անց Իսրայելը պետք է դադարեցնի ռազմական գործողությունները, ազատի պաղեստինցի բանտարկյալներին, աստիճանաբար դուրս բերի իր զորքը Գազայից: Այն նաև նախատեսում է «Համաս»-ի զինաթափում, Գազայում միջազգային կառավարմամբ Խաղաղության խորհրդի ձևավորում, և բացառում է «Համաս»-ի մասնակցությունը Գազայի հետագա կառավարմանը։
Մոտալուտ բանակցությունների հանգամանքը չի խանգարել, որ Իսրայելը գիշերը և առավոտյան շարունակի հարձակումները Գազայի վրա: Պաղեստինի տվյալներով՝ վերջին մեկ օրում 24 պաղեստինցի է սպանվել:
Պատանդների հնարավոր ազատ արձակման լուրերի ֆոնին երեկ երեկոյան Թել Ավիվում հարյուրավոր մարդիկ են հավաքվել և աղոթել նրանց վերադարձի համար:
Իսրայելցի նախկին պատանդ Օհադ Բեն Ամինը Իսրայելի կառավարությանը խնդրում է անպայման համաձայնել գործարքին, որպեսզի պատանդները հնարավորինս շուտ վերադառնան, քանզի ֆիզիկական և հոգեկան շատ վատ վիճակում են։
«Շատ հիասթափված եմ մեր կառավարությունից։ Բայց իմ ժողովրդով շատ եմ հպարտանում: Նրանք չլռեցին, պայքարեցին մեզ համար ... Այնպես որ, ես այստեղ եմ իսրայելցի ժողովրդի շնորհիվ», - հայտարարել է նախկին պատանդը:
Մի շարք երկրներում էլ հավաքներ են անցկացվել ի պաշտպանություն պաղեստինցիների, Ստամբուլում երեկ մարդաշատ հանրահավաք և երթ է տեղի ունեցել, Բելգրադում բազմամարդ երթի մասնակիցները կառավարությանը կոչ են արել ավելի կոշտ դիրքորոշում ընդունել Գազայում պատերազմի դեմ։
Գազայից տեղահանված պաղեստինցիները շատ հույսեր չեն կապում բանակցությունների հետ:
«Մարդկանց մեծ մասը մտահոգված է, որ հրադադար տեղի չի ունենա, և սա վերջին փուլն է, սա մեծ խնդիր է… Երկրորդ անգամն է, որ տեղահանվում ենք հյուսիսից հարավ։ Տեղահանությունը նվաստացրել է բոլորիս։ Մեզ փողոց են նետել», - ասել է Սամեհ Աբն-Ռաբբոհը:
«Ողջ աշխարհը միավորված է պատերազմը դադարեցնելու, Աստծո կամոք, վերջապես Պաղեստինի պետություն ստեղծելու իր ցանկության մեջ։ Թունելի վերջում մշուշոտ լույս եմ տեսնում։ Աստծո կամոք, դա լավ կլինի բոլորի համար», - նշել է Աթալլահ Յաղին:
2023-ի հոկտեմբերին սկսված պատերազմի հետևանքով ավելի քան 67 հազար պաղեստինցի է սպանվել, վիրավորվել է մոտ 170 հազարը, բռնի տեղահանվել է ավելի քան 1.9 միլիոն պաղեստինցի: Իսրայելական կողմից սպանվել է 1,983 մարդ: