Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել Արագածոտնի թեմի առաջնորդարանում կատարված խուզարկություններից: Կա 3 ձերբակալված, այդ թվում՝ թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը:
ՔԿ-ն նշում է, որ հավաքներին մասնակցելուն հարկադրելու, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և խոշոր չափերով վստահված գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում երկու տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քրեական վարույթի համար նշանակություն ունեցող մի շարք իրեր: Դրանց թվում կոմիտեն նշել է փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա, արծաթյա մեծաքանակ զարդեր, մի շարք առևտրային կազմակերպությունների անվամբ տրված բազմաթիվ վառելիքի կտրոններ, այլ իրեր ու առարկաներ:
Մկրտիչ եպիսկոպոսի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում ՔՕ149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը պաշտոնեական դիրքն օգտագործելով), 236-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը):
Քրեական հետապնդում է հարուցվել նաև երկու այլ անձանց նկատմամբ, նրանցից՝ Ա.Ա.-ի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 3-րդ մասով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը) և Ն.Ա.-ի նկատմամբ՝ 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը):
Մայր աթոռն այսօր առավոտյան հայտնել էր, որ իրավապահները Արագածոտնի թեմի Հովհաննավանքի սպասավոր Տեր Արամ քահանա Ասատրյանի հրապարակած, եկեղեցու բնորոշմամբ, «ստահոդ» տեղեկությունների և Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հաղորդման հիման վրա խուզարկություններ են իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդարանում, թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Արագածոտնի թեմի քահանաների ու աշխատակիցների բնակարաններում։
Էջմիածինն այս գործողությունները որակել էր ապօրինի քրեական հետապնդում, որոնք իշխանությունների «հրահրած հակաեկեղեցական համակարգված արշավի» հերթական դրսևորումն են: