Այն, ինչ Մայր Աթոռը պաշտոնական հաղորդագրությամբ սրբապիղծ բեմականացում է համարում, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանն անվանում է պատարագ. խոսքը Հովհաննավանքում կարգալույծ քահանայի կատարած ծեսի մասին է:
«Վարչապետը ազատ է, վարչապետը ինչպես Հայաստանի ցանկացած քաղաքացի իրավունք ունի մասնակցելու ցանկացած տեղ պատարագների, հոգևոր արարողության: Մենք ազատ երկրում ենք, և բնականաբար՝ կարող են գնալ և մասնակցել. ցանկացած մարդի, ցանկացած մարդի որոշումն է դա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդը:
Հարցին՝ «սա պատարա՞գ է, ըստ Ձեզ, սրբազան», Վազգեն սրբազանն արձագանքեց. - «Պատարագ չի՞: Հիսուսը ասում է՝ «որտեղ իմ անունով երկու-երեք հոգի հավաքվում են, ես այնտեղ եմ», հիմա դրա անունը կդնեք պատարագ, ժամերգություն, թե հոգևոր երաժշտության օր՝ դա տարբեր է»:
Դիտարկմանն էլ, որ Մայր Աթոռն այն պղծություն է համարել, Բալթյան երկրների Հայոց թեմի առաջնորդը հակադարձեց. - «Դուք գնացեք հարցրեք ով համարել է: Ես Մայր Աթոռն ե՞մ: Այո, [Մայր Աթոռի միաբաններից եմ], բայց Մայր Աթոռը ուի իր պաշտոնական արտահայտությունը, թող Մայր Աթոռը պատասխանի այդ ամենը»:
Վազգեն արքեպիսկոպոսի տեսակետը, ստացվում է, տարբերվում է Մայր Աթոռի պաշտոնական տեսակետից: Էջմիածինն այդ արարողություններն անվավեր է համարում, նշում, որ Հովհաննավանքը պիտի վերասրբագործվի։
Վազգեն սրբազանը մի պատմության մեջ ընկավ Նիկոլ Փաշինյանի՝ եկեղեցիների «չուլանացման» վերաբերյալ հայտարարությունից, այսինքն՝ արշավանքի մեկնարկից ուղիղ մեկ ամիս առաջ: Նա Հայաստանի վարչապետին էր ջերմորեն ընդունել Տալլինի հայկական եկեղեցում, օրհնել նրան, ողջունել քայլերը դեպի Եվրամիություն. - «Մեր աղոթքն է, որ, պարոն վարչապետ, Ձեր այն ծրագրերը, որ ունեք խաղաղության և մեր Հայաստանի հարևանների հետ հաշտության, լինի հաջողությամբ: Մեր աղոթքն է, որ որպես եվրոպական երկրների հավատացյալներ, քաղաքացիներ և առաջնորդ, մեր երկիրը դեպի Եվրոմիություն իր քայլերն անի»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հոգևոր առաջնորդն աղոթում է Փաշինյանի ծրագրերի համար. Մայր Աթոռից արձագանքել ենՓոքրիկ այս դրվագը, սակայն, դուր չէր եկել Էջմիածնին, այստեղից սրբազանի մտքերն անվանել էին սուբյեկտիվ, նրան հորդորել շրջահայաց լինել:
Արդյո՞ք Վազգեն Միրզախանյանի տեսակետը տարբերվում է նաև Կաթողիկոսի գահակալության հեռանկարի առումով: «Ազատության» տեղեկություններով՝ հոգևոր վերնախավում կան քննարկումներ, որ Վեհափառն, այնուամենայնիվ, պիտի հեռանա գահից. այդպիսի ձայներ կա՞ն, «Ազատություն»-ը հարցրեց Վազգեն սրբազանին:
«Ոչ մի քննարկում չկա Վեհափառ Հայրապետի հեռացման հետ կապված, բայց մեր Վեհափառն է, և մենք շատ հաճախակի իրեն հետ քննարկումներ ենք ունենում բազմաթիվ հարցերի շուրջ, և այս մտահոգություններն էլ ունենք և արտահայտում ենք», - պատասխանեց արքեպիսկոպոսը:
Միայն այն, որ Հովհաննավանքի Տեր Արամ քահանայի կարգալուծության որոշմանը մեկ եպիսկոպոս՝ Գևորգ սրբազանը դեմ է եղել, արդեն իսկ Մայր Աթոռի ներսում հակասությունների մասին է վկայում: Իսկ ինչպե՞ս է պատկերացնում Վազգեն սրբազանը այս իրավիճակի հանգուցալուծումը.
օր-օրի է սրվում հակամարտությունը հոգևոր ու աշխարհիկ իշխանությունների միջև:
«Իմ կարծիքը հետևյալն է, որ ճիշտ պիտի լինի,որ երկու կողմի մեր ղեկավարները՝ որպես մեր ազգի և պետության ներկայացուցիչներ, նստեն երկխոսության և բոլոր հարցերին լուծում տան», - ասաց Վազգեն արքեպիսկոպոսը, «Ազատության» հարցին՝ «դա հնարավո՞ր է, ըստ Ձեզ, ձեր տպավորությամբ՝ կողմերը պատրա՞ստ են նման երկխոսության», արձագանքելով. - «Ես չեմ կարող ասել, չեմ կարող ասել, բայց դա պիտի՛ լինի, ես կարծում եմ, որ դա ճիշտ է, որ լինի»:
Հարցին էլ՝ խոսե՞լ է այդ մասին Հեհափառի հետ, Վազգեն արքեպիսկոպոսը հրաժարվեց պատասխանել:
Երեկվանից Մայր Աթոռում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով է սկսվել: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ օրակարգում նաև հակաեկեղեցական արշավն է՝ որպես մարտահրավեր: «Հանգուցալուծումն ինչպե՞ս եք պատկերացնում», - «Ազատություն»-ը հարցրեց Վայոց ձորի թեմի առաջնորդին: Աբրահամ արքեպիսկոպոսը վերջին հինգ ամիսներին սակավախոս է:
«Ժողովը կորոշի, ես չեմ որոշողը ... անշուշտ, հավանաբար, որևէ ժողով», - ասաց Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը՝ դժվարանալով պատասխանել հարցին, թե արդյոք այս ժողովում որոշումներ կլինեն:
Արդյո՞ք բոլոր միաբաններն են այն կարծիքին, որ Վեհափառը պիտի չթողնի գահը. - «Ես չգիտեմ՝ էդ քննարկումը կա թե չկա, ես, Վայոց ձորում չեն ասում տենց բաներ, կա թե չկա՝ չգիտեմ», - նշեց Աբրահամ արքեպիսկոպոսը:
Ժողովի ընդմիջմանը Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին փորձեցինք մոտենալ, նա հաստատուն քայլերով դուրս էր գալիս Վեհարանի տարածքից, տեսախցիկը նկատելուն պես հետ պտտվեց: Ավելի ուշ՝ հրաժարվեց հարցազրույցից:
Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը նույնպես Գերագույն հոգևոր խորհրդի անդամ է, նա Հովհաննավանքում տեղի ունեցողի վերաբերյալ Մայր Աթոռի պաշտոնականից տարբերվող տեսակետ չունի:
«Ոչ կանոնական է այդ, բնականաբար, ոչ կանոնական է», - ասաց Խաժակ սրբազանը՝ մնացած հարցերին ի պատասխան առաջարկելով սպասել պաշտոնական հաղորդագրությանը ժողովի ավարտին, այսինքն՝ երեք օրից. - «Որևէ մեկ եզրակացության չենք եկած»: