Կառավարությունն այսօր հավանություն տվեց պարտադիր զինվորական ծառայությունը կես տարով կրճատելու նախագծին: Այն ներկայացրած պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը տեղեկացրեց՝ ձմեռային զորակոչը նախատեսում են մեկնարկել հունվարի 7-ից, այսինքն եթե օրենսդրական փոփոխություններն ամբողջությամբ ընդունվեն, արդեն այս ձմեռ երիտասարդները բանակ կզորակոչվեն 1.5 տարով:
Փոփոխությունները, սակայն, հետադարձ ուժ չեն ունենա, այս պահին ծառայողները բանակում կմնան 2 տարով:
Պաշտոնական պարզաբանմամբ՝ ծառայության ժամկետի կրճատումը պայմանագրային ծառայության գրավչության բարձրացման արդյունք է, մասնավորապես «Պաշտպան Հայրենյաց» ծրագրի շրջանակում այս պահին 4220 զինծառայող որոշել է շարունակել ծառայությունն ու աշխատավարձ ստանալ:
«Այն զինծառայողներն են ժամկետային, ովքեր պայմանագիր են կնքել Պաշտպանության նախարարության հետ և իրենք դառնալու են պայմանագրային զինծառայողներ 5 տարվա ծառայության ժամկետով», - նշեց Սարգսյանը:
Գործադիրի նիստը վարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, դիմելով կառավարության անդամներին, հարցրեց՝ կարծիքներ կա՞ն «կարևորագույն նախագծի վերաբերյալ», ամբողջ դահլիճից արձագանքեց միայն առողջապահության նախարարը: Անահիտ Ավանեսյանն էլ ոչ թե այս օրերին հնչող մտահոգություններին անդրադարձավ, այլ շնորհակալություն հայտնեց:
«Թե՛ առողջապահական տեսանկյունից, թե՛ մեր տղաների կրթական ծրագրերում հետագայում ներգրավելու առումով այս կես տարվա փոփոխությունն ահռելի նշանակություն է ունենալու, և, իհարկե, ուզում եմ շնորհակալությունս հայտնել կառավարությանը և Պաշտպանության նախարարությանը նաև որպես ծնող», - ասաց Ավանեսյանը:
Որևէ հարց չհնչեց. եթե այս նախագծի քննարկումը տևեց 4.5 րոպե, ապա հաջորդը՝ խաղող մթերողներին աջակցություն տրամադրելու հարցի վերաբերյալ կառավարության անդամները խոսեցին շուրջ 25 րոպե, քննարկման առանցքում էին մարդկանց ալկոհոլային նախասիրությունները, գինու տուրիզմը, գինեգործության զարգացման հեռանկարները, հարցերի ու ելույթների թիվը մոտ 20-ի հասավ:
Բանակի օրենքի փոփոխությունների վերաբերյալ բազմաթիվ հարցեր ու մտահոգություններ ընդդիմադիրներն ունեն. ընդգծում են՝ ժամկետը կրճատելով, ըստ էության, նվազում է բանակի թվակազմը, Հայաստանի անվտանգությունն ավելի խոցելի է դառնում. «Վերցնել և կարճաժամկետ կտրվածքով գնահատել պատերազմի հավանականությունը և գնալ այսպիսի փոփոխությունների, սա պարզապես երկիրը խոցելիության դաշտում պահելու ճանապարհն է»:
Գործադիրի նիստին նախագիծը ներկայացրած պաշտպանության փոխնախարարն անցած ամիս ընդունեց՝ զինված ուժերը համալրման կարիք ունեն ու նաև այդ պատճառով են վարժական հավաքների մասնակիցներին ներգրավում մարտական հերթապահության մեջ, այդ պարագայում ինչպե՞ս են իշխանությունները նման քայլի գնում: Ընդդիմությունն ունի հարցի պատասխանը՝ նախընտրական քայլ է, հաստատվելու դեպքում ծառայությունը կկրճատվի 2026-ի համապետական ընտրություններից ուղիղ կես տարի առաջ:
«Իհարկե, առաջին հերթին դիտարկվում է այս որոշման քաղաքական մասը, որովհետև ընտրություններ են և պետք է ցույց տալ, որ հետևում են խաղաղության օրակարգին և կոնկրետ բան ցույց տան», - նշեց ռազմական վերլուծաբան Էդուարդ Առաքելյանը:
Ի՞նչ ռիսկեր կամ խնդիրներ կառաջանան ծառայության ժամկետը կրճատելուց հետո. ռազմական վերլուծաբանի գնահատմամբ՝ ամեն բան կախված է, թե կլրացվի՞ այդ բացը, եթե՝ ոչ, զինծառայողների ծանրաբեռնվածությունը կմեծանա. «Իմ փորձով ասեմ, եթե ենթադրենք մի դիրքում 12 մարդու փախարեն 9-ը կամ 10-ը լինի, բնականաբար, զինծառայողների ծանրաբեռնվածությունը կմեծանա, որովհետև նրանք ավելի քիչ կհանգստանան, շատ կհոգնեն»:
Նախագիծը դեռ պետք է քննարկի ու հաստատվի Ազգային ժողովում, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» ձայները բավարար են օրենքը ընդունելու համար: