Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ «իշխանությունը տապալելու փորձը ձախողվել է»: Այս համատեքստում նա հիշեցրել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը և մի շարք այլ ընդդիմադիր ուժեր արգելելու իշխող կուսակցության ծրագրերի մասին:
Վարչապետի խոսքով՝ վերջին չորս տարվա ընթացքում «Ազգային շարժումը» հինգ անգամ փորձել է տապալել իշխանությունը, կազմակերպել «մայդան» և անկարգություններ հրահրել երկրում, ինչին իշխանությունները «համարժեք պատասխան են տվել»:
Հոկտեմբերի 4-ին Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ էին: Բազմաթիվ քաղաքացիներ դուրս էին եկել փողոց իշխող «Վրացական երազանք» կուսակցության դեմ զանգվածային բողոքի ակցիաների կոչերից հետո: Առնվազն 9 ընդդիմադիր ուժ կոչ էր արել բոյկոտել քվեարկությունը:
Ընդդիմության առաջնորդներից 5 մարդ ձերբակալված է: