Նարեկ Օհանյանը մանրամասն ցուցմունք է տվել, հերքել իր մասնակցությունը Մերձավանի սպանությանը, պնդում է փաստաբանը

Իրավապահները Մերձավանում, 24-ը սեպտեմբերի, 2025թ.

Մերձավանի արյունոտ սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանը մանրամասն ցուցմունք է տվել, հերքել իր մասնակցությունը, հայտարարում է Օհանյանի փաստաբանը:

«Քննչական կոմիտեի նախագահի հարցազրույցից պարզ դարձավ, որ Նարեկ Օհանյանը ցուցմունքներ չի տվել, մինչդեռ, կրկնում եմ, որ Նարեկ Օհանյանը տվել է մանրամասն ցուցմունքներ, նկարագրել իր ամբողջ շարժը դեպքին նախորդող պահին, դեպքի պահին և դեպքից հետո, և վարույթն իրականացնող մարմինը այդ ցուցմունքները ստուգելու ուղղությամբ որևէ քննչական գործողություն չի ձեռնարկել: Քայլ առ քայլ պետք է ստուգեր ցուցմունքների հավաստիությունը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Վահան Հովհաննիսյանը:

Քննչական կոմիտեի նախագահն էր Հանրայինի հետ զրույցում հայտարարել, որ այս մեղադրյալը ցուցմունք չի տալիս, միայն թե այդ հայտարարությունից անմիջապես հետո Արթուր Պողոսյանը նրա ցուցմունքից մեջբերումներ էր անում. - «Ինքը նշում է, որ ըստ էության ինքը որևիցե առնչություն չի ունեցել, հրաժարվում է ցուցմունք տալուց, սակայն մի հանգամանք է նշում. էն հարցին, թե օրինակ ինչպես հայտնաբերվեց էդ հանցագործության կատարող անձի հագուստները իրեն պատկանող շինությունում, ըստ էության, ողջամիտ, էս պահի դրությամբ, առնվազն, պատասխաններ չի տալիս, նախաքննական մարմինը էս առումով իր ցուցմունքը գնահատում է անարժանահավատ»:

Մերձավանի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ու նրա ընկերոջ՝ Կարեն Աբրահամյանի սպանության գործով մեղադրյալ է նաև մերձավանցի Գևորգ Հարությունյանը: Ըստ Քննչական կոմիտեի նախագահի՝ Հարությունյանն ինքնախոստովանական ցուցմունք է տվել, որ սպանողն ինքն է՝ դրանով վրեժխնդիր է եղել այս տարվա փետրվարին սպանված Նարեկի եղբոր՝ Գրիգոր Օհանյանի համար: Իր կարծիքով՝ Մերձավանի սպանված համայնքապետի մտերիմներն են նրան սպանողները:

Պողոսյանի խոսքով՝ Նարեկ Օհանյանը կալանքի տակ է սպանությանը օժանդակելու հիմքով, բայց վերջինիս փաստաբանը պնդում է՝ մեղադրանքը դա չէ. - «Մեղադրանքը, որքան էլ որ տարօրինակ է, Քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ մենք օժանդակող ենք, բայց այս պահին Նարեկ Օհանյանը կալանքի տակ է գտնվում որպես սպանություն կատարող անձ»:

Փաստաբանը պնդում է՝ Նարեկը սպանության հետ կապ չունի, դեպքի պահին տանն է եղել, և այդ փաստը ֆիքսված է տեսախցիկներով: Ինչո՞ւ այդ սարքերը չեն առգրավվել, հարցնում է. - «Կան բազմաթիվ տեսախցիկներ, որոնք արձանագրել են իր շարժը»:

Քննչական կոմիտեի նախագահը չի անդրադառնում հարցին, թե ինչո՞ւ չի ստուգվում տեսախցիկների բովանդակությունը, Արթուր Պողոսյանի խոսքից հասկանում ենք, սակայն, որ գիտեն, թե ինչ կա այդտեղ. - «Այլուրեքությունը ապահովելու համար ինքը մշտապես գտնվել է տանը, ընդ որում՝ նաև տեսախցիկների առջև կանգնած, որպեսզի հանցանքի կատարման ժամին հերքվի իր մասնակցությունը, քանի որ, ամենայն հավանականությամբ, գիտակցում էր, որ առաջին կասկածը, կասկածյալների շրջանում ինքն է հայտնվելու»:

Քննչական կոմիտեի նախագահը հանցագործությանն օժանդակելու փաստական հիմք համարում է այն, որ հենց Նարեկի տան մոտ է հայտնաբերվել ենթադրյալ մարդասպանի հագուստը: Ըստ փաստաբան Վահան Հովհաննիսյանի՝ այդ տարածք փակ չէր:

«Այդ հագուստը, որը որ հայտնաբերվել է, իր հագուստը չի: [Գտնվել է իր] տան մոտ, որը պարսպապատված չէ և հասանելի է ցանկացած անձի համար», - ընդգծեց փաստաբանը:

Հովհաննիսյանը վստահ է՝ Նարեկ Օհանյանն ի սկզբանե նշանակվել է մեղավոր, և այժմ իրավապահները փորձում են ապացույցները հարմարեցնել մեղադրանքին: Իսկ Քննչականը մի հանգամանք էլ է ընդգծում՝ կրակոցներից մեկ ժամ առաջ Նարեկ Օհանյանն իր տան տարածքում կրակ է վառել՝ նույն տարայի մեջ, որում հետո կիսաայրված հագուստն են հայտնաբերել:

Մերձավանի վերջին սպանությունը իրավապահները նախորդի շարունակությունն են համարում: Ընդդիմադիր Վալոդյա Գրիգորյանի ու նախկին ՔՊ-ական համայնքապետ Ախտոյանի միջև հակասությունների մասին Մերձավանում շատերն են խոսում: Օհանյաններն Ախտոյանի զարմիկներն են:

Իրավապահների պնդմամբ՝ փետրվարից համայնքը ոստիկանական հսկողության տակ է եղել, գիտեին, որ կողմերը լարված են, բայց սպանությունը 100 տոկոսով բացառել անհնար է, բացատրում էր Քննչական կոմիտեի նախագահը: Ի դեպ, հենց ինքն է նույն հարցազրույցում պատմում, որ ենթադրյալ մարդասպանը սպանությունից առաջ պարապել է, կրակել սովորել դաշտային պայմաններում, ապա տևական ժամանակ հետևել Վալոդյա Գրիգորյանի տան շարժին, և այս ամենը, պարզվում է, ոստիկանական օպերատիվ աշխատանքի պայմաններում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սպանված Վալոդյա Գրիգորյանի թիմակիցները համաձայն չեն վենդետայի վարկածի հետՄեղադրյալը ցուցմունքում նշել է, որ պատճառը վրեժխնդրությունն էր. ՔԿ նախագահը՝ Մերձավանի դեպքից Իրավապահները հայտարարում են՝ Մերձավանի արյունալի միջադեպը բացահայտված է. գյուղի բնակիչներին դա չի գոհացնումՍպանությունը պատվիրելու, թե՞ կատարելու մեղադրանք. Մերձավանում սպանության գործով ձերբակալված է Նարեկ ՕհանյանըՎարկածը շարունակում է մնալ այն, որ Մերձավանում սպանությունը փետրվարին տեղի ունեցածի շարունակությունն է. ՆԳՆ խոսնակ