Կարապետյանը՝ «Մեր ձևով», Ծառուկյանը՝ «Առաջարկ Հայաստանին» ծրագրով. ո՞վ ո՞ւմ հետ է քննարկումներ սկսել

Ում հետ է «Մեր ձևով» շարժումը հնարավոր համարում կոնսոլիդացիան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը չի բացառում համագործակցությունը կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» շարժման հետ: Իսկ քաղաքական համագործակցության մասին, ըստ Մարուքյանի, կխոսեն, երբ ստեղծվի Կարապետյանի առաջնորդած ուժը:

«Շփումներ կան «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի հետ, - ասաց նա, - Ես կարող եմ մի բան ասել, որ երբ քաղաքական ուժը կձևավորվի, այդ ժամանակ մենք կարող ենք խոսել այդ մասին: Նաև բազմիցս եղել են տարբեր հարցազրույցներ, որտեղ ես չեմ բացառել համագործակցությունը Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի հետ»:

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, որ անազատության մեջ գտնվող գործարարի եղբորորդին է, օրերս Կարպիս Փաշոյանի հետ զրույցում ասել էր, թե այս պահին քննարկվում է լայն կոնսոլիդացիայով ընտրություններին մասնակցելու հարցը, սակայն Կարապետյանը բացառել էր անձամբ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ կոնսոլիդացիան: Միաժամանակ, Կարապետյանն, ըստ էության, չէր բացառել համագործակցության հնարավորությունը Էդմոն Մարուքյանի և առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:

«Լայն կոնսոլիդացիայի տարբերակ հնարավոր է՝ քննարկվում է», - ասել էր Նարեկ Կարապետյանը:

Եթե Էդմոն Մարուքյանը հաստատում է, որ շփումներ կան Սամվել Կարապետյանի թիմ հետ, և համագործկացությունն էլ չի բացառվում, ապա ի՞նչ տրամադրություններ են Տեր-Պետրոսյանի ղեկավարած ՀԱԿ-ում: Կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն «Ազատության» այս հարցին ի պատասխան փոխանցեց. «Մենք կհամագործակցենք ցանկացած ռացիոնալ և իրատեսական մտածողություն ունեցող քաղաքական ուժի հետ, որն ընդունում է իրական խաղաղություն կառուցելու, թալանի վերադարձը թույլ չտալու, Հայաստանը ճիշտ ռելսերին դնելու մեր մոտեցումները և կանգնած է մեր պատմամշակութային ինքնությունը պահպանելու դիրքերին»:

Ի դեպ, բացառելով երկրորդ և երրորդ նախագահների հետ կոնսոլիդացիան, Նարեկ Կարապետյանն արդեն մամուլի ասուլիսում ընդգծեց, թե Քոչարյանի և Սարգսյանի թիմերից որոշ անձանց հետ համագործակցությունը հնարավոր է: Շաբաթ օրը Սամվել Կարապետյանի շարժման անդամների հաշվետու ժողովին բեմում էր նաև Ռոբերտ Քոչարյանի թիմի նախկին անդամ, «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Չենք ասել, որ այդ ուժերի որևէ ներկայացուցչի հետ չենք գնա: Ինչպես հայտարարել ենք միշտ, յուրաքանչյուր պրոֆեսիոնալ, որը ունի մեծ փորձ և մաքուր ձեռքեր, կարող է մեզ միանալ, և շարժվենք առաջ», - ասել էր շարժման համակարգողը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Մեր ձևով» շարժումը վստահեցնում է՝ վարչապետի իրենց թեկնածուն ընդունելի կլինի

Ծառուկյանն ընտրություններին կմասնակցի «Առաջարկ Հայաստանին» ծրագրով

Մինչ Սամվել Կարապետյանի առաջնորդած շարժումը «մաքուր ձեռքերով արհեստավարժների» հետ է քննարկումներ ծավալում, ընտրություններին ընդառաջ «բանիմաց» անհատների հետ քննարկումներ է սկսել մեկ այլ խոշոր գործարար՝ Գագիկ Ծառուկյանը: Օրերս ԲՀԿ առաջնորդը հայտարարեց՝ մի քանի ամսից կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով:

«Ես մտածում եմ, շփվում եմ, քննարկում եմ տարբեր ոլորտները տարբեր մասնագետների հետ: Այսօր Հայաստանում չկա մի մարդ, մի կուսակցություն, որ կարողանա մեր երկիրն այս վիճակից հանել: Անպայման պետք է լինի քննարկում, համախմբում, պարտադիր չէ, որ կուսակցական լինեն, այլ՝ մարդը տվյալ ոլորտի ներկայացուցիչն է, արդյունավետ, բանիմաց, ցանկանում է, որ իր երկիրը լավ լինի, հզոր, անկախ, ուժեղ, ժողովուրդը հարուստ լինի», - նշել է նա, - Ծրագիրը պետք է լինի՝ այսօր ուսումնասիրելով մեր երկրի հնարավորությունը, մեր ժողովրդի ունակությունը», - հավելել է նա:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ովքեր և ինչպես են պատրաստվում մասնակցել 2026-ի Աժ ընտրություններին

«Ծառուկյանի հետ մեկ միասնական թիմով ենք մասնակցելու ընտրություններին». Սուրենյանց

ԲՀԿ առաջնորդի «Առաջարկ Հայաստանին» ծրագրին միանալու մասին արդեն հայտարարել է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը: Ավելին, նա այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ Ծառուկյանի քաղաքական ուժի հետ միասին են մասնակցելու ԱԺ ընտրություններին:

«Մենք մեկ միասնական թիմով ենք մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Իհարկե, ձևաչափային լուծումները երկուսը, երեքը կարող են լինել, ձևաչափային տարբեր մոտեցումներ հիմա քննարկվում են, բայց որ մեր քաղաքական ուժերը գնալու են կոնսոլիդացիայի և խորհրդարանական ընտրություններին մեկ թիմ դառնալու ճանապարհով, դա հստակ է», - հայտնեց նա:

Սուրեն Սուրենյանցն ասում է, որ նախկինում իր ու Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերը այսօրինակ համագործակցության փորձ արդեն ունեն: 2021-26 -ի ՏԻՄ ընտրություններում «Դեմոկրատական այլընտրանքը» և ԲՀԿ-ն ինստիտուցիոնալ դաշինք ունեին և մի շարք համայնքներում միասին են մասնակցել:

«Դեմոկրատական այլընտրանքից» բացի էլ ո՞ր ուժերը կարող են միանալ Գագիկ Ծառուկյանին, Սուրեն Սուրենյանցն ասում է, թե դռները բաց են բոլորի համար, գլխավորը ծրագիրն է, նախ պետք է կոնսենսուսի գալ ծրագրի շուրջ, որից հետո արդեն կուրվագծվի մասնակիցների շրջանակը:

«Ապրելու երկիրը» Ծառուկյանից առաջարկ չի ստացել. Մանե Թանդիլյան

Ի դեպ, «Հրապարակը» գրել էր, որ Ծառուկյանին կարող է միանալ նաև ընդդիմադիր «Ապրելու երկիր» կուսակցությունը:

Կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը, սակայն, «Ազատությանը» փոխանցեց, որ նման առաջարկ չեն ստացել Ծառուկյանից: Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է համագործակցությունը՝ օրինակ՝ դաշինքով մասնակցել ընտրություններին, նա պատասխանեց. «Մենք ոչ այդպիսի քննարկում, ոչ առաջարկ չունենք»:

Իսկ ի՞նչ ձևաչափով «Ապրելու երկիրը» կմասնակցի խորհրդարանական ընտրություններին. Մանե Թանդիլյանն ասաց, որ ֆորմատների շուրջ քննարկումները դեռ շարունակվում են:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Փաշինյանի վերընտրվելը ձգտում է զրոյի». Քոչարյանի համոզմամբ՝ երկու ընդդիմադիր ուժ միասին ավելի շատ ձայն կարող են ստանալ


Սամվել Կարապետյանի և Գագիկ Ծառուկյանի ձևավորվող նախաձեռնություններին զուգահեռ հայտնի է, որ 8 ամսից կայանալիք խորհրդարական ընտրություններին մասնակցելու է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նա օրերս ասել էր՝ մասնակցության ֆորմատի մասին առավել հստակ կխոսեն հունվարին: