Մատչելիության հղումներ

Մերձավանում լարվածությունը չի մարում. Օնիկ Ախվերդյանը՝ Փարաքարի նոր համայնքապետ


Մերձավանում լարվածությունը չի մարում և այն այժմ էլ հանգուցյալներին է հասել: Նախորդ գիշեր կոտրել են այս համայնքում փետրվարին սպանված Գրիգոր Օհանյանի շիրմաքարը. նա Վալոդյա Գրիգորյանի ու նրա ընկերոջ սպանության գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբայրն է: Քննչական կոմիտեից տեղեկացնում են՝ գերեզմանն անարգելու հոդվածով քրեական գործ են հարուցել:

Մերձավանի նույն գերեզմանոցում է սպանված համայնքապետի՝ Վալոդյա Գրիգորյանի շիրիմը, այն միշտ մարդաշատ է:

Համայնքում ոստիկաններն ամենուր են, հսկում են Վալոդյա Գրիգորյանի ու նրա սպանության գործով մեղադրյալների տները, ոստիկանների տեսնում ենք գերեզմանոցի մոտ, գյուղ մտնելիս, մի խոսքով՝ ամենուր:

Բայց համայնքում արյունոտ սպանությունից շաբաթներ անց էլ խաղաղություն չի հաստատվում: Երեկ հինգ մերձավանցի է ձերբակալվել: Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են՝ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև: Ոստիկանները կանխել են հետագա զարգացումները:

Գյուղում պատմում են՝ ընդդիմադիր Վալոդյա Գրիգորյանի ու ՔՊ-ական Ախտոյանի կողմնակիցների միջև է բախում եղել: Փետրվարին նույն համայնքում սպանությունը Ախտոյանի տան մոտ էր եղել, սպանված Գրիգոր Օհանյանն էլ նրա զարմիկն է, և այս մի գործով մեղադրյալների ցանկում Վալոդյա Գրիգորյանի եղբայրն է:

«Ախր երկու կողմ հասկացությունը մի քիչ չափազանցրած է, առավել ևս՝ Մերձավան համայնքում Վալոդյա Գրիգորյանի, նրա ընտանիքի, նրա թիմի հեղինակությունը այնքան բարձր է, որ, ինչ-որ, թիմեր ասելու կարիք չկա, այնտեղ էլ և՛ 25 թվականին, և՛ 21 թվականին 80 տոկոսից ավել ձայն ենք հավաքել, հետևաբար էդ ինչ-որ ներթիմային լարվածության մասին խոսք չկա: Կարող է հիմա գյուղում ինչ-որ անհատներ կան, որ այլ վարքագիծ են դրսևորում», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը:Նրա տպավորությամբ՝ էական բախում չէ եղածը, գուցե որոշ անհատներ էմոցիոնալ վարքագիծ են դրսևորել:

Փարաքարի մշակույթի տան դահլիճում հինգ ամիս առաջ էր Վալոդյա Գրիգորյանը երդմամբ ստանձնել խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը: Այսօր՝ նրա սպանությունից շուրջ երկու շաբաթ անց, ավագանին նոր համայնքապետի ընտրություն կազմակերպեց նույն դահլիճում: Դատարկ էին «Քաղաքացիական պայմանագիր» ու Դավիթ Մինասյանի «Ազգային առաջընթաց» խմբակցությունների աթոռները: Նիստին մասնակցում է միայն «Միասնություն» դաշինքը, որի կազմում «Ապրելու երկիր»-ն է:

Երեք խմբակցություններից միայն «Միասնություն» խմբակցությունն էր թեկնածու առաջադրել՝ Օնիկ Ախվերդյանը, ով մարտի ընտրություններում ցուցակում երկրորդն էր՝ Վալոդյա Գրիգորյանից հետո: 52-ամյա բիզնեսմենը խոստացավ սպանված համայնքապետի ծրագրերը թղթին չթողնել, նրա մտերիմ ընկերն է, հուզված էր. - «Խոստանում եմ, որ ջանք ու եռանդ չեմ խնայի ... իրենց վստահությունը արդարացնելու համար: Այսքանը: Բացի մեր թիմ լինելուց՝ ես անձամբ Վալոդյա Գրիգորյանի մտերիմ ընկերն եմ»:

Փարաքարի ավագանիում ընդդիմադիր «Միասնություն»-ը մեծամասնություն է՝ 12 մանդատ ունի, և Օնիկ Ախվերդյանն ընտրվեց համայնքապետի պաշտոնում:

Ընտրության ամբողջ գործընթացը շուրջ 15 րոպե տևեց, նոր համայնքապետին շնորհավորեցին ոչ թե ծափերով, այլ՝ արցունքներով: Նա պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին՝ երդման հավանաբար ոչ հանդիսավոր արարողությամբ: Օնիկ Ախվերդյանը վստահ է՝ կհաջողի թուլացնել լարվածությունը Փարաքար խոշորացված համայնքում. - «Եթե ես կասկածեի, չէի էս գործը վերցնի իմ ձեռքը»:

Վերջին չորս տարում Փարաքարի կառավարումը երդմամբ ստանձնել էին Դավիթ Մինասյանը, Լյուդվիգ Գյուլնազարյանը, ապա՝ Վալոդյա Գրիգորյանը: Գրիգորյանը սպանվեց, առաջին երկուսը հեռացան քրեական սկանդալներով: Չարագուշա՞կ աթոռ է. Օնիկ Ախվերդյանն ասաց՝ որևէ տագնապ չունի:

«Ես իմ մտերիմ ընկերոջն եմ կորցել, ես ոչ մի բանի մասին չունեմ մտածելու, ոչ մի տագնապ էլ չունեմ, ոչ մի բան էլ չունեմ», - նշեց նորընտիր համայնքապետը:

Ի տարբերություն իրավապահների, որ հայտարարում են, թե Գրիգորյանի սպանությունը բացահայտված է, սպանվածի ընտանիքում, կուսակցական թիմում պնդում են՝ կրակոցներ արձակած 20-ամյա երիտասարդի ինքնախոստովանական ցուցմունքը բավարար չէ գործը բացահայտված համարելու համար:

«Մենք մինչև վերջ գնալու ենք, յուրաքանչյուր ոք պատասխան է տալու այս ոճրագործության համար: Իրենց տեղյակ լինելով, իրենց լռելով, իրենց ոչինչ չանելով, իրենց աջակցելով, իրենց երաշխիքներ տրամադրելով՝ յուրաքանչյուր ոք պատասխան է տալու այս ոճրագործության համար: Այսօր, թե վաղը՝ ժամանակը կապ չունի», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG