Մերձավանում տեղի ունեցած սպանության փաստով քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ, «Ազատությանը» փոխանցեցին Քննչական կոմիտեից:
Ըստ Քննչականի՝ կատարվել է մեղադրյալի կողմից մատնանշված տեղանքի զննություն, որտեղ նա համաձայն իր ցուցմունքի սովորել է կրակել:
Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրում սեպտեմբերի 23-ին սպանվեցին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը: Գործով կալանավորված են Մերձավանի բնակիչներ Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը: Նարեկ Օհանյանը փետրվարի 5-ին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է, մյուս կալանավորվածը՝ Օհանյան եղբայրների ընկերը:
Նախորդ շաբաթվա սկզբին իրավապահները հայտարարեցին արյունալի միջադեպը բացահայտելու մասին: Նարեկ Օհանյանին մեղադրանք է առաջադրվել սպանությանն օժանդակելու, իսկ Գևորգ Հարությունյանին՝ սպանության, սպանության փորձի և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով: